Շաբաթ օրը՝ հունիսի 19-ին, Շարլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի կունենա համերգ՝ ընդդեմ օտարալեզու դպրոցների հայտնի օրինագծի: Համերգի կազմակերպիչներն են՝ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամները: Համերգի անցկացման համար կազմակերպիչները երեկ դիմումով ներկայացել էին Երեւանի քաղաքապետարան՝ թույլտվության ակնկալիքով: Դիմումն ընդունեց քաղաքապետարանի կազմակերպչական բաժնի պետ Գագիկ Բաղդասարյանը եւ որեւէ խնդիր չառաջացավ:
«Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամ Արամ Ապատյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ մտավախություն ուներ, թե թույլտվություն չեն ստանա, ինչի համար էլ լրագրողների էր հրավիրել:
Այժմ կազմակերպիչները զբաղվում են տարածքի հետհամերգյան մաքրման հարցերով, որոնք առաջ քաշեց քաղաքապետարանի կազմակերպական բաժնի պետը: Ավելի ուշ տեղեկացանք, որ ինչ-ինչ խնդիրներ են ծագել Կենտրոն վարչական շրջանի հետ: