Լրահոս
Օրվա լրահոսը

Կոլումբիայում 16 հանքափոր է զոհվել

Հունիս 19,2010 00:00

\"\"Կոլումբիայի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի արդյունքում 16 հանքափոր է զոհվել, եւ մոտ 70-ը գտնվում է փլատակների տակ՝ օգնության ակնկալիքով: BBC-ի մատուցմամբ, մասնագետները կարծիք են հայտնել, թե փլատակների տակից որեւէ մեկին կենդանի դուրս բերելու հնարավորությունները մեծ չեն կամ գործնականում չկան, քանի որ փլուզումների պատճառով փրկարարական աշխատանքները մեծապես դժվարացել են:
Պայթյունը տեղի է ունեցել հանքափորների հերթափոխի պահին, ուստիեւ հանքում ավելի մեծ թվով մարդիկ են եղել, քան կարող էր լինել սովորաբար, դրա պատճառով էլ փլատակների տակ մնացածների ճշգրիտ թիվը դժվար է ասել: Թե ի՞նչն է եղել տեղի ունեցած պայթյունի պատճառը՝ դեռ հայտնի չէ: Փորձագետների կարծիքով, ողբերգության պատճառ կարող էր լինել մեթանի բարձր աստիճանի հասնող կուտակումը:
Կոլումբիայի նախագահ Ալվարո Ուրիբեն, որը այցելել է հանքավայր, տեղի ունեցածը որակել է որպես «մեծ ողբերգություն» եւ ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին:
Հիշեցնենք, որ Կոլումբիան աշխարհում ածխի ամենամեծ արտահանողներից է: Լատինական Ամերիկայում այդ երկիրը ածխի հանքավայրերով՝ Բրազիլիայից հետո թվով երկրորդն է: Միայն վերջին տարիներին կոլումբիական հանքավայրերում զոհվել են տասնյակ մարդիկ: Վերջին անգամ մեթանի պայթյուն այդ երկրի հանքավայրերում տեղի էր ունեցել 2009թ.-ին, որի արդյունքում ութ հանքափոր էր զոհվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել