Երեկ կայացել է Երեւանի ավագանու ընթացիկ նստաշրջանի վերջին նիստը, որը վարում էր Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Ինչպես տեղեկանում ենք քաղաքապետարանի կայքէջից՝ նիստում որոշվել է Երեւանի բյուջեի պահուստային ֆոնդից 200 մլն դրամ հատկացնել մայրաքաղաքում ոռոգման ցանց կառուցելու եւ վերականգնելու աշխատանքներին:
Ազատության հրապարակի նորակառույց ստորգետնյա ավտոկայանատեղին ավագանու որոշմամբ 20 տարի ժամկետով վարձակալության հանձնվեց «Արմենիա Ջեստիոն» ընկերությանը:
Իսկ panorama.am-ը տեղեկացնում է, որ նույն նիստում քննարկվել է Դավիթաշենի կամրջի վերանորոգման հարցը: «Կամուրջն իսկապես կապիտալ վերանորոգման խնդիր ունի, ու եթե 2011թ.-ին այս հարցը չլուծվի՝ կունենանք լուրջ խնդիրներ»,- ասել է քաղաքապետը: Պարզվում է, որ ընդամենը տարիներ առաջ շահագործման հանձնված կամուրջը լուրջ վտանգ է ներկայացնում ազգաբնակչության համար, իսկ սրա մասին շատ չի բարձրաձայնվում, ու կարծես ազգաբնակչությունն էլ տեղյակ չէ: Ըստ քաղաքապետի, հարցն այնքան հրատապ է, որ ցանկալի կլիներ դրան լուծում տալ այս տարվա ընթացքում, առավել եւս, որ մասնագետների համապատասխան ուսումնասիրությունների արդյունքներն էլ դա են վկայում: Խնդիրն առաջացել է կամրջի ջրահեռացման ոչ ճիշտ նախագծման պատճառով: «Մենք տիրապետում ենք խնդրին ու գիտենք, թե որքան գումար է հարկավոր այն լուծելու համար, բայց դա պետք է նախատեսվի պետական բյուջեով»,- ասաց քաղաքապետն ու հույս հայտնեց, որ հաջորդ տարվա պետական բյուջեում համապատասխան գումարներն ամրագրված կլինեն: