«Մարտիմեկյան» գործերով ժամանակին կալանավորված եւ դատապարտված մոտ վեց տասնյակ նախկին քաղբանտարկյալներ ու կալանավորներ երեկ, Օպերայի շենքի մոտ, բողոքի ակցիա անցկացրեցին:
«Քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն», ավելի վաղ արած իր հայտարարության համաձայն, երեկ երկժամյա նստացույց անցկացրեց, բայց ոչ թե նախապես հայտարարված վայրում՝ Ազատության հրապարակում, այլ հակառակ կողմում, Արամ Խաչատրյանի արձանի մոտ: Դեռ մինչեւ բողոքի ակցիայի մեկնարկը՝ Ազատության հրապարակն արդեն զբաղված էր. այստեղ էին քշվել Երեւանի տարբեր համայնքներում գործող մանկական պարի եւ երգի խմբակ-համույթների սաները՝ ցույց տալու համար, որ հրապարակում, իրոք, մշակութային միջոցառում է անցկացվում: Հիշեցնենք, որ հենց այդ պատճառաբանությամբ էր Երեւանի քաղաքապետարանը Կոմիտեի՝ հրապարակում զանգվածային միջոցառում անցկացնելու մասին իրազեկումը մերժել:
Կոմիտեի անդամներն ու ավելի քան 5 տասնյակ քաղբանտարկյալներ ժամը 20-ին սկսեցին հայտարարված նստացույցը՝ ի պաշտպանություն դեռեւս անազատության մեջ գտնվող իրենց զինակից 15 քաղբանտարկյալների՝ պահանջելով նրանց ազատ արձակումը: Նստացույցին, ավելի վաղ իր արած հայտարարության համաձայն, միացել էր նաեւ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Ցուցարարների թվում էին նաեւ հայտնի դերասաններ Երվանդ Մանարյանն ու Աշոտ Ադամյանը, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը: Այնտեղ էին նաեւ ՀԱԿ անդամ կուսակցությունների ղեկավարները: Նստացույցի մասնակիցներից զատ, Արամ Խաչատրյանի արձանի մոտ էին հավաքվել նաեւ քաղբանտարկյալների հարազատներն ու Հայ ազգային կոնգրեսի համակիրները: Նրանք պարզել էին քաղբանտարկյալների մեծադիր նկարներով պաստառներ, եռագույն դրոշներ եւ ժամանակ առ ժամանակ վանկարկում էին՝ «Ազատություն քաղբանտարկյալներին»: Հակառակ ոստիկանության աշխատակիցների սպասումների, իսկ վերջիններս վերահսկողության տակ էին առել Ազատության հրապարակի մուտքերը, նստացույցի կազմակերպիչները նույնիսկ չփորձեցին էլ հրապարակ մտնել, ինչը ոստիկանության ներկայացուցիչների համար անակնկալ էր: Մի քանի րոպե նրանք չէին կողմնորոշվում՝ ինչպես վարվել ակցիայի մասնակիցների հետ: Շուրջ կես ժամ մտածելուց հետո ոստիկանության երկու աշխատակիցներ բարձրախոսով մոտեցան ցուցարարներին ու սկսեցին հայտարարել, թե քաղաքապետարանը այդ ակցիան չի արտոնել, որ դա անօրինական գործողություն է, եւ դրա մասնակիցները հասարակական կարգ են խախտում: Այս նույն ձեւակերպումները ոստիկանները հնչեցնում էին պարբերաբար՝ առաջացնելով հավաքվածների ընդվզումը, իսկ վերջիններս այդպիսի յուրաքանչյուր հայտարարությունը, որը աստիճանաբար ավելի խիստ տոնայնություն էր ստանում, խլացնում էին սուլոցներով եւ «Ազատություն» ու «Լեւոն, նախագահ» վանկարկելով: «Առավոտի» այն հարցին, թե ինչու ակցիայի նախաձեռնողները Ազատության հրապարակ չմտան, «Քաղբանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի» հիմնադիր անդամ Կարապետ Ռուբինյանն ասաց. «Մեզ փորձեցին ներքաշել երեխաների հետ առճակատման, ինչին մենք չցանկացանք մասնակցել: Մենք նման ստոր խաղերի մեջ չենք մտնում: Դա՝ երեխաների թիկունքում թաքնվելը, իրենց կողմից ստորություն էր, եւ մենք որոշեցինք մեր ակցիան այստեղ անել»: Կ. Ռուբինյանը չբացառեց, որ այդօրինակ ակցիաները կարող են շարունակական լինել, թեեւ ասաց, որ որեւէ որոշում այդ առնչությամբ չկա:
Նախկին քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, թե «ակցիայի անցկացման նպատակը հասարակությանը եւս մեկ անգամ հիշեցնելն է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, որ մենք մեր պայքարը շարունակելու ենք, քանի դեռ կա գոնե մեկ քաղբանտարկյալ: Մենք պայքարելու ենք այնքան ժամանակ, մինչեւ նրանք եւ ողջ հայ ժողովուրդը հայտնվի ազատության մեջ»:
«Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ է նստացույց անում, երբ ինքը քաղբանտարկյալ չի եղել, Աշոտ Ադամյանն ասաց. «Ես չեմ կարող այս երկիրը համարել ժողովրդավարական, երբ այստեղ քաղբանտարկյալներ կան: Դրա համար է, որ ես եւ դուք էլ նստած ենք»: Նա վստահեցրեց, թե այս պայքարը շարունակելն, իհարկե, իմաստ ունի՝ «այնքան ժամանակ, մինչեւ մեր երկրում քաղբանտարկյալներ չլինեն»: Իսկ թե ինչու նստացույցի մասնակիցները չփորձեցին մտնել Ազատության հրապարակ՝ Աշոտ Ադամյանն այսպես բացատրեց. «Որովհետեւ այնտեղ երեխաներ կան, եւ նրանց խանգարել պետք չէ՝ սկզբունքի իմաստով, բացի այդ էլ՝ դա կարող էր օգտագործվել սադրանքներ հրահրելու համար»:
Իսկ երեկվա նստացույցը, որը սկսվել էր ճիշտ ժամանակին, ժամանակին էլ ավարտվեց: Ոստիկանությունը, սադրանքի նմանվող հայտարարություններ անելուց բացի, նստացույցի մասնակիցների դեմ որեւէ այլ գործողություն չձեռնարկեց: