Լրահոս
Օրվա լրահոսը

«Հավսա՜ր, զգա՛ստ»

Հունիս 19,2010 00:00

Ժողովրդահայրենասիրական ուժերը ՀՀ քաղաքացիների համաժողով են նախաձեռնում

Նորերս հռչակված «Ժողովրդահայրենասիրական ուժեր» շարժումը երեկ Թեքեյան մշակութային միությունում երկրորդ հավաքն էր կազմակերպել: Ի տարբերություն նախորդ հավաքի, այս անգամ դահլիճի գերակշիռ մասը կազմում էին հանրապետության մարզերից հրավիրվածները: Նրանց ներկայությունը հավաքը համակարգող-վարող  «Ժառանգության» նախկին անդամ, նորաթուխ հնչակյան, ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանն ի ցույց դրեց իբրեւ համաժողովրդական դժգոհության եւ նորածին շարժմանը հանրության կողմից օժանդակության փաստ: Հավաքին ներկա էին նաեւ նախկին կոմկուսականներ, դեռ կոմունիստներ Նորիկ Պետրոսյանն ու Խորեն Սարգսյանը: «Առավոտի» զարմանքը նրանք այսպես փարատեցին. «Մենք այստեղ եկել ենք այնքանով, որքանով ուզում ենք հավատալ, որ մարդիկ նորից ուզում են համընդհանուր հետաքրքրություններ, մտահոգություններ առաջացնող հարցերին լուծումներ տալ: Որքան ինձ հայտնի է, սա մի շարժում է, որը պետք է բորբոքի սոցիալիստական կողմնորոշումը: Ամենադասական կապիտալիստական երկրներն են հայտարարում, որ կապիտալիզմն իրեն սպառել է՝ ինչպես Սարկոզին էլ ասաց: Այսինքն՝ սա ինձ համար խոնարհված, ավերակների վերածված հույսի արթնացման պահ է»,- ասաց Նորիկ Պետրոսյանը: Խորեն Թռչունիչն էլ ցավ հայտնեց, որ երեք կոմունիստական կուսակցություն ունենք, բայց ընտրությունից ընտրություն բոլորը դառնում են սոցիալիստ՝ բացի կոմունիստներից, ու հիշեց խորհրդային շրջանի մի հումոր. «Մարգոն Վարդանիկին հարցնում է՝ որո՞նք են մտնում բանջարաբոստանային կուլտուրաների մեջ: Վարդանիկը պատասխանում է՝ ընկեր Մարգո, որ ցանկապատ չեղավ, ով էլ ասես՝ կմտնի: Սա էլ սոցիալիստական մի շարժում է՝ տեսնենք: Եթե իրոք ամեն ինչ նորմալ եւ անկեղծ է՝ սա այն դաշտն է, որտեղ մենք պետք է լինենք»:
«Հայաստանում (նաեւ ԼՂՀ-ում) առկա է ինքնաոչնչացնող մի համակարգ, որն ազգն էլ իր ետեւից տանում է ոչնչացման»,- կարծում է շարժման անդամ, ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը, ու որպեսզի չգլորվենք անդունդը, ըստ նրա, պետք է օր առաջ ազատվենք այդ համակարգից եւ այն համակարգողներից: «Նոր Հայաստան» կազմակերպության նախագահ Էլեոնորա Մանանդյանն էլ գտնում է, որ բարոյազրկման եւ բարոյալքման պատճառները ոչ թե երկրի քաղաքական եւ տնտեսական ճգնաժամն է, այլ արժեքային սխալ համակարգը. «Մենք շատ հաճախ մեր ազգի մասին կարծիք ենք կազմում ոչ թե մեր հերոսներով, այլ նյութապես ապահով մարդկանցով: Մեր թշնամին Ադրբեջանը չէ, Թուրքիան չէ, մեր թշնամին մեր իշխանություններն էլ չեն: Մեր թշնամին մենք ինքներս ենք, որ ընդունել ենք մեզ պարտադրված համակարգը»: Հավաքում ընդունվեց նաեւ բանաձեւ, ըստ որի՝ ստեղծված իրավիճակում փրկության խարիսխ կարող է դառնալ միայն կազմակերպված եւ նպատակաուղղված հայ ժողովուրդը, անհատ քաղաքացիների միավորված դաշտը, որն աստիճանական գործողությունների արդյունքում կապահովի շրջադարձ դեպի վերեւ: Շարժման խնդիրներն են լինելու՝ «Ապահովել երկրի համար բախտորոշ այս գործընթացի հանդեպ ժողովրդի համընդհանուր եւ շահագրգիռ արձագանքը, կայացնել իրական հասարակական էլիտա, որն այսօր բաժանված ու կաթվածահար է քաղաքական կառույցներով եւ ընդհանրացնող ֆորմատի բացակայությամբ, ժողովրդական քննարկումների արդյունքում պարզ եւ թափանցիկ դարձնել ՀՀ  քաղաքացիների համաժողովի օրակարգի ձեւավորումը, որոշումներն ընդունելու եւ իրականացնելու մեխանիզմները»: Իսկ ՀՀ  քաղաքացիների համաժողովը նախատեսվում է «տեսանելի ժամանակահատվածում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել