Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր տեխնիկա՝ կանաչ Երեւան

Հունիս 19,2010 00:00

Երեւանի քաղաքապետարանը մայրաքաղաք է ներկրել գերմանական արտադրության բոլորովին նոր, ժամանակակից մեքենամեխանիզմներ ու գործիքներ, որոնք, ինչպես մասնագետներն են վստահեցնում, կնպաստեն մայրաքաղաքի կանաչ տարածքների խնամքի աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելուն: Ինչպես տեղեկացնում է քաղաքապետարանի կայքէջը՝ ծրագրի առաջին փուլով նախատեսված 42 միավոր գործիքներն ու տեխնիկան արդեն Երեւանում են: Երեկ Երեւանի քաղաքապետն անձամբ ծանոթացավ սարքավորումների հնարավորություններին:
Մեքենամեխանիզմների ու գործիքների ձեռք բերման համար Երեւանի բյուջեից 70 մլն դրամ է հատկացվել: Մայրաքաղաքի կանաչապատման խնամքն իրականացնող հին տեխնիկական միջոցներն, ինչպես նշեց Երեւանի քաղաքապետը, իրենց դարն արդեն ապրել էին. «Տեխնիկական այս միջոցները աշխատանքների որակը 10 անգամ ավելի կբարձրացնեն: Մինչեւ այսօր Երեւանում ծառերը սրսկում էինք խորհրդային ժամանակների սրսկիչներով: Գրեթե նույն տարիքին էին ծառերի էտի գործիքներն ու տեխնիկան: Այսօր ոչ միայն դրանք ենք փոխարինում նոր ժամանակակից միջոցներով: Մենք արդեն ոռոգման ցանցի անցկացման համար հարմարավետ խրամուղի փորող, ասֆալտահատիչ տեխնիկա էլ ունենք»: Ներկրվել են նաեւ խոտհնձիչներ, եռակցման գործիքներ, բենզասղոցներ, բազմաֆունկցիոնալ տրակտոր: Մայրաքաղաքի կանաչապատողներն արդեն սեփական երեք նոր բեռնատար ունեն: Եվս մեկը ճանապարհին է: «Մոտավորապես երեք տարվա աշխատանքն արդեն մեկ տարում կարող ենք ավարտել: Մնում է միայն աշխատանքները ճիշտ կազմակերպել եւ ուղղորդել»,- նշեց քաղաքապետը: Տեխնիկական միջոցները կբաժանվեն բոլոր վարչական շրջաններին հավասարապես, որպեսզի, ինչպես նշեց Գագիկ Բեգլարյանը, կանաչապատման առումով «բոլոր վարչական շրջաններում ունենանք այն գեղեցիկ տեսքը, ինչ ունենք այսօր կենտրոնում»:
Տեխնիկական միջոցների երկրորդ խմբաքանակը Երեւան կհասնի մի քանի օրից: Տեխնիկական պարկը կհամալրվի էլի մեկ «Կամազ» մակնիշի բեռնատարով եւ կանաչապատման եւս 20 միավոր նոր գործիքներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել