Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳԱՐԱԿԸ՝ ԻՐ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ

Հունիս 19,2010 00:00

Մանկապարտեզի հարցը լուծվել է, հիվանդանոցի հարցը՝ կլուծվի, մնացին փողոցները

\"\"

Մայրաքաղաքից 400 կմ հեռավորության վրա գտնվող, հայ-իրանական սահմանին «կպած» Ագարակ քաղաքը Հայաստանի այլ քաղաքների ու բնակավայրերի նման բազմաթիվ հոգսեր ու խնդիրներ ունի, որոնք հնարավոր չէ լուծել տեղական սուղ բյուջեով: Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը ամենագլխավոր ու լուրջ խնդիրն է համարում քաղաքի բարեկարգումը՝ մասնավորապես փողոցների ասֆալտապատումը: Ագարակ այցելող ցանկացած մարդ կնկատի քաղաքի անբարեկարգ ու անմխիթար վիճակում գտնվող ճանապարհները, որոնք 30 տարուց ավելի չեն նորոգվել: Նույնիսկ փոսային նորոգումներ՝ «կարկատաններ» անելու համար տեղական բյուջեն հնարավորություն չունի: «Ցավոք, մեր համայնքի խիստ սուղ բյուջեով չենք կարող այդ հարցը լուծել, եթե անգամ բյուջեի միջոցները 100%-ով տրամադրվեն քաղաքի բարեկարգմանը, ապա չի լուծվի խնդրի նույնիսկ 20%-ը: Այս առումով մեր հույսը դրել ենք կառավարության, բարեգործության, միջազգային դոնոր կազմակերպությունների վրա: Աշխատանքներ ենք տանում, որպեսզի գոնե 2011 թվականին կառավարությունը մեր համայնքին սուբվենցիա տրամադրի, եւ այս հարցը քիչ թե շատ կարողանանք լուծել: Նախորդ տարիներից աշխատավարձերի պարտքեր կան կուտակված, այդ պարտքերն ենք մարել, այժմ պարտքեր չունենք: Ավելին՝ աշխատավարձը բարձրացրել ենք 5%-ով»,- ասում է քաղաքապետ Մխիթար Զաքարյանը:
Ագարակի այս տարվա բյուջեն 132 միլիոն դրամ է: Թեեւ նախորդ տարիների համեմատ բյուջեն աճել է, այնուհանդերձ այդ գումարներով քաղաքի հիմնախնդիրները լուծելը հնարավոր չէ: Տեղական բյուջեից հիմնականում աշխատավարձ են վճարում, 25%-ն էլ ուղղվում է քաղաքի մանկապարտեզի պահպանման ծախսերին ու աշխատավարձերի վճարմանը: Ըստ Ագարակի քաղաքապետի՝ իրենց մանկապարտեզը Սյունիքի մարզի լավագույն մանկապարտեզն է՝ եւ սննդի, եւ կահավորման, եւ պայմանների առումով: Ներկայումս մանկապարտեզը 200 սան ունի, սակայն այնտեղ հաճախել ցանկացողների թվի ավելացման միտում կա, եւ համայնքապետարանը որոշել է տարիքային սահմանափակում մտցնել, ինչը նախկինում չկար: Մտադիր են մանկապարտեզ ընդունել 3 տարեկանից բարձր երեխաների: Վերջին տարիներին Ագարակում արձանագրվել է ծնունդների աճ, բնակչության թիվն աճել է 3%-ով՝ հասնելով 5600-ի: Ագարակի բնակիչների հիմնական մասը աշախատում է քաղաքի պղնձամոլիբդենային կոմբինատում եւ, ըստ քաղաքապետի, Ագարակի կոմբինատի գործունեությունը մեծ օգնություն է քաղաքի համար:
«Առավոտը» 2009-ի նոյեմբերի 14-ին՝ «Մեղրեցիները դժգոհ են օպտիմալացումից» հրապարակմամբ անդրադարձել է հանրապետության մարզերի առողջապահական համակարգերի օպտիմալացման ծրագրի շրջանակներում «Մեղրիի բժշկական կենտրոն» եւ «Ագարակի հիվանդանոց» ՓԲ ընկերությունների միավորմանը, ըստ որի, ստեղծվելու է մեկ՝ «Մեղրիի տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ: Վիրաբուժական, մանկաբարձագինեկոլոգիական եւ ինֆեկցիոն ծառայությունները պիտի մատուցվեին Ագարակի հիվանդանոցում, իսկ թերապեւտիկ, մանկական ծառայությունները՝ Մեղրիի տարածաշրջանային բժշկական կենտրոնում՝ Մեղրիի պոլիկլինիկայի մասնաշենքում: Մեղրեցիները սրան դեմ են, որովհետեւ ստացվում է, որ հարկ կլինի ծննդաբերող կնոջը կամ կույրաղիքի սուր ցավերով հիվանդին լեռնային ճանապարհներով տեղափոխել 12 կմ հեռու հիվանդանոց:
Անդրադառնալով այս հարցին՝ Ագարակի քաղաքապետը ասաց.«Կառավարությունը հաստատել է Մեղրու տարածաշրջանին սպասարկող հիվանդանոցի լուծման հարցը, այն կլինի Մեղրիից Ագարակ տանող ճանապարհին, որը աշխարհագրական դիրքով կենտրոն է եւ կսպասարկի 2 քաղաքների բնակչությանը: Իսկ Ագարակի հիվանդանոցի երկու մասնաշենքերը, որ ներկայումս գտնվում են պետական գույքի կառավարման վարչության տնօրինության տակ, կհանձնվեն համայնքին: Հետագայում սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվող ծրագրով, այս մասնաշենքերում երիտասարդ 10 ընտանիքների համար բնակարաններ կկառուցվեն: Այդ ծրագիրը եւս հաստատվել է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել