ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի հատուկ զեկուցող Մարգարետ Սեկագիան, որն ուսումնասիրում է իրավապաշտպանների կացությունը՝ հունիսի 14-18-ը Հայաստան իր փաստահավաք առաքելության ավարտի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշված է. «Մտահոգություն են առաջացնում Հայաստանում խաղաղ հավաքների ազատության լուրջ սահմանափակումները: Թեպետ իշխանությունների կողմից սահմանված կարգավորումն օրինական է, ստացել եմ տեղեկություններ իրավապահ մարմինների կողմից անհարկի եւ կամայական սահմանափակումներ կիրառելու մասին»: Նաեւ նշված է. «Անհանգստացած եմ իրավապաշտպանների եւ լրագրողների նկատմամբ բռնության, հարձակումների, սպառնալիքների, հետապնդումների փաստագրված դեպքերի կապակցությամբ: Այս դեպքերն ի ցույց են դնում Հայաստանում անպատժելիության մշակույթի ակնհայտ առկայությունը, որը խոչընդոտում է իրավապաշտպանների աշխատանքը: Այսօրինակ անպատժելիությունը, ըստ ամենայնի, սերտորեն առնչվում է ոստիկանության համակարգում արմատավորված խնդիրներին եւ անկախ դատական համակարգի պակասին»:
Մարգարետ Սեկագիան նաեւ ներկայացրել է բազմաթիվ առաջարկներ, որոնցից են՝ «Որոշումներ ընդունելու գործընթացում լիարժեք խորհրդակցել ու ներառել քաղաքացիական հասարակության եւ իրավապաշտպանների տեսակետները», «Երաշխավորել, որ խաղաղ, բաց ու հրապարակային ցույցերի իրավունքն ազատորեն վայելվի բոլոր անհատների կողմից՝ առանց անհարկի սահմանափակումների», «Անցկացնել արագ, հանգամանալից ու թափանցիկ հետաքննություն մարդու իրավունքների խախտման բոլոր դեպքերի, մասնավորապես՝ լրագրողների վրա հարձակումների, նպատակ ունենալով ստեղծել ապահով ու նպաստող միջավայր»: Նա իր զեկույցը կհրապարակի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի 16-րդ նիստում՝ 2011 թվականի մարտին, եւ կներկայացնի լրացուցիչ առաջարկներ: