Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԻՄՈՐԴՆ ՈՒԶՈՒՄ ԷՐ «ԷՊԻԼՅԱՑԻԱ» ԱՆԵԼ

Հունիս 18,2010 00:00

\"\"Անգլերեն թեստ հանձնած երեխան ապելյացիան՝ բողոքարկումը, էպիլյացիայից՝ մազահեռացումից չի տարբերում

Երեկ ժամը 9-18-ը քննակենտրոններում հերթապահող բողոքարկման հանձնաժողովները ընդունում էին օտար լեզու առարկայի միասնական քննությունից դիմորդների բողոքարկումները: Դրանք, ի տարբերություն հայոց լեզու եւ գրականություն առարկայի, ավելի քիչ էին, սակայն պակաս «մեղադրական» չէին:

Մալաթիա-Սեբաստիա համայնքի Գ. Գյուլբենկյանի անվան թիվ 190 դպրոցում շուրջ կես ժամ անգլերենի քննության արդյունքների ցուցակներն էր վերլուծում մի դիմորդի ծնող: Հետաքրքրվեցինք՝ վրդովվա՞ծ է (նրա դեմքի արտահայտությունն էր դա հուշում): «Ախր ո՞նց չվրդովվեմ, հայերենի թոհուբոհից հետո ծնողներն ու դիմորդները հուսահատված են, դրա համար էլ անգլերենը որդիս վատ է հանձնել: Էդ հայոց լեզվի մասին էլ, որ ասում են իբր 4 միավոր բարձրացնելու են, սուտ է: Շատ-շատ՝ մեկ միավոր, էն էլ որպես շան թուլի բաժին»,-ասաց ծնողը:

Երեւանի պետական բժշկական համալսարանում տեղակայված քննակենտրոնում ժամը 12-ի դրությամբ գրանցվել էր 3 դիմում-բողոք: Դիմորդ Ամալյա Աբրահամյանի կարծիքով՝ անգլերենի թեստի Ա-2 առաջադրանքն ունի երկակի պատասխան, Ա-3-ի հարցը սխալ է ձեւակերպված, Բ-52, Բ-55 առաջադրանքներում չկան ճիշտ պատասխաններ: Բ-60-ում հարցը դպրոցական ծրագրի շրջանակներից դուրս է, իսկ Բ-69 առաջադրանքն ունի երկակի պատասխան:

Գուրգեն Մելքոնյանն էլ վիճարկում էր Ա-1 եւ Ա-11 առաջադրանքները, պնդում, որ դրանցում հարցը սխալ է, իսկ Ա-22-ում չկա ճիշտ պատասխան:

Ժ. 12.45-ին մի տղա-դիմորդ իր մայրիկի հետ եկավ բողոքարկման: Նա 5 տարի անգլերեն էր պարապել, սակայն իր ուզածի պես չէր կարողացել հաղթահարել թեստը: Նրա կարծիքով՝ մեղավորը թեստագիրներն էին. «4-րդ տարբերակի Ա-1 առաջադրանքի տեքստը շատ բարդ էր, Ա-2-ի ճիշտ համարվող պատասխանի հետ մենք համաձայն ենք, բայց իմ նշած պատասխանն էլ է ճիշտ: Venegable բառն էլ էին ընդգրկել թեստում, բայց մասնագետներն ասում են, որ դա մագիստրատուրայի խորացված հոսքի ուսանողների մակարդակի բառ է, որը նշանակում է՝ հնագույն»:

ԵՊՀ քննակենտրոնում ժ. 13.30-ի դրությամբ գրանցվեց 3 դիմում-բողոք: Արթուր Հարությունյանն «անբավարար» էր ստացել եւ դիմում-բողոքով խնդրում էր վերահաշվարկ կատարել: Նարեկ Հայրապետյանը, ինչպես բողոքարկող դիմորդների մեծամասնությունը, բողոքում էր որոշ առաջադրանքների՝ երկակի պատասխանների համար:

Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում էլ քաշքշուկն անպակաս է: Այս անգամ էլ «բախվեցին» երկու բողոքարկող ծնողներ: Մի կին հանկարծ սկսեց վրդովված խոսել մեկ այլ ծնողի հետ, որը բողոքարկման էր եկել իր «ռոմանո» ընդունվող դստեր հետ. «լավ կլինի, որ քննություն բողոքարկելուց առաջ քո աշխատած խանութում մթերքը չթերակշռես ու բարի լինես ՀԴՄ կտրոն տալ»: Այս խոսքերից հետո տիկինը «հարձակվեց» իր հարեւանուհու վրա:

Քիչ անց ֆրանսերենի համար բողոքարկելու եկան երկու դիմորդ, որոնք հարցրին. «Ստեղ ե՞ն էպիլյացիա անում»: Հետո իրենց ուղղելով՝ մի կերպ արտաբերեցին «ապելյացիա» բառը: Այս դպրոցում մինչեւ ժ. 14.30-ը գրանցվեց 14 բողոք, 12-ը՝ ֆրանսերենից: Դրանցով դիմորդների մեծամասնությունն ուզում էր, որ իր արդյունքները վերահաշվարկվեն: Դիմում-բողոք ներկայացրած դիմորդների մեծամասնությունը կարծում էր, որ Ա-1, Ա-9 առաջադրանքներում կա տպագրական սխալ, ըստ նրանց՝ Ա-1-ը ունի նաեւ երկակի պատասխան, այդպիսին են այլ առաջադրանքներ եւս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել