Լրահոս
Օրվա լրահոսը

Թանգյանի մենահամերգը

Հունիս 18,2010 00:00

Օգոստոսի 12-ին հայտնի ռոք երաժիշտ, «System of a down» ռոք խմբի մեներգիչ, ամերիկահայ Սերժ Թանգյանը առաջին անգամ հայրենիքում հանդես կգա մենահամերգով: Երեկ այս մասին լրագրողներին ասուլիսի ժամանակ ասացին համերգի կազմակերպիչներ Deem Communications ընկերության տնօրեն Րաֆֆի Նիզիբլյանն ու ամերիկյան Fugitive studios-ի հայաստանյան ներկայացուցիչ Արմեն Գուբելյանը: Համերգի գլխավոր հովանավորն է «ՎիվաՍելլ ՄՏՍ»-ը: Ինչպես նշում է Ր. Նիզիբլյանը՝ Թանգյանը Հայաստանում լինելու է ընդամենը մեկ օր. «Գալու է համերգային շրջագայությունից, Երեւանում համերգ է տալու ու կրկին մեկնելու է համերգի»:

Ըստ Արմեն Գուբելյանի՝ «Այս նախաձեռնությունը Սերժի վաղեմի ցանկությունն է եղել: Տարբեր համերգների ժամանակ նա բազմիցս ասել է, որ հայ ունկնդրի հանդեպ յուրահատուկ վերաբերմունք ունի, երազանքն է՝ մի օր Հայաստանում հայերի առջեւ ելույթ ունենալ»:

Ր. Նիզիբլյանը նշում է, որ երաժշտի օգոստոսյան համերգի ծրագիրը դեռ պատրաստ չէ. «Նա կերգի ու կնվագի իր 6 երաժիշտների հետ, իրեն կմիանան նաեւ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները, կլինի դասականի ու ռոքի համադրում: Իր վերջին ստեղծագործություններում Սերժը հենց այդ համադրումներով էլ աշխատել է»: Հարցին՝ կերգի՞ արդյոք ամերիկահայ երաժիշտը հայերեն, Նիզիբլյանը պատասխանեց. «Նրան առաջարկել են, բայց պատասխան չի տվել: Նա գիտակցում է, որ գալիս է Հայաստան, եւ նրա երգերը բոլորը կհասկանան: Ի դեպ, Սերժը օգոստոսին կթողարկի իր նոր ալբոմը, որտեղ երկու հայերեն երգ է զետեղված լինելու: Երեւանում Սերժը կկատարի հին ու նոր ստեղծագործություններ եւ դրանով կեզրափակի Elect the Dead Symphony շրջագայությունը»: Ս. Թանգյանը իր երաժշտական կարիերայի ընթացքում թողարկել է 5 ալբոմ «System of a down»-ի կազմում, մեկ ձայնասկավառակ Արթո Թունչբոյաջյանի հետ, ինչպես նաեւ իր անհատական դեբյուտային ալբոմը՝ «Elect the Dead»-ը եւ վերջինի՝ Օքլենդի ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ սիմֆոնիկ տարբերակի կենդանի կատարման ձայնագրությունը: Ս. Թանգյանը վարպետորեն նվագում է մի քանի գործիքով, ժամանակին արժանացել է հեղինակավոր «Գրեմմի» մրցանակի: Նա ակտիվորեն զբաղվում է հասարակական գործունեությամբ, Axis of Justice («Արդարադատության առանցք») կազմակերպության հիմնադիրն է: Թանգյանի հասարակական եւ երաժշտական գործունեության շնորհիվ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը բարձրաձայնվել է մեծ բեմահարթակներից եւ քննարկման առարկա դարձել ԱՄՆ քաղաքական ասպարեզում՝ երգչի լոբբիստական նախաձեռնությունների միջոցով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել