Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ նախագահ Ռուբեն Վարդազարյանը պետք է ներկայացվեր վերոհիշյալ դատարանին: Պարոն Վարդազարյանը եւ նրան ուղեկցող պաշտոնյաները դատարանի շենք մտան այն ճանապարհով, որը նախատեսված է կալանավորված եւ ձերբակալված անձանց համար: Պատճառն այն էր, որ նրանց տեղեկացրել էին, թե «Առավոտի» ֆոտոխցիկը լուսանկարելու է նրանց մուտքը դատարան: Նախագահին ներկայացնելը տեւեց մոտ մեկուկես ժամ, որից հետո դատավորները շենքից դուրս եկան ոչ թե կենտրոնական, այլ մեկ ուրիշ մուտքով: Հենց այդ մուտքի մոտ էլ մեր ֆոտոխցիկը որսաց այն պահը, երբ դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ավետիսյանը բանալիներն էր հանձնում նորանշանակ նախագահին: