Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ՄԱԿԱՐՈՆԸ ՍՏԵՂԾՈՒՄ- ԱՊՐՈՒՄ ԵՆՔ

Հունիս 19,2010 00:00

\"\"Տնակային ավանի բնակիչները ուշադրության կարիք ունեն

Այսուհետեւ Ազգային նոր պահպանողական շարժումն իր առջեւ խնդիր է դրել պայքարելու տնակային ավանում ապրող մարդկանց արժանապատիվ պայմաններում ապրելու իրավունքի համար:
70-ամյա Արաքս Ավետիսյանն արդեն 13 տարի ապրում է Վանաձորի 5-րդ տնակային ավանում: Տնակում իր կամքով չի հայտնվել: 1994թ.-ին 15-ամյա որդուն՝ Զավենին, ադրբեջանցիները գողացել էին, եւ որպեսզի կարողանար վճարել որդու վերադարձման համար պահանջվող գումարը, վաճառել էր տունը, բայց՝ ապարդյուն: Մինչ օրս որդին թշնամու երկրում է:
Ոչ միայն չկարողացավ որդուն վերադարձնել, այլեւ մնաց առանց տան:
Թոշակով ու նպաստով ապրող 8 հոգանոց ընտանիքի ապաստանը փոքրիկ տնակն է, ուր հազիվ են կարողանում տեղավորվել:
«Շատ վատ պայմաններում ենք ապրում, ում դիմում ենք, որ մեզ տուն տան, ասում են՝ ձեզ տուն չի հասնում, դուք ձեր տունը ծախել եք, մենք ոչ մի բանով չենք կարող ձեզ օգնել»,- պատմում է այդ անորոշ վիճակից հոգնած Արաքս տատը:
Տնակում Արաքս տատի հետ ապրում են աղջիկն ու փեսան՝ հինգ երեխաներով: Ամուսինները 6-րդ երեխային են սպասում:
«Ես չեմ ցանկացել տունս վաճառել, ստիպված եմ եղել,- շարունակում է Արաքս տատը,- ուր դիմում ենք, ասում են՝ ձեզ ով ա ասում այդքան երեխա ունենալ»:
Արաքս տատը ցանկանում է, որ գոնե իր աղջկա բազմանդամ ընտանիքը բնակարանով ապահովվի. «Գոնե աղջկաս ընտանիքին տուն տան, ես ստեղ էլ կապրեմ»:
«Մեր խնդիրն է այս մարդկանց կողքին լինել եւ պայքարել նրանց իրավունքների համար: Պետությունը պարտավոր է իր քաղաքացիների խնդիրները լուծել, անկախ նրանից՝ այս մարդիկ երկրաշարժի արդյունքո՞ւմ են այստեղ հայտնվել, թե՞ այլ պատճառով»,- ասաց ԱՆՊՇ փոխնախագահ Մանվել Կոստանդյանը:
Կազմակերպության՝ այս հարցին արդեն 2 ամիս ուշադրություն դարձնելու արդյունքում իշխանությունները 230 դիմում- նամակ են ստացել բնակիչներից:
Այս կերպ տնակային ավանի բնակիչները կազմակերպության օգնությամբ փորձում են բարձրաձայնել իրենց խնդիրների մասին:
«Այս մարդիկ անմարդկային պայմաններում են ապրում, մենք պետք է պահանջենք իշխանություններից, որ տեր կանգնեն այս ժողովրդին: Պայքարելու ենք այնքան ժամանակ, մինչեւ այս մարդկանց խնդիրները լուծվեն»,- հավելեց ԱՆՊՇ փոխնախագահը:
Իր 73 տարիներից 20-ը Վալյա տատը ապրել է տնակում: «Ոչ ոք չի գալիս, չի հետաքրքրվում՝ ոնց ենք ապրում էս պայմաններում,- բողոքում է նա ու շարունակում,- անձրեւներից տնակի տանիքը կաթում էր։ Այդ հարցը հարեւանի հետ լուծեցինք, բայց էլի խոնավ է, ոտքերս ցավում են»:
Վալյա տատը մենակ է ապրում տնակում: 4 տարի առաջ որդին ՌԴ է մեկնել ու մինչ օրս նրանից լուր չկա: «Հարեւաններս են օգնում, 22.000 դրամ թոշակով եմ ապրում, մի կերպ յոլա եմ գնում»,- ասում է նա:
Տնակային ավանի բնակիչները բողոքում են, որ կոյուղաջրերը հոսում են տնակների կողքով, ոչ ոք չի մտածում այդ հարցը լուծել:
Տնակային ավանի մեկ այլ բնակչուհի՝ 22-ամյա Մելինեն ութ ամսական հղի է, երկրորդ երեխային է սպասում. «Դժվար եմ տանում հղիությունը: Կենցաղային վատ պայմանները, տնակում ապրելու անհարմարավետությունը ազդում են ինքնազգացողությանս վրա: Շատ խոնավ է, անձրեւների ժամանակ ջուրը տուն է լցվում»: Չորս հոգանոց ընտանիքում ոչ ոք չի աշխատում. «19 000 դրամ նպաստ ենք ստանում, դրանով ենք ապրում: Շատ ծանր պայմաններում ենք ապրում այստեղ, մեզ համար էս պահին տուն ունենալն է կարեւոր, որ մի քիչ գոնե հանգիստ ապրենք»:
23-ամյա Սյուզին էլ բազմանդամ ընտանիքի հետ առաջ հանրակացարանում էր ապրում, հետո ամուսնու եւ երեխայի հետ տեղափոխվել է տնակ. «Տոկոսով փող վերցրինք, էս տնակն առանք, բոլոր վճարումներն արեցինք, հիմի էլ չեն ուզում տնակը օրինականորեն հաշվառել, անընդհատ հետաձգում են»:
Սյուզին սրտի հիվանդություն ունի, ստացած 30 000 դրամ նպաստը չի բավականացնում առօրյա խնդիրները լուծելու եւ բուժումներն իրականացնելու համար: «Մեր մակարոնը ստեղծում-ապրում ենք»,- ասում են տնակային ավանի բնակիչները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել