Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռացող ասպետի հետագիծը

Հունիս 18,2010 00:00

Վարուժանն էլ հեռացավ…

Տաղանդավոր անհատականությունների կորստով որբանում է ազգը, եւ այդ տաղտուկ զգացողությունը մնում է այնքան ժամանակ, մինչեւ ժողովուրդը կրկին նշմարում է համարժեք մեկին:

Մինասի, Սեւակի, Մուշեղի, Հրանտի, Վարուժանի կորուստը համաժողովրդական, համահայկական կորուստ է:

Նրանցից յուրաքանչյուրը՝ մեկը վրձնի զորությունը, մյուսը՝ գրչի, դարձրեցին մեկ անձի կրոն եւ ճառագեցին ազգային ոգու կամարի վրա, որ շարունակենք ոչ թե խարխափել, այլ՝ ուղղորդվել լույսով: Ազգը միշտ էլ մեկ խոշոր զավակի կորստով կրկին վերապրել ու վերագնահատել է իր հոգեւոր արժեքները: Վարուժանը վերը նշած մեր սքանչելի զավակների արյունակից եղբայրն էր՝ նրանց բացախոսության, հայրենատիրության, բնատուր տաղանդի, արվեստի որձության ու սեփական հունձի առատությանը սովոր՝ տաղանդավորի փխրուն անպաշտպանվածության տերը:

Նա վաստակել էր ոչ միայն վարպետի կոչում եւ ճանաչում ձեռք բերել աշխարհի խոշորագույն նկարիչների կողքին, այլեւ հեռու մնալով ընդօրինակելու մոդեռնությունից, ամեն անգամ սեփական հոգեւոր քուրայից մի բուռ կրակ էր շաղ տալիս իր կտավների կարմիր ու սեւ շաղախի վրա, եւ անխոս վրձնահարվածները դառնում էին կրակոտ ու բոցեղեն:

Վարուժանի կյանքը անձի ու արվեստի ասպետության ներդաշնակ համանվագ էր, որ սկսվեց Լոռվա աշխարհի՝ իր լուսավոր նախնիների հայտնությամբ եւ հասավ Միջերկրականի ափերը՝ որոնելով Կիլիկիայի կորսված թագավորության ասպետությունը: Հենց այդ ազնվականի եւ ազնիվի ներկայի կորստով էլ նրա բացառիկ ներկայության օրերը հաճախ դառնում էին անընդունելի օտար եւ ցավի պես մխրճվում սիրտը: Տիեզերական համակարգի ամեն խախտում հսկայի իր էությունը դարձնում էր զարմանալիորեն խոցելի ու դյուրաբեկ:

Վարուժանը տիեզերքի առաքելությամբ էր զարդարել հայոց աշխարհը:

Մենք սովոր ենք հաճախ մահից հետո ճռճռան խոսքեր ասել, հետմահու շնորհներով պարգեւատրել, չէ՛, չենք հաղթահարել մեր մեջ նստած օտար անլիարժեքությունը, ազգային հոգեւոր արժեքները, եւ ինչո՞ւ միայն հոգեւորը, որպես ամուր կռվան, հենց ստեղծողների ներկայությամբ աշխարհին ներկայացնելու հնարավորությունը:

Հայի իսկական հպարտություն էր Վարուժանը եւ՝ միաժամանակ հպարտ հայ էր: Ոչ միայն բացառիկ վրձնի վարպետ, այլեւ՝ արվեստի բացառիկ գրագետ, համաշխարհային մշակույթի հիանալի գիտակ, փիլիսոփա, բանաստեղծ…

Եթե սիրում էր, ապա միայն սրտով, ու ընկերները որոնում էին նրան բոլոր իր հետքերի վրա:

Սիրելի Վարուժան, քո բոլոր ընկերները այս ծանր օրերին լռության րոպեներ են ապրում, Դու միշտ խոհակից ու խորհրդատու… Շնորհակալ ենք քո հավերժ ներկայության արարումից, քո անջնջելի հետագծից:

Համոզված եմ, քո ծննդից վեց օր առաջ երկնքի հորդառատ անձրեւը, խորհրդանշելով քո հրաժեշտը, աշխարհադարձի տիեզերական իմաստնությամբ գտավ այն որոնողին, որը շարունակելու է քո կիսատ թողածը…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել