Կառավարությունը 21 տարի շարունակ տնակների մեջ փտող գյումրեցի անօթեւանների բնակարանային հարցերը լուծում է քաղաքի ծայրամասային թաղամասերից մեկում՝ Մուշ 2-ում, բազմաբնակարան շենքեր կառուցելով: Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի գլխավորած բնակբաշխման հանձնաժողովն էլ, շինարարությանը զուգահեռ, բնակարանները հերթով բաշխում է. երեկ Դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ բնակարանների այս տարվա վերջին վիճակահանությունը, որին մասնակցեցին եւս 288 անօթեւաններ: Վիճակահանությունը սկսելուն պես՝ անօթեւան մի կին այնպես կռիվ տվեց քաղաքաշինության նախարարի հետ, որ վերջինս ստիպված եղավ հայտարարել. «Ինձ անիծեք, թե գովեք՝ բացառություններ չեն լինելու, Ձեր բախտը Դուք եք ընտրելու»: Նա նաեւ տեղեկացրեց, որ այն շահառուները, որոնք կհրաժարվեն այս պահին բնակարան ստանալուց՝ գերադասելով օթեւան ձեռք բերել ոչ թե Մուշ, այլ Անի թաղամասից, ապա նրանց փոխարեն վիճակահանություն կանի հանձնաժողովը: Լրագրողների հետ զրույցում նախարարը հայտնեց, որ հենց նոր է վերադարձել շինհրապարակից, 32 բազմաբնակարան շենքերի հիմքերը պատրաստ են, աշխատանքները իրենց հունով գնում են, եւ մյուս տարի եւս շահագործման կհանձնվի 37 շենք: Իսկ թե երբ անօթեւանները կկարողանան իրենց բնակարանները քաշվել, Վարդան Վարդանյանի վստահեցնելով, հունիսի 29-ին 99 տոկոսով նրանց կհանձնվեն բանալիները: «Մեր հանձնաժողովը իր աշխատանքները Գյումրիում շարունակելու է, մինչեւ տարվա վերջ մենք փորձելու ենք Գյումրու քաղաքապետարանից ստացված 4000 շահառուների անձնական գործերը նայել, վերջացնել, որպեսզի հստակ իմանանք, թե 2011 թ.-ին քանի բազմաբնակարան շենք եւ քանի բնակարան պետք է կառուցենք՝ 1, 2, 3 եւ 4 սենյականոց, էնպես որ՝ հանձնաժողովը իր աշխատանքները շարունակելու է, ամենայն հավանականությամբ մի 15-20 օր ընդմիջում կլինի, որն էլ կապված է Սպիտակ քաղաքի 220 բնակարանների հատկացման հետ»,- տեղեկացրեց Վարդան Վարդանյանը:
Իսկ թե Գյումրիում պաշտոնապես գրանցված 4000 անօթեւաններից քանիսը կմնան բնակարանի կարոտ, նախարարը խոստացավ այդ հարցին ստույգ պատասխանել տարվա վերջին: «Ինչ խոսք, կլինեն շահառուներ, որոնք ցուցակից դուրս կմնան, ես սա չեմ բացառում, մենք այսօր ունենք շահառուներ, որոնք, ըստ քաղաքապետարանի ներկայացրած ցուցակի, 2, 3 սենյակի հավակնորդ են, բայց ուսումնասիրության արդյունքում ստանում են 1 կամ 2 սենյակ»,- ասաց նախարարը: Լրագրողներից մեկի այն հարցին էլ, թե հնարավո՞ր է, որ անօթեւանների թիվն այնքան նվազեցնեն, որ բավարարվեն Գյումրիում 3000 բնակարաններ կառուցելով, նախարարը սա եւս բացառեց: «Ամենայն հավանականությամբ՝ 3500-ից ավելի կլինի»,- ասաց Վարդան Վարդանյանը: