Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԳԵՂԵՑԻԿ ԵՍ, ԲԱՅՑ ՈՉ ԻՄԸ»

Հունիս 18,2010 00:00

\"\"Սուրբ քաղաք Երուսաղեմի բնակիչ Փոլ Նաճարեանը ընդունվել է Երեւանի պետական բժշկական համալսարան, հասցրել է սիրահարվել, տառապել ու հիասթափվել: Արդյունքում՝ ծնվել են այս տողերը: «Ա˜խ սերը… քեզ սիրելը արդեն սիզիֆյան աշխատանք է դարձել, սիրելիս. հիշու՞մ ես, երբ խոստովանեցինք մեկմեկու, որ միշտ իրար հետ պիտի մնանք, իրար թիկունք պիտի լինենք, միասնաբար կյանքի Ռուբիկոնը անցնենք, սակայն այդ խոստումները Բաբելոնի խառնակությունը դարձան: Ընկերներս ասում էին, թե քեզ սիրելը Դամոկլյան սրի տակ գտնվել է, բայց ես ականջներս բուրդ խրեցի եւ նրանց պատասխանեցի, որ դու թագուհիների թագուհին ես, մինչդեռ հիմա դարձել եմ ծիծաղի առարկա, եւ հոմերյան ծիծաղը պատերից դուրս կլսվի անգամ: Անտուն, անսեր, անհոգի մնացի, քո անուշ բույրով հագուստներս այրեցի, Ադամի զգեստով կապույտ ոսկու մեջ լողացի, երազիս մեջ քսանմեկերորդ դարի ժանտախտը այդպես հաղթահարեցի:

Դեռ հիշում եմ մեր առաջին օրը, որ հանդիպեցինք քարերի երկրի մեջ՝ եկար, տեսար, հաղթեցիր, սրտիս եւ դեմքիս վրա ժպիտ բերեցիր, բայց եւ Աքիլլեսյան գարշապարս դարձար եւ խոցեցիր… Ես դեռ հիշում եմ մեր պտույտը դեպի աշխարհի մայրաքաղաքը, մեր անմոռանալի համբույրը: Մեր պատկերների ալբոմը մեզ հետ քայլող հանրագիտարան դարձավ, եւ դեռ ծիծաղում էինք, թե ինչքան պատկերներ պիտի ունենանք մինչեւ մեր կյանքի վերջին աշունը: Ես էլ մտածում էի, թե աշուն կամ ձմեռ չպիտի ունենամ իմ կյանքում, որովհետեւ դու իմն էիր: Ի՞նչ եղավ մեզ, ի՞նչ եղավ քեզ, որ արագիլի նման ձմեռը քեզ ինձանից հեռացրեց, արդյո՞ք շատ աչքերն էին, չէ՜, չէ՜, կյանքի գարունը ապրող տղաները նախապաշարումներ չունեն:

Երբ հեռացար ինձանից, չիմացա՝ լինե՞լ, թե՞ չլինել, ու մինչեւ օրս կռիվ ունեմ ներքին դատավորիս հետ: Ատամներս սեղմած միայնություն կկրեմ, հույս ունեմ, որ դասընկերներս՝ Հիպոկրատի աշակերտները, դեղամիջոցը կգտնեն, սակայն դրությունս անելանելի է, եւ թերեւս, նրանց գործը Դանայան տակառներով Սեւանա լիճը լցնելը պիտի լինի. անհույս եմ այլեւս, Լինչի դատաստանն է… Հուսով եմ, որ կհանդիպենք դրախտում, բայց արդյո՞ք անունս կհիշես:

Սերը գեղեցիկ է, գեղեցիկ սեռը դու ես, բայց ոչ իմը…»,- գրել է Փոլը ու իր նվիրական սիրո պատմությունը վստահել ընթերցողներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել