Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՎԱՆԻ ՄԱԿԱՐԴԱԿՆ ԷԼԻ ԵՆ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ

Հունիս 19,2010 00:00

Երեկ կառավարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել, որը վերաբերում էր Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետ կապված խնդիրներին: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ներկայացրել է 2002-2010 թթ. կտրվածքով լճի մակարդակի բարձրացման դինամիկան՝ տարեկան միջինը 0.36 մ: Նա զեկուցել է, որ ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված ժամանակացույցով նախատեսվում է 23 տարում՝ 2009-2031 թթ. ընթացքում, լճի մակարդակի բարձրացումն իրականացնել 4.65 մետրով՝ յուրաքանչյուր տարի միջինը 15-20 սմ: Սակայն ջրի մակարդակի առաջանցիկ բարձրացման հետեւանքով առաջացել են մի շարք խնդիրներ: Դրանց լուծման նպատակով ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի, ՀՀ քաղաքաշինության, բնապահպանության, տրանսպորտի եւ կապի ու էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարների հրամաններով ստեղծված աշխատանքային խմբերն ուսումնասիրել են Սեւանա լճի ջրի մակարդակի բարձրացման հեռանկարային պատկերը եւ անհրաժեշտ միջոցառումների ծավալները: ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը ներկայացրել է լճի ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով ստեղծված իրավիճակը եւ լուծման ուղիները:
Ամփոփելով խորհրդակցության ընթացքում հնչած կարծիքներն ու առաջարկությունները՝ վարչապետը հանձնարարական է տվել բոլոր նախարարություններին եւ գերատեսչություններին մեկ շաբաթվա ընթացքում գրավոր ներկայացնել իրենց բնագավառում առկա խնդիրներն ու իրենց կողմից առաջարկվող լուծումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել