«Շտապբուժօգնության» տնօրինությունը վստահեցնում է, որ իրենք վերեւներին կոպեկ առ կոպեկ հաշվետու են լինում
Թերեւս 1-03 ծառայություն ահազանգած ցանկացած քաղաքացի, որը շտաօգնությանն է դիմել բարձր ջերմության կամ գրիպի դեպքում, կվկայի, որ կանչն ընդունող հեռախոսավարուհին, տեղեկանալով, որ «այնքան էլ լուրջ բան» չէ, խորհուրդ է տվել մեջքը տրորել, ոտքերը տաք ջուր դնել, անալգին-դիմեդրոլ սրսկվել, եւ միայն հիվանդի պնդումներից հետո է բժիշկների բրիգադն ուղարկել: Այս ամենի պատճառներից մեկն այն է, որ այսօր «Շտապբուժօգնություն» ծառայությունը հսկայական պարտքեր է կուտակել եւ, չկարողանալով դրանց տակից դուրս գալ, ստիպված հիվանդների հաշվին խնայողություններ է անում: Բացի այդ, շտապօգնությունում մեքենաները քչություն են անում, որոշներն էլ այնքան հին են ու բուժսարքավորումներից զուրկ, որ դրանով հիվանդանոց տեղափոխվող հիվանդի վիճակն էլ ավելի է վատանում:
Դեռեւս անցյալ տարի շտապբուժօգնության ոլորտում նախատեսվող բարեփոխումները ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով «հօդս ցնդեցին»: Եվ մինչ ՀՀ կառավարությունը նոր միջոցներ է հայթայթում բնակչության համար կարեւոր նշանակություն ունեցող ծառայությունում արմատական բարեփոխումներ անելու, առողջապահության ոլորտի պատասխանատուները որոշել են այս հիմնարկին փող բերելու համար շտապօգնության որոշ ծառայություններ, որոնք մինչ այդ մատուցվել են պետպատվերի շրջանակներում՝ այսինքն անվճար, դարձնել վճարովի:
Այսուհետեւ 1-03-ը տնային մահերի դեպքում դիակը տեղափոխում է 5000 դրամով:
Տեղեկանալով, որ դիակ պետք է տեղափոխեն՝ շտապօգնության հեռախոսավարուհին պարտաճանաչ զգուշացնում է, որ ծառայությունը վճարովի է: Սա մի շարք քաղաքացիների դժգոհությունն է հարուցել, որոնք ենթադրում են, թե այդ գումարներն անօրինական են գանձվում, քանի որ դրանց դիմաց շտապօգնությունն իրենց ՀԴՄ կտրոն չի տալիս: Ընդամենը տրվում է հերթական համարով վճարման թերթիկ: Մինչդեռ ՀԴՄ-ների մասին օրենքում հստակ նշված է, որ բնակչությանը կանխիկ ծառայություն մատուցելիս պետք է պարտադիր ՀԴՄ կտրոն տրամադրվի: Հասկանալի է, որ շտապօգնության բժիշկը չի կարող կողքից ՀԴՄ ապարատ կախել եւ դրամարկղի կտրոն տպել, սակայն դրա բացակայության պարագայում էլ խիստ կասկածելի է դառնում, թե ուր են գնում եւ ինչպես են վերահսկվում այդ գումարները:
Ո՞ւր են գնում դիակ տեղափոխելու համար գանձած 5000-ները, արդյոք օրինակա՞ն են այդ գումարները եւ ինչո՞ւ դրանց դիմաց քաղաքացիներին ՀԴՄ կտրոն չի տրամադրվում՝ «Առավոտի» հարցերին ի պատասխան, «Շտապբուժօգնություն» ընկերության նորանշանակ տնօրեն Թագուհի Ստեփանյանը վստահեցրեց, որ «ամեն բան օրենքի սահմաններում է» եւ որ գանձումն իրականացվում է առողջապահության նախարարի N 2002-Ա հրամանի հիման վրա: Տնօրենի ներկայացմամբ, իրենք այդ գումարների համար նախ հաշվետու են լինում առողջապահության նախարարության բուժգործակալությանը, ապա մի շարք վերահսկողական մարմինների. «Այսօր մենք պատասխան ենք տալիս ծախսած բենզինի յուրաքանչյուր լիտրի համար, բոլոր կանչերը գրանցվում են մարդկանց անուն-ազգանուններով ու հասցեներով, այդ գումարները մեր նախահաշվում հաստատվում են»: Ինչ վերաբերում է ՀԴՄ կտրոն տրամադրելուն, տիկին Ստեփանյանն ասաց, որ նման ծառայությունները բացառություններ են, եւ այսօր առկա 33 շտապօգնության մեքենայում հսկիչ դրամարկղ տեղադրելն ուղղակի հնարավոր չէ:
Տիկին Ստեփանյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե շտապօգնության մեքենաների պարկը եւ բուժանձնակազմը ե՞րբ են թարմացվելու: Մեր դիտարկմանը, թե 1-03 ծառայությունում այսօր շատ բժիշկներ ու բուժքույրեր, որոնք այնքան էլ լավ մարզավիճակում չեն գտնվում եւ երբեմն, վերելակը չաշխատելու դեպքում, մեծ դժվարությամբ եւ ուշացումով են հասնում, ասենք՝ 9-րդ հարկում բնակվող հիվանդին, տիկին Ստեփանյանն ասաց. «Վերջերս առողջապահության նախարարը հայտարարեց, որ Չինաստանից շտապօգնության մեքենաներ են բերելու, ուստի հույս ունենք, որ մեքենաների հարցը դրանով կլուծվի: Ես էլ եմ գտնում, որ սա այն ծառայությունն է, որտեղ պետք է արագաշարժ բժիշկներ եւ բուժքույրեր աշխատեն, ճիշտ է, այժմ մեզ մոտ շատ քչերն են, որ դժվարանում են, պետք է ասեմ նաեւ, որ այն պայմաններում, որ էսօր աշխատում է մեր անձնակազմը, կարելի է ասել՝ հերոսություններ էլ են անում»:
Տնօրենը նաեւ ասաց, որ հենց առաջին օրը ժողով է արել եւ դիսպետչերներին արգելել հեռախոսով խորհրդատվություն մատուցել՝ այս կամ այն դեղամիջոցն օգտագործել: Նա աշխատակիցներին նաեւ հորդորել է, որ քաղաքացիների ահազանգերին համբերատար ու հանգիստ պատասխանեն, այլ ոչ թե կոպիտ ու դժգոհ ձայնով: