Լրահոս
Օրվա լրահոսը

Բրիտանական կառավարությունը ներողություն խնդրեց

Հունիս 18,2010 00:00

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը ներողություն է խնդրել «Արյունոտ կիրակիի»՝ 1972թ.-ին բրիտանական զորքերի կողմից կաթոլիկ-իռլանդացիների ցույցը գնդակահարելու համար: Վարչապետը երկրին ներկայացրել է ավելի քան 12 տարի պատրաստված զեկույցը, որի համաձայն՝ 38 տարի առաջ, Լենդոնդերրի քաղաքում զոհված բոլոր 14 անձինք անզեն են եղել: «Արյունոտ կիրակի» օրը տեղի ունեցածը չի կարելի արդարացնել: Ես՝ մեր երկրի կառավարության անունից խոր ափսոսանք եմ հայտնում»,- ասել է Քեմերոնը: BBC-ի մատուցմամբ, այդ օրվա իրադարձությունները պատճառ դարձան, որպեսզի «Իռլանդական հանրապետական բանակը» համալրվի հարյուրավոր նոր կամավորներով՝ թեժացնելով Իռլանդիայի մնացած հատվածի հետ վերամիավորման կողմնակից մեծամասնության՝ կաթոլիկների եւ բրիտանական թագի ներքո լինելու կողմնակից յունիոնիստ-բողոքականների միջեւ ծայր առած զինված հակամարտությունը:

Ներկայացված զեկույցի համաձայն, ողբերգական այդ օրը առաջին կրակոցներն արձակել են բրիտանացի մի քանի զինվորները, հավանաբար, «խուճապի կամ վախի պատճառով», որից հետո մյուս զինվորները եւս կրակ էին բացել՝ «կորցնելով ինքնատիրապետումը եւ արձագանքելով կրակոցների ձայներին»:

Հիշեցնենք, որ 1972թ.-ին պաշտոնական մեկ այլ զեկույցում 14 մարդ սպանած զինվորներն արդարացվել էին եւ սպանդի պատասխանատու էին հայտարարվել հենց ցուցարարները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել