Թափված անմեղ արյունը չի լերդանում, այն հոսում է առ Աստված
Մենք՝ «Սեւան» ՔԿՀ-ի դատապարտյալներս, խոր վշտով ու ցավով ընդունեցինք ոստիկանության Չարենցավանի բաժանմունքում տեղի ունեցած Վահան Խալաֆյանի մահվան դեպքը: 24-ամյա երիտասարդից չկարողանալով կորզել կեղծ ցուցմունքներ, նրան ծեծի եւ խոշտանգումների միջոցով սպանեցին, այնուհետեւ ստորաբար տարածեցին նախապես մտածված, հնարովի վարկածը, թե իբր Վահանը հացի դանակով ինքնասպանություն է գործել: Հետաքրքիր է, երբ կասկածյալին բերում էին հարցաքննության, ո՞ր իրավունքով է սեղանին դանակ հայտնվում: Այդ դեպքում թող իրենց ծառայողական զենքն էլ դնեն սեղանին, նոր սկսեն հարցաքննությունը: Ա՛յս անգամ ինչ ստահոդ հայտարարություններ է անելու ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: «02» հաղորդաշարով էլ անընդհատ փորձում են ոստիկանին նկարագրել «երկնքից իջած, ոտքերն էլ ամպոտ», իբր նրանք բնակչության հետ վարվում են պարկեշտ, ազնիվ ձեւով: Վահան Խալաֆյանի սպանությունը հենց դրա վառ ապացույցն է:
Երբ օրաթերթերից մեկում տեսանք այն պահեստը, որտեղից կատարվել էր գողությունը, մի պահ ապշեցինք. առանց տանիքի պահեստում ի՞նչ կարող է լինել, որ արժենար 1,5 միլիոն դրամ: Ոչինչ: Պարզապես նրանք, լավ գիտակցելով, որ Վահանենք վատ չեն ապրում, նրանցից կարելի է փող շորթել, այդ իսկ պատճառով գնացին այդ քայլին: Իսկ Չարենցավանի ոստիկանապետ Նորայր Էբոյանն առանց ամոթի ասում էր՝ բա ոստիկանն իրավունք չունի՞ հաց ուտելու, իր սեղանին ունենալով հացի դանակ:
Ոչ, պարոն Էբոյան, դա այդպես չէ, եթե իրազեկ չեք, ասեմ՝ միայն դուք մինչեւ վերջ խաղացիք ձեր ստանձնած դերը, հարցաքննողի սեղանին, բացի թուղթ ու գրիչից եւ Քրեական օրենսգրքից, ուրիշ ոչինչ չպետք է լինի: Իսկ եթե այդպես է եղել, որը շատ քիչ հավանական է, ապա ՀՀ քրօրենսգրքում կա մի հոդված, որը որակվում է որպես դրդապատճառ, իսկ իրականում այդ սպանդը կատարող ոստիկանին պետք է որակել 104 հոդվածի 2-րդ մասով: Այս դեպքում կասենք, որ մեր հանրապետության ոստիկանապետը անաչառ ու ճշմարիտ անձնավորություն է:
Թափված արյան համար ո՞վ է պատասխան տալու, որդեկորույս մոր վիշտն ու կսկիծը ո՞վ է դարմանելու:
Սա առաջին դեպքը չէ:
Ծեծի եւ խոշտանգումների միջոցով ցուցմունքներ կորզելու մեխանիզմը ավելի հստակ է աշխատում նաեւ Իջեւանի ոստիկանությունում: Դրա վառ ապացույցը Սեյրան Հակոբյանի նկատմամբ սպանության որակավորումն էր: Օգտվելով նրանից, որ Ս.Հակոբյանը չգիտեր օրենքի լեզուն եւ նախկինում արատավորված չէր, քննիչը կարողացավ հասնել գործի իբր «բացահայտմանը»: Իհարկե, եթե ամեն գիշեր Իջեւանի ոստիկանության 3-րդ հարկում ռեժիմով մարդուն ծեծի ենթարկեն, խոշտանգեն եւ վախեցնեն, որ եթե փորձի հրաժարվել՝ վերջը վատ կլինի, ապա «կբացահայտվի» հանցագործությունը՝ շինված ստի ու կեղծիքի հումքից:
Օրերս ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը Սեյրան Հակոբյանի ուղարկած դիմումի հետքերով քննություն կատարեց 1 օրում եւ պատասխան ուղարկվեց այնտեղից, թե դու քեզ մեղավոր ես ճանաչել: Հենց հարցն էլ այդ է, որ Սեյրանը, չդիմանալով ամենօրյա ծեծին եւ խոշտանգումներին, ինչպես նաեւ հավատալով «պաշտպան Ռադիկին», ստիպված ընդունել էր իր կողմից չկատարված հանցանքը, հակառակ դեպքում Սեյրան Հակոբյանը նույնպես կարժանանար Վահան Խալաֆյանի բախտին:
Մի փոքր շեղվելով թեմայից՝ մի հարց եմ ուզում ուղղել պարոն Ալիկ Սարգսյանին: Վերջերս նա հանդիպում էր ունեցել լրագրողների հետ, որոնցից մեկը մի այսպիսի հարց տվեց, թե քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալներին հասանելիք վաղակետ պայմանական ազատություններն ինչո՞ւ չի կայանում լիարժեքորեն: Ոստիկանապետը պատասխանեց, թե լավ էլ ազատում են: Եթե պարոն ոստիկանապետը չգիտի կամ իրազեկված չէ, ասեմ, որ տեղի ադմինիստրացիան ներկայացնում է, ամիս է լինում՝ մինչեւ 50 դատապարտյալի եւ ավելի, որոնք չունեն ոչ տույժ, ոչ նկատողություն, սակայն դատարան հասնում է լավագույնը 3-4 դատապարտյալի գործ, եթե ոչ՝ ընդամենը 1-ը: Եվ սա, պարոն Սարգսյան, դուք համարում եք վաղակետ-պայմանական ազատո՞ւմ:
Անհրաժեշտ են վճռական քայլեր, որպեսզի Վահան Խալաֆյանի սպանությունը բացահայտվի, հակառակ դեպքում դա կդառնա սովորույթ, եւ վերջ չի տրվի խոշտանգումներին, որը տեղի է ունենում ՀՀ գրեթե բոլոր ոստիկանական բաժանմունքներում: