«Հնարավոր չէ, որ մարդն ամեն օր նույն ժամին, նույն վայրկյանին կատարի հեռախոսազանգի միացում ու ճիշտ վայրկյանով հաշված անջատի, սա միայն ծրագիրը կարող է անել: Ընդ որում, նույն տեւողության հեռախոսազանգի համար գումարների ծավալները խիստ տարբեր էին հաշվարկված, հենց միայն սա արդեն թվաբանական կեղծիք է»,- երեկ վարչական դատարանում պատմում էր քաղաքացի Արմենակ Համբարձումյանը, ով «ԱրմենՏելի» 888 ինտերնետային ծառայությունից օգտվելու համար «ԱրմենՏելին» վճարել է 335 000 դրամ, որը, նրա խոսքով, հայտնի չէ, թե որտեղից է գոյացել. «Մինչ ես ինտերնետից եմ օգտվել, այդ ընթացքում մեր հեռախոսահամարով զանգեր են գրանցվել Վիլնյուս, անտրամաբանական է»: Դեռեւս 2008-ի նոյեմբերի 20-ին Ա. Համբարձումյանը դիմել էր «Հասարակական պաշտպանների միություն»՝ իր ոտնահարված շահերը պաշտպանելու ակնկալիքով: Հիշեցնենք, որ այս գործով «Հասարակական պաշտպանների միության» տնօրենը դիմել էր «ԱրմենՏելին», որը մինչեւ օրս չի պատասխանել դիմումին: Միությունը ավելի ուշ դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ վարչական վարույթ սկսելու պահանջով, սակայն, նրա խոսքով, հանձնաժողովը ոչինչ չի արել, միայն նամակով տեղեկացրել է, թե վարույթը կարճվել է, բայց որոշում չի ուղարկել: «Մեր հայցը ներկայացնում է 2 պահանջ՝ պարտադրել հանձնաժողովին մեզ տրամադրել վարույթի կարճման որոշումը, եւ այդ որոշումը ճանաչել առոչինչ, որոշումը հակասում է օրենսդրական մի շարք նորմերի»: Պատասխանող կողմն էլ վստահեցնում էր, որ պատասխանը օրենքի շրջանակներում է, պարզ ու հստակ: Երեկ դատական քննությունն ավարտվեց: Գործի արդյունքները կհրապարակվեն հուլիսի 6-ին: