Նախօրեին տեղացած հորդ անձրեւի եւ ուժգին քամու հետեւանքով Երեւանի տարբեր թաղամասեր զրկվել են էլեկտրական լույսից: Հոսանքազրկված են եղել Հին Նորքի, Մարաշի, Չարբախի, Սարի Թաղի, Նոր Նորքի բնակիչների բնակարանները, իսկ Քանաքեռում անջատվել են փողոցի լույսերը, իսկ բնակիչներինը՝ ոչ: Համեմատաբար ավելի շատ վնասվել են Մարաշի եւ Սարի թաղի էլեկտրաէներգիան մատակարարող մալուխները: Այս թաղամասերի բնակիչները երեկ անգամ ժամը 19-ի սահմաններում դեռ զրկված էին հոսանքից:
Նման զանգվածային վթարները վկայում են այն մասին, որ էլեկտրաէներգիայի մատակարար «Հայէլցանցեր» ընկերությունն իր վրա դրված ներդրումային պարտավորություններն այնքան էլ լավ չի կատարում:
Այս առնչությամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հասարակայնության եւ մամուլի հետ կապերի դեպարտամենտի պետ Նատալյա Սարջանյանը «Առավոտին» փոխանցեց, որ բոլոր թաղամասերում տեղի ունեցած վթարների հետեւանքով առաջացած հոսանքազրկումները մի քանի ժամ հետո արդեն վերականգնված են եղել. «Միայն Սարի թաղում դեռ լույս չկա, այնտեղ աշխատում են դեռ: Իսկ Մարաշում հոսանքի անջատումները երկար են տեւել, քանի որ վթարի տեղն է դժվար եղել հայտնաբերելը, այնտեղ էլ կվերականգնվի էլեկտրաէներգիան»: Նա երեկ խոստացավ, որ օրվա ընթացքում այս հարցերին անպայման լուծում տրվելու է: