Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության ապրիլմեկյան հայեցակարգը

Հունիս 19,2010 00:00

2 տարի հետո քաղաքացիները կվստահե՞ն ոստիկանությանը եւ իրենց կզգա՞ն ավելի անվտանգ

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովը երեկ կազմակերպել էր խորհրդարանական լսումներ՝ «ՀՀ ոստիկանության գործունեության ոլորտում իրականացվող բարեփոխումները» թեմայով: Փաստաթուղթը, որ քննարկվում էր այս լսումներում՝ շատ ավելի հետաքրքիր է, քան դրա շուրջ երեկ հնչած մի քանի հարցադրումներն էին: Խոսքն ապրիլի 1-ին կառավարության հավանությանն արժանացած «ՀՀ ոստիկանության գործունեության ոլորտում 2010-2011 թվականների բարեփոխումների ծրագրի հայեցակարգի» մասին է: Այս փաստաթղթում նշված է. «Սույն ծրագրի հաջող իրականացման ամբողջացված վերջնարդյունքը պետք է լինի այն, որ քաղաքացիները զգան իրենց ավելի անվտանգ ու վստահեն ոստիկանությանը»: Լսումների ընթացքում փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը, ի հավելումն, համոզմունք հայտնեց, որ 2 տարի հետո կտեսնենք էականորեն բարեփոխված ոստիկանություն:
Շարունակենք մեջբերել ծրագրից. «Ոստիկաններն ամբողջությամբ պետք է նվիրվեն իրենց խնդիրների իրականացմանը՝ բացառելով դաժան, կամայական ու խտրական վերաբերմունքը, ֆիզիկական եւ բարոյական բռնությունները, ցանկացած բնույթի կոռուպցիոն դրսեւորումները։ Ոստիկանության գործունեությունը պետք է լինի հնարավորինս թափանցիկ։ Միեւնույն ժամանակ, հանրային իշխանությունները պետք է աջակցեն ոստիկանության անձնակազմին, որը, երբեմն, իր պարտականությունների կատարմամբ պայմանավորված՝ դառնում է անհիմն մեղադրանքների սուբյեկտ, ինչն էապես կարող է նվազեցնել ոստիկանության գործունեության արդյունավետությունը»: Նշված է, թե ոստիկանության գործառույթների պատշաճ իրականացումն էապես պայմանավորված է մասնավորապես նրանց «իրավական պաշտպանության երաշխիքների նախատեսմամբ ու դրանց ապահովմամբ»: Իրավապահներին իրավական պաշտպանություն ապահովելու նպատակով, ինչպես հայտնեց պրն Օսիկյանը՝ օրենքից մասնավորապես հանելու են «կարգապահական կալանք» հասկացությունը:
Ծրագրում ամրագրված նպատակներին հասնելու համար բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված, ասենք՝ «վերանայել հատուկ միջոցները, սպառազինությունը, դրանք համալրել մահ չպատճառող միջոցներով», նաեւ ոստիկանության ծառայողների համազգեստն են համապատասխանեցնելու ժամանակակից չափանիշներին: «Ի վերջո՝ հրաժարվելու եք սովետական միլիցիայի համազգեստից»,- արձանագրեց Արթուր Աղաբեկյանը: Եվ վերջապես՝ «հասարակական կարգի պահպանմանը ներգրավված ոստիկանության ստորաբաժանումների ծառայողների գործողությունների, զանգվածային անկարգությունների ժամանակ նրանց կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ զենքի գործադրման, ինչպես նաեւ բանակցություններ վարող եւ ԶԼՄ-ների հետ շփվող ծառայողների համար մշակել, ներդնել ուղեցույցեր, նշված ուղղություններով կազմակերպել պարտադիր դասընթացներ»: Ի դեպ, լսումների մասնակիցներին բաժանվել էր «Ազգային իրավական հետազոտությունների կենտրոն» հ/կ-ի իրականացրած «Ոստիկանության եւ ԶԼՄ-ների փոխհարաբերությունները ՀՀ-ում» ուսումնասիրությունը, որը հիմնված էր բացառապես մարզային լրագրողների եւ ոստիկանների՝ միմյանց մասին տեսակետների վրա: «Առավոտի» հարցին՝ ինչո՞ւ չեն ուսումնասիրել նաեւ մայրաքաղաքային լրագրողների փորձը, չէ՞ որ ոստիկանների հետ ԶԼՄ-ների հիմնական բախումները տեղի են ունենում հենց Երեւանում՝ կենտրոնի ներկայացուցիչ Վիրաբ Խաչատրյանը պատասխանեց, թե երբ քննարկումներ են անցկացրել մարզային ոստիկանների եւ ԶԼՄ-ների մասնակցությամբ՝ նրանք փաստել են, թե դա իրենց առաջին հանդիպումն է նման ձեւաչափով. «Եթե մայրաքաղաքում գոնե որոշակի հարաբերություններ կան՝ մարզերում, կարելի է ասել, դրանք էլ չկան»: Գործընկերներիցս մեկը հառաչեց՝ «Մենք էլ կնախընտրեինք հարաբերություններ չունենալ ոստիկանների հետ»: Սակայն եւս մի մեջբերում անենք այս ծրագրից. «Յուրաքանչյուրը պետք է ճանաչի իրենց տարածքը սպասարկող ոստիկանին»:
ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը մասնակցում էր այս լսումներին եւ հայտարարեց. «Մենք ողջունում ենք այս համարձակ քայլերը եւ ավելի քան վստահ ենք, թե այդ քաղաքական կամքը, որ դրսեւորել են Հայաստանի իշխանությունները՝ ավելի ու ավելի կոգեշնչի Հայաստանի հասարակության լայն շերտերին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել