Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ ընտրել է խորհուրդը»

Հունիս 18,2010 00:00

ԵՊՀ ռեկտորն այսպես է արձագանքում իր պաշտոնանկության մասին լուրերին

Լրացավ Սիմոնյան Արամի ԵՊՀ ռեկտորի աթոռին նստելու 4 տարին: Հետեւելով այս մարդու գործունեությանը, ուսումնասիրելով նրա գործունեության մասին ՀՀ իշխանությունների տեղեկացվածությունը, կարելի է հանգել մեկ եզրակացության՝ հետեւողականորեն իրականացվում է ԵՊՀ-ի դեբիլացման գործընթաց: Սիմոնյան Արամին հաջողվել է այս 4 տարիների ընթացքում ազատվել գիտամանկավարժական բարձր որակներ ունեցող շատ կադրերից եւ համալսարանը լցնել դատարկագլուխ մանրապճեղներով, որոնց գիտելիքները չեն կարող համեմատվել նույնիսկ միջակ ուսանողի գիտելիքների հետ: Այնքան ակնհայտ է Սիմոնյան Արամի եւ ԵՊՀ ռեկտորի պաշտոնի անհամապատասխանությունը, որ այս 4 տարիների ընթացքում պարբերաբար քննարկվում է նրա պաշտոնանկ լինելու հարցը, իսկ լրագրողների կողմից դրա մասին նրան ուղղված հարցերին տրվում է միեւնույն պատասխանը. «Ինձ ընտրել է խորհուրդը մինչեւ 2011թ.-ի մայիսը, եւ նա էլ իրավասու է ինձ հանել»: Սա ասում է մի մարդ, ով շատ լավ գիտի, թե ինքը ինչպես է «ռեկտոր» դարձել, որ համապատասխան վայրից ընդամենը մեկ կարգադրություն, եւ ինքը խելոք հրաժարական կտա (ձեւական պատճառները շատ են, ընտրություն անելը հեշտ է): Այն, որ իրեն դրել են տեղ պահելու համար, անձընտրյալը լավ գիտի: Չես կարող չմոռանալ պաշտոնյա մի քանի համալսարանականների ծիծաղը իրենց «ռեկտորի» վրա, երբ նա վերադարձել էր ԵՊՀ խորհրդի նախագահի մոտից եւ սեղան գցել, որ իրեն այս անգամ էլ չհանեց: Այս շրջանում (մոտ 1.5 տարի առաջ) նույնպես ակտիվորեն քննարկվում էր պարոնին ռեկտորի աթոռից զրկելու հարցը: 2011թ. մայիսի մասին անընդհատ նշելով նա կարծես հեռակա աղերսում է՝ թող մի քիչ էլ մնամ: Սակայն Սիմոնյան Արամը ունի մի կարեւոր՝ Հայաստանն «առաջ» տանող հատկանիշ, որը նրա «ստրախովկան» է (այս բառը նա սիրում է օգտագործել այս կամ այն բարեխիղճ աշխատողին գործից հանելը իր շրջապատին որպես սխրագործություն ներկայացնելիս): Այդ հատկանիշի մասին նույնիսկ մուլտֆիլմ է նկարահանվել: Մուլտֆիլմը խարակաձկան (տպրՍՈՐՖ) մասին է, որը ամբողջ կյանքի ընթացքում ապրելով աննկատ եւ «խոհեմ» կյանքով (ինչպես ասվում է մուլտֆիլմում), իր կյանքի վերջում երազ է տեսնում, որ գետի խոշոր ձկները իրեն պարգեւատրում են այդպիսի կյանքի համար: Աննկատ եւ «խոհեմ» կյանքով է ապրում Սիմոնյան Արամը, սակայն միայն իշխանությունների համար: Եվ քանի որ անհրաժեշտ է ռեժիմով ապացուցել իշխանությունների համար իր աննկատությունը եւ «խոհեմությունը», նա խիստ ուշադիր հետեւելով ԵՊՀ խորհրդի նախագահի աշխատանքային գրաֆիկին, իր պարտքն է համարում ներկա լինել բոլոր այն միջոցառումներին, որտեղ ծափահարությունների հնարավորություն եւ անհրաժեշտություն կա: Իսկ ծափահարել եւ հերթապահ ժպիտը ցուցադրել՝ անհրաժեշտ է, իհարկե, միայն տեսախցիկների առաջ: Սա, անշուշտ, պաշտոնը պահպանելու գլխավոր նախադրյալն է: Սակայն եթե մուլտֆիլմում խարակաձուկը այդպիսի կյանքի համար մեդալը ստանում է երազում, Հայաստանում դա իրականություն է: Սիմոնյան Արամը մեդալներ է ստանում՝ Խորենացու անվան… Խորենացին, իհարկե, կպարծենա, որ իր անվան մեդալով պարգեւատրվել է գիտության եւ կրթության ոլորտների այդչափ կարկառուն կերպարը:

Ցանկացած երկրում, իհարկե, կա սիմոնյանարամ տեսակը՝ մի տեղ շատ, մի տեղ քիչ: Սակայն քիչ թե շատ նորմալ երկրներում այդ տեսակը նույնիսկ իրավունք չունի երազելու ազգային անվտանգության համար այնպիսի կարեւոր նշանակության հաստատության ղեկավարի պաշտոնի մասին, ինչպիսին ԵՊՀ-ի ռեկտորն է: Իսկ Հայաստանում խրախուսվում է այս տեսակը, որի պատճառով մասնավորապես ԵՊՀ-ում գրեթե ոչնչացվել են որակյալ, միջազգային ասպարեզում մրցունակ գիտական կադրերը: Այսօր ԵՊՀ-ում այս տեսակը բազմանում է, ստեղծում քծնանքի ենթակարգություն, ահաբեկում իսկական մտավորականին, գիտնականին, քաղաքացուն, նրանց դարձնում կամազուրկ, մի կտոր հացից կախված: Այսօր այս մարդու կողմից իրականացվող կադրային քաղաքականության կործանարար հետեւանքները զգացվելու են տասնամյակներ շարունակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել