ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը միակողմանիորեն խստացրել է Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները: Միացյալ Նահանգների կազմած «սեւ ցուցակը» համալրվել է ավելի քան 30 իրանական ընկերությունների եւ պաշտոնատար անձանց անուններով: Վերջիններիս թվում են նաեւ Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին (ձախից) եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավար Մոհամմեդ Ալի Ջափարին (աջից):
Սպիտակ տան ներկայացուցիչների ասելով, պատժամիջոցների նպատակը Իրանի միջուկային ծրագրի ծավալմանը, նաեւ բալիստիկ հրթիռների ստեղծմանը խոչընդոտելն է, իսկ պատժամիջոցները կիրառվելու են այն մարդկանց նկատմամբ, որոնց գործունեությունը նպաստում է Իրանի միջուկային եւ հրթիռային ծրագրերի ծավալմանը, նաեւ օգնում է այդ երկրին՝ շրջանցելու միջազգային պատժամիջոցները: ԱՄՆ կողմից կիրառվող նոր պատժամիջոցներով ամերիկացիներին արգելվում է «սեւ ցուցակում» մատնանշված իրանական իրավաբանական ընկերությունների հետ որեւէ ֆինանսական համագործակցություն, նաեւ սառեցվում են այդ ընկերությունների բոլոր ակտիվները, որոնք գտնվում են ԱՄՆ-ի իրավազորության ներքո: ԱՄՆ-ի կազմած նոր «սեւ ցուցակում» են հայտնվել ավելի քան 90 իրանական նավեր, որոնց ծառայություններից իրանական «Irisle» տրանսպորտային ընկերությունն օգտվել է պատժամիջոցները շրջանցելու համար: