Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՆԴԻՐԸ ՀՆԱՑԵԼ, ԲԱՅՑ ՄՆԱՑԵԼ Է

Հունիս 18,2010 00:00

Ակցիա՝ Հյուսիսային պողոտայում

\"\"
Այս լոգոն էր «իշխում» ցույցի ժամանակ:

Տերյան 25 շենքի ճակատային մասում փակցված է հսկա պաստառ, վրան՝ «Մոնոպոլիա» խաղից փոխառված լոգոն: Մտահղացման հեղինակները, այդ թվում ամերիկացի արվեստագետներ Ռոջեր Քըլամբիքը եւ Ջերըլին Բահմ- Քըլամբիքը գտնում են, որ այդ խորհրդանիշը համահունչ է «բացառիկ գերակա հանրային շահից» տուժածների խնդրին: Երեկ երեկոյան Հյուսիսային պողոտայում կայացավ բողոքի ակցիա, որի մասնակիցները կրում էին «մոնոպոլիական» շապիկներ, ու բոլորին բաժանում էին բուկլետներ: Վարդան Գերավետյանը, որը լիազորված անձ է Տերյան 23, 25, Լալայանց 37 շենքերի կողմից, «Առավոտին» ասաց. «Օտարվում է մեր սեփականությունը, ինչը պետության տեսանկյունից իբր բացառիկ գերակա հանրային շահի ոլորտում է: Մեր բողոքը նրա համար է, որ արդեն երեք տարի է՝ մեր կառավարությունը չգիտի՝ ո՞րն է բացառիկ գերակա շահը, նախագիծ չունի, թե ինչ է կառուցելու վերոնշյալ շենքերի փոխարեն: Այս ամենն ապացուցում են, որ ո՛չ հանրային, ո՛չ էլ պետական բացառիկ գերակա շահ չկա: Մեր այս ակցիայով ուզում ենք ուշադրություն գրավել: Ինչ վերաբերում է ԱՄՆ քաղաքացիներ Ռոջեր Քըլամբիքին եւ Ջերըլինին, նրանք արվեստագետներ են, ովքեր իրենց արվեստի գործերով ու պլակատներով աշխարհի տարբեր անկյուններում, օրինակ՝ Հունգարիայում, Վրաստանում նման ակցիաների են մասնակցում»:

Հետաքրքիրն այն է, որ նրանց հովանավորներից մեկը նմանատիպ խնդրի առաջ է կանգնել Նյու Յորքում:

Երեկ երեկոյան ամերիկացիների ձեւավորած բուկլետներն ու շապիկները բաժանվեցին ցույցի մասնակիցներին: Վ. Գերավետյանը պատմեց, որ ամերիկացի արվեստագետներն իրենց խնդրի մասին տեղեկացել են շենքերին փակցված պաստառներից ու դրոշներից, ափսոս, որ դրանք արդեն մաշվել են, սակայն «սայլը տեղից չի շարժվել»: Բնակիչներն առայժմ հասել են նրան, որ գործը դատարանում է, առաջին հայցը՝ ԵԴ-ում, երկրորդը՝ վարչական դատարանում: Բաժանվող բուկլետներում գրված է, որ բնակիչներին առաջարկվել են փոխհատուցման փաթեթների ծիծաղելի արժեքներ, որ իրականացվում է բռնություն եւ սպառնալիքներ այն ընտանիքների նկատմամբ, որոնք համաձայն չեն առաջարկվածի հետ եւ այլն: «ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հյուսիսային պողոտայի բացման հանդիսավոր արարողությունից հետո, զմայլված նայելով փողոցի առեւտրային եւ բնակելի ետարդիական փայլին, հայտարարեց՝ հզոր է, չէ՞: Քաղաքի որոշ շրջանների բնակիչների մասնավոր սեփականության հանդեպ պետության կողմից իրականացվող հանցագործ քաղաքականությունը շարունակվում է առայսօր: Կոնդի պատմական հանրության, Հյուսիսային պողոտային հարող SOS բնակելի շենքի եւ Արամի փողոցի դատարկ շքեղության շվաքի ներքո գոյատեւող մի քանի ընտանիքների համար իրավիճակը հզոր է, չէ՞»,- գրված է բուկլետում:

Հիշեցնենք, որ Տերյան 23 եւ 25, ինչպես նաեւ Հին Երեւանցու (նախկին՝ Լալայանց 37) շենքերի բնակիչները իրենց խնդրով քանիցս դիմել են նախագահին, վարչապետին, քաղաքապետին ու հնարավոր բոլոր ատյաններին: Հավելենք, որ կոնկրետ Լալայանց 37-ում ժամանակին ապրել են Ավետ Ավետիսյանը, Հրաչյա Ներսիսյանը, Գուրգեն Ջանիբեկյանը, Թաթուլ Դիլլաքյանը եւ շատ ուրիշ հայտնի անուններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել