Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԳՐԱՆՑՎԱԾ ԿԱՐՈՒՍԵԼՆԵՐՆ ԱՆԱՐԳԵԼ ՇԱՏԱՆՈՒՄ ԵՆ

Հունիս 19,2010 00:00

Ազատության հրապարակում գործող կարուսելներն ապօրինի են

\"\"

Ավելի քան մեկ ամիս է անցել «Հաղթանակ» զբոսայգում ապօրինի շահագործվող «Թայֆուն» կարուսելի աղմկահարույց վթարից, որը 4 քաղաքացու մարմնական լուրջ վնասվածքների պատճառ դարձավ: Դեպքից հետո արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հրամանով բոլոր կարուսելները պետք է փորձաքննություն անցնեին, հակառակ դեպքում չէին շահագործվելու: Այս ընթացքում չգրանցված կարուսելների շահագործումը ոչ միայն չդադարեցվեց, այլեւ հներին նորերը միացան: Մայիսի 27-ին մեծ շուքով տոնեցին Ազատության հրապարակի վերաբացումը, իսկ նորոգված հրապարակը կարճ ժամանակում վերածվեց մանկական խաղահրապարակի, որտեղ հայտնվեցին մի քանի տեսակի մանկական կարուսելներ: «Առավոտը» արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրեն Աշոտ Պետրոսյանից հետաքրքրվեց՝ հրապարակում տեղ գտած կարուսելները գրանցվա՞ծ են եւ արդյոք անցե՞լ են փորձաքննություն. «Ազատության հրապարակում կարուսելների մասին մենք տեղյակ չենք, մեզ մոտ դրանք գրանցված չեն»: Նախարարության վարչական վարույթ իրականացնող հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հասրաթյանն էլ պարզաբանեց, թե հրապարակում գործող կարուսելները «անշառ» ու վտանգ չներկայացնող են, եւ իրենք առայժմ չեն շտապում գրանցել կամ փորձաքննության ենթարկել, քանի որ կառավարությունը նախագիծ է մշակում, ըստ որի՝ մանկական «անշառ» ու վտանգ չներկայացնող կարուսելները առաջիկայում հավանաբար կազատվեն գրանցման, փորձաքննություն անցնելու պարտականությունից: Նրա խոսքով՝ Երեւանում մայիսի դրությամբ գործում էր 107 կարուսել, որից 63-ը՝ առանց գրանցման եւ փորձաքննություն անցնելու. «Բայց քանի որ սրանք նախորդ ամսվա տվյալներ են, հիմա ամենայն հավանականությամբ չգրանցվածների թիվը կտրուկ նվազել է, բացի այդ՝ չգրանցված 63-ի մեջ մտնում էին նաեւ մանկական ճոճանակներն ու անշառ կարուսելները, որոնք կառավարության որոշման նախագծի համաձայն, ամենայն հավանականությամբ, ընդհանրապես կարիք չեն ունենա գրանցվելու, առավել եւս՝ փորձաքննություն անցնելու»:
Ի դեպ, վարչական վարույթ իրականացնող հանձնաժողովի նախագահ պարոն Հասրաթյանի եւ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրեն Ա. Պետրոսյանի ներկայացրած կարուսելների թվերը իրարից որոշակիորեն տարբերվում էին: Ըստ պարոն Հասրաթյանի՝ Երեւանում գործում է 107 կարուսել, որից 90%-ը այս ամսվա դրությամբ («Թայֆունի» դեպքից հետո) արդեն փորձաքննություն է անցել: Մինչդեռ, ըստ պարոն Պետրոսյանի. «Գործող կարուսելները 95-ն են, որից 38-ը գրանցված չէ, չգրանցվածներից 18-ը գրանցման գործընթացում է»: Նրա տեղեկացմամբ՝ գրանցված 57 կարուսելներից այս տարվա ընթացքում փորձաքննություն էր անցել ընդամենը 51-ը, իսկ վերջին մեկ ամսվա ընթացքում Երեւանում փորձաքննություն անցան «Հաղթանակ» զբոսայգում գործող 19 կարուսելներից 17-ը (մնացած 2-ը դադարեցրել են աշխատանքը), Օղակաձեւ զբոսայգու հատվածում գործող 18 կարուսելները:
Մայրաքաղաքում գործող չգրանցված եւ փորձաքննություն չանցած կարուսելներին անդրադառնալով՝ պարոն Պետրոսյանը մատնանշեց Նորքի 2-րդ զանգվածում (Գայի պողոտայում) գործող 8 կարուսելները, Կոմիտասի 1/13 հասցեում՝ Մերգելյան ինստիտուտի հարեւանությամբ գտնվող զբոսայգու կարուսելները եւ Հարավ-արեւմտյան թաղամասում՝ զորավար Անդրանիկի արձանի հետնամասում գործող 4 կարուսելներից 2-ը: Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրենը վստահեցրեց, որ չգրանցված վերոնշյալ կարուսելները գրանցման գործընթացում են: Ինչ վերաբերում է մարզային կարուսելների անվտանգությանը, պարոն Պետրոսյանը հավաստիացրեց, որ «մարզերում ավելի բարեպաշտ են, ու բոլոր կարուսելները գրանցված են»: Նախարարությունը յուրաքանչյուր չգրանցված  օբյեկտի համար սահմանել է 1 միլիոն դրամ տուգանք:
Հետաքրքրվեցինք՝ քանի՞ օբյեկտ է տուգանվել վերջին ամիսներին: «Ուրախ ժամանցի երեք կարուսել տուգանվեց՝ յուրաքանչյուրը 1 միլիոնով, մնացած կազմակերպություններին ստուգումների արդյունքում ժամանակ տվեցինք, որ գան գրանցվեն»,- ասաց արտակարգ իրավիճակների նախարարության վարչական վարույթ իրականացնող հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հասրաթյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել