Հատուկ քննչական ծառայությունը կալանավորել է «Հայինկասացիա» ՓԲԸ գլխավոր հաշվապահ Անահիտ Գրիգորյանին: Նա մեղադրվում է խարդախությամբ շուրջ 1 մլրդ դրամ յուրացնելու մեջ: Ինչպես panorama.am-ին հայտնեցին ՀՔԾ-ից, նախաքննությամբ պարզվել է, որ «Հայինկասացիա» ՓԲԸ գլխավոր հաշվապահ Անահիտ Գրիգորյանը միաժամանակ հանդիսացել է նաեւ «Արուսյակ» կոոպերատիվի գլխավոր հաշվապահը: 2003-2009 թվականների ընթացքում «Հայինկասացիա» ՓԲԸ-ից, որպես կատարված աշխատանքների դիմաց վճարումներ, շուրջ 1 մլրդ դրամ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի միջոցով փոխանցել է «Արուսյակ» կոոպերատիվի՝ 121130013067, ապա 247121313065 հաշվարկային հաշիվներին, որտեղից կանխիկացրել եւ յուրացրել է: Հափշտակությունը թաքցնելու նպատակով, կատարելով կեղծիքներ՝ փոխանցված գումարները հաշվապահորեն ձեւակերպել է որպես «ԱԱՀ կանխավճարներ», այնուհետեւ տարբեր հաշիվների հետ բազմաթիվ թղթակցությունների միջոցով (մասնավորապես հիմնական միջոցների ամորտիզացիայի հաշիվներ) ծախսագրել է: