Եվ այսպես, ՀԱՀ-ում ընթացող ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության խմբային մրցաշարում կայացան առաջին տուրի բոլոր հանդիպումները: Ու չնայած հիմնական պայքարը դեռ առջեւում է, եւ դեռ հայտնի չէ, թե 1/16 եզրափակիչ ո՞ր երկրները կանցնեն, այդուհանդերձ, արդեն կարելի է մեկնաբանություններ կատարել:
Աշխարհի առաջնության մեկնարկային խաղերը ցույց տվեցին, որ հեղինակավոր մրցանակի համար պայքարող 32 ազգային հավաքականների մեջ ընդգծված առաջատարներ առայժմ չկան: Դժվար է ասել՝ ֆավորիտնե՞րն են վատ նախապատրաստվել կամ թերագնահատել են մրցակիցներին, թե՞ ետնապահներն են կատաղի ու հավասար պայքար մղում չեմպիոնի կոչման հավակնորդ համարվող հիմնական երկրների հավաքականների հետ: Համենայնդեպս, առաջին տուրում գրանցված հաշիվները դա են հուշում:
Ֆուտբոլասերներին առաջին անակնկալը մատուցեց Անգլիան, որը ԱՄՆ-ի հետ խաղում հետաքրքիր ոչինչ ցույց չտվեց եւ բավարարվեց ոչ-ոքիով: Իզուր չէ, որ հանրահայտ Ֆրանց Բեկենբաուերը հիասթափված հայտարարել է, թե անգլիացիների ցուցադրածը ֆուտբոլ չէր, այլ ընդամենը գնդակի հետեւից անիմաստ վազվզոց: Իր երկրպագուներին հուսախաբ արեց նաեւ աշխարհի առայժմ գործող չեմպիոն Իտալիան, որը մեկնարկային հանդիպումում մի կերպ ոչ-ոքի արեց Պարագվայի հետ: Սպասված խաղը ցույց չտվեց նաեւ աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիան՝ մեծ դժվարությամբ առավելության հասնելով ԿԺԴՀ-ի ընտրանու նկատմամբ: Սակայն առաջին տուրի գլխավոր սենսացիան մատուցեցին շվեյցարացիները, որոնք սենսացիոն հաղթանակ տարան՝ ոչ ավել, ոչ պակաս, Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի նկատմամբ, որին մինչ այդ թե մասնագետների եւ թե ֆուտբոլասերների ճնշող մեծամասնությունը չեմպիոնության գլխավոր հավակնորդն էին համարում:
Ինչեւէ, արդեն մեկնարկել է խմբային մրցաշարի երկրորդ տուրը: «A» խմբում հանդես եկող ՀԱՀ հավաքականը Ուրուգվայից կրած 0:3 խոշոր հաշվով պարտությունից հետո եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Եվ եթե նկատի ունենանք, որ նրա մրցակիցը վերջին տուրում Ֆրանսիան է լինելու, կարելի է ենթադրել, որ տանտերերի համար աշխարհի առաջնությունն այդ օրն էլ կավարտվի: Երեկ կայանալու էին այս խմբի՝ նաեւ Ֆրանսիա-Մեքսիկա խաղը, որը վճռորոշ նշանակություն կարող էր ունենալ, թե ո՞վ այս խմբից կանցնի հաջորդ փուլ (Ուրուգվայը 4 միավորով ընթանում է առաջին հորիզոնականում), ինչպես նաեւ «B» խմբի՝ Արգենտինա-Հարավային Կորեա եւ Հունաստան-Նիգերիա հանդիպումները:
Ստորեւ ներկայացնում ենք առաջին տուրից հետո խմբերում հավաքականների դասավորությունը եւ վաստակած միավորները:
խաղ միավոր
«A» խումբ
1. Ուրուգվայ 2 4
2. Մեքսիկա 1 1
3. Ֆրանսիա 1 1
4. ՀԱՀ 2 0
«B» խումբ
1. Արգենտինա 2 6
2. Հր. Կորեա 2 3
3. Նիգերիա 1 0
4. Հունաստան 1 0
«C» խումբ
1. Սլովենիա 1 3
2. Անգլիա 1 1
3. ԱՄՆ 1 1
4. Ալժիր 1 0
«D» խումբ
1. Գերմանիա 1 3
2. Գանա 1 3
3. Սերբիա 1 0
4. Ավստրալիա 1 0
«E» խումբ
1. Հոլանդիա 1 3
2. Ճապոնիա 1 3
3. Կամերուն 1 0
4. Դանիա 1 0
«F» խումբ
1. Իտալիա 1 1
2. Ն. Զելանդիա 1 1
3. Պարագվայ 1 1
4. Սլովակիա 1 1
«G» խումբ
1. Բրազիլիա 1 3
2. Կոտ դ’՝Իվուար 1 1
3. Պորտուգալիա 1 1
4. ԿԺԴՀ 1 0
«H» խումբ
1. Չիլի 1 3
2. Շվեյցարիա 1 3
3. Հունգարիա 1 0