Երեկ ՄԱԿ-ում կայացած անապատացման դեմ պայքարի օրվան նվիրված «կլոր սեղանի» ժամանակ «Էկո լուր» տեղեկատվական հ/կ-ի ղեկավար Ինգա Զարաֆյանը բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին հարցրեց, թե դեռ ինչքա՞ն պետք է մարզերում շարունակվեն բնապահպանական աղետները: Ըստ նրա, Սեւանա լճի հարեւանությամբ գտնվող 5 համայնքների խմելու ջուրը դադարեցվել է, ինչ է թե՝ այս տարածքում պետք է շինարարություն իրականացվի: Սրան ի պատասխան, նախարարը պատասխանեց, որ իրենք իրականում տեղյակ են այդ խնդրին, եւ իրենց մասնագետներն արդեն այցելել են տվյալ տարածք. «Աշխատանքները դադարեցվել են, սակայն ոչ թե այն պատճառով, որ նրանք շինթույլտվություն չունեին, այլ՝ որ շինաշխատանքներն իրականացնում էին նախագծային շեղումներով»: Նա ասաց, որ նախատեսվում է բնապահպանական օրենքների վերամշակում, որը թույլ չի տա այսպիսի շեղումներ. «Սեւանի մասին» օրենքով արգելվում է լճի մոտ կառուցել վերամշակման որեւէ գործարան, ուստի մենք ինչքան էլ շահավետ առաջարկներ ենք ստանում, չենք կարող թույլ տալ նման բան: Ցանկանում ենք, որ մնացած դեպքերում էլ լինեն այնպիսի օրենքներ, ըստ որոնց էլ ճիշտ բնապահպանական որոշումներ կայացնենք»:
Նշենք, որ նախօրեին Անապատացման դեմ պայքարի համաշխարհային օրն էր, ինչի հետ կապված էլ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը երեկ կազմակերպել էր «կլոր սեղան» քննարկում: Մասնակիցները քննարկում էին, թե ինչպես պայքարեն այդ աղետի դեմ: Ըստ բնապահպանների, Հայաստանի տարածքների 82%-ը ենթակա է անապատացման տարբեր աստիճանների: Այս պրոցեսը կանխարգելելու համար դեռեւս 1997-ից մեր երկիրը միացել է ՄԱԿ-ի անապատացման դեմ պայքարի կոնվենցիային: Մշակել ենք անգամ անապատացման դեմ պայքարի ազգային ծրագիր, որի շրջանակներում պետք է ավելանան նպատակային անտառտնկումները եւ ոռոգելի տարածքներն ավելանան, ջրագծեր կառուցվեն՝ աղակալած հողերի հետագա աղակալումը թույլ չտալու համար, հողերը պետք է գոտիավորվեն եւ այլն: