Լրահոս
Օրվա լրահոսը

Բուժվել կարող է, բայց թոշակ չի ստանա

Հունիս 19,2010 00:00

Հունիսի 16-ին «Առավոտում» տպագրված «Ազատամարտիկը չի կարողանում ապրել» հոդվածի առնչությամբ ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Միշա Վանյանը երեկ պարզաբանեց, որ ազատամարտիկ Աշոտ Դանիելյանը արկի պայթյունից կոնտուզիա ու բեկորային վնասվածքներ չի ստացել, այլ ոտքի գնդակային վիրավորում, ինչի հետեւանքով քայլքի ֆունկցիայի թեթեւ խանգարում ունի. «Աջ ոտնաթաթի ոսկորն է կոտրվել եւ հետո սերտաճել: Այդ վիրավորումը նա ստացել է 1992-ին, սակայն հաշմանդամության որեւէ խմբում ընդգրկվելու համար մեզ է դիմել միայն 2003-ին, այդ ժամանակ չի ճանաչվել հաշմանդամ: 2005 թ.-ին, երբ լյարդի հետ կապված խնդիր էլ է առաջացել՝ խրոնիկ ակտիվ հեպատիտ (նշեմ, որ սա որեւէ կապ չունի ոտքի վիրավորման հետ), ճանաչվել է 2-րդ խմբի հաշմանդամ՝ 1 տարի ժամկետով: Ընդհանրապես մենք որոշակի ժամկետով ենք հաշմանդամային որեւէ խմբում ընդգրկում, երբ կարծում ենք, որ հիվանդի վիճակը հնարավոր է բարելավվի: Նա 3 տարի շարունակ եղել է 2-րդ խմբի հաշմանդամ, միայն 2008-ին հերթական վերափորձաքննության ժամանակ պարզվել է, որ նրա լյարդի ֆունկցիաները բարելավվել են, ուստի մեր մասնագետները նրան սահմանել են հաշմանդամության 3-րդ խումբ՝ կրկին մեկ տարի ժամկետով, ինչը սահմանված կարգով չի բողոքարկվել նրա կողմից: Ոտքի վիրավորման հետեւանքով նրա մոտ վերջույթի ֆունկցիայի խանգարման աստիճանն այնպիսին է, որը չի կարող բերել հաշմանդամության սահմանման: Հաշմանդամությունը սահմանվել է միայն լյարդի հիվանդության պատճառով: Ընդհանրապես հաշմանդամությունը պետք չէ շփոթել զինվորական կոչման հետ»: Մեր այն պնդմանը, որ մենք նրա վիրավորված լինելու մասին տեղեկությունները վերցրել ենք մարտական ուղի հանդիսացող փաստաթղթից, պարոն Վանյանը պատասխանեց, որ այդ թուղթը ռազմաբժշկական փաստաթուղթ չի հանդիսանում: Ինչ վերաբերում է ազատամարտիկի՝ գումար չունենալուն, որպեսզի նա տարեկան 2 անգամ պարտադիր հիվանդանոցային բուժում ստանա, ապա գործակալության պետը նշեց, որ բոլոր խմբերում ընդգրկված հաշմանդամներն էլ առողջապահության համակարգում պետք է սպասարկվեն անվճար: Հիշեցնենք, որ ազատամարտիկն ու նրա կինը օրերս դիմել էին «Առավոտին»՝ դժգոհելով նրանից, որ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը հաշմանդամ ազատամարտիկին ճանաչել է միանգամայն առողջ ու զրկել նրան հասանելիք թոշակից, իրենք էլ չեն կարողանում կենսական անհրաժեշտություն ունեցող դեղերը գնել ու հիվանդանոցային բուժումն իրականացնել, քանի որ նախկին 60 հազար դրամի փոխարեն՝ հիմա ստանում են 8 հազար դրամ թոշակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել