Լրահոս
Օրվա լրահոսը

37. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ

Հունիս 18,2010 00:00

\"\"
Հայաստանի ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրեն՝ պրոֆեսոր Աշոտ Գրիգորյանը:

\"\"
Թանգարան-ինստիտուտը:

Սպառողների ասոցիացիայի նախագահի հեռանալուց հետո, կարծում էի, թե արդեն ազատվել եմ կառավարական տան ճնշումից։ Սակայն մտքերս տարան Սփյուռքի նախարարություն։ Նախարար Հրանուշ Հակոբյանը ամեն առիթով կրկնում է «Հայի տունը Հայաստանն է» կարգախոսը։ Սակայն փաստ է, որ հայրենի եզերքից արտագաղթը՝ այս խոսքերից հետո չի դադարում, այլ շարունակվում է։ Իսկ իրականությունը ոչ մի կարգախոսով չես թաքցնի։ Այլ կերպ իրավիճակը չես կարող գնահատել ու ճիշտ որոշումներ կայացնել։ Հասարակական հարցերում աննշան թվացող վրիպումը կարող է կործանարար լինել նույնիսկ երկրի մասշտաբով։ Չեմ ասում՝ հաշտվենք այս երեւույթի հետ, սակայն պետք է հաշվի նստել իրականության, հասարակական երեւույթների ու գործընթացների հետ։ Ուրեմն եւ ելնելով իրականությունից, առաջարկում եմ «Ամեն հայի տուն՝ փոքրիկ Հայաստան» կարգախոսը։ Հայրենիքի շահերը պահանջում են, որ հայի տունը, աշխարհի որ ծայրում էլ լինի, հայեցի դառնա՝ ազգային մշակույթով, սովորություններով, կենցաղով, մտածելակերպով, այնպես, որ հայ ընտանիքը, որտեղ էլ ապրելիս լինի, սերտորեն կապված լինի հայրենիքի հետ, ապրի նաեւ նրա կյանքով, նրա հաջողություններով ու տագնապներով։ Ժամանակակից տեխնոլոգիական միջոցները, համացանցը նման հնարավորություն են տալիս։ Ու պատկերացրեք աշխարհով մեկ «հայի տների» միավորումը։ Մենք կարող ենք ամենահզոր ժողովուրդներից մեկը դառնալ, քանի որ կունենանք աշխարհատարած ազգ-պետություն։ Իսկ ո՞րն է աշխարհածավալ յուրաքանչյուր հայի շահը։ Հիմքում անհրաժեշտ է հենց շահի խնդիրը դնել։ «Եթե հայ ես, ուրեմն պետք է շահես», կամ՝ «Հայ լինելը ձեռնտու գործ է», քանի որ մյուս հայերը միշտ կօգնեն քեզ, կնպաստեն քո բիզնեսին, քո առաջընթացին՝ հանուն ցանկացած հայի ու նաեւ համայն հայության բարօրության։ Առաջին հայացքից լուրջ թերություն է մի ժողովրդի համար աշխարհով մեկ ցրված լինելը։ Բայց եկեք այն առավելության վերածենք։ Մենք կարող ենք անել դա։ Անհրաժեշտ կլինի միավորել բոլոր եկեղեցիների, քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, հզոր անհատների, մշակույթի, գիտության գործիչների ջանքերը։ Իսկ որ աշխարհում միակը չենք, որ նման ծրագիր ենք ուզում իրականացնել, ցույց են տալիս չինացիների, հրեաների, ճապոնացիների, հարավկորեացիների օրինակները։

Սփյուռքի նախարարությունից անջատ չեմ կարող քննարկել «Հայաստան» համահայկական հիմնադրամի խնդիրը։ Առաջին հայացքից այն առանձին ծրագրերի շուրջը հայությանը միավորող նման մի կառույց է։ Սակայն եւ հայտնի է, որ ամենամյա դրամահավաքների ժամանակ հավաքվող գումարը, որը հայրենի երկրի շուրջը համախմբվածության չափանիշի է վերածվել, հազիվ է հասցվում $15-16 միլիոնի, այն էլ՝ մի քանի հոգու խոշոր ներդրումների շնորհիվ։ Սակայն վերոհիշյալ ծրագրի գործելու դեպքում պատկերը միանգամայն այլ կլիներ, քանի որ հնարավորություն կստեղծվեր բոլոր հայերին մասնակցելու համահայկական միջոցառմանը։ Ընդ որում, հիմնադրամը այս դեպքում պետք է ներդրում անի նաեւ Հայաստանից դուրս կրթօջախներ, մշակութային հիմնարկություններ բացելու եւ պահպանելու գործում։

Կրկին հայացքս Վերնիսաժից ուղղում եմ դեպի կառավարական տուն։ Այս մի շենքում խտանում են բնապահպանության, քաղաքաշինության, կրթության եւ գիտության, առողջապահության, մշակույթի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունները, մտավոր սեփականության խնդիրները, գումարած ազգային վիճակագրությունը։ Շինության ձախ մուտքից Հայաստանի ճարտարապետության թանգարան-ինստիտուտն է, որի սրահներում հաճախ են ցուցահանդեսներ բացվում։ Երկու տարի առաջ ես այստեղ ցուցադրել էի «Արեւմտյան Հայաստանը՝ մինչեւ 1915թ. լուսանկարներում» ցուցահանդեսը։ Ցուցադրել էի հայկական վեց նահանգների մշակույթը, տնտեսությունը, գյուղերը, քաղաքները, մշակույթի, գիտության, հասարակական գործիչներին։ Ժամանակն է, որ մենք ոչ թե ողբանք, այլեւ տեր կանգնենք մեր երկրին։ Կարծում էի, թե ցուցահանդեսը այս իմաստով շարունակություն կունենա այլ երկրներում։ Սակայն նախարարություններն իրենց նախարարներով լուռ էին, համառորեն խուսափում էին պատասխանից։ Իսկ պահանջատիրությունը եւս գաղափարախոսություն է, որը կարող է հայությանը միավորող, ցեմենտող դերակատարություն ունենալ։

Կառավարական տան կենտրոնական մուտքից եւս կարելի էր Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ մտնել, սակայն գերադասեցի ձախակողմյան մուտքը։ Առաստաղից կախված էր Երեւան քաղաքի արբանյակային մեծադիր լուսանկարը։

– Ուղղակի որպեսզի չծալենք ու պահպանենք, որոշեցի կախել առաստաղից,- ասաց թանգարան-ինստիտուտի տնօրեն Աշոտ Գրիգորյանը։

Առաջին սրահում ճարտարապետության բնագավառում հայ հռչակավոր ճարտարապետների դիմանկարներ են, որը սկսվում է պոլսահայ պալատական ճարտարապետների Պալյան գերդաստանի երեք ներկայացուցիչների լուսանկարներով։

– Առաջինը Կարապետ Պալյանն է, որը գործել է 19-րդ դարի սկզբներին,- պատմեց տնօրենը,- Պալյանների գերդաստանը ողջ հարյուր տարի առաջնակարգ դեր ուներ Թուրքիայի ճարտարապետության մեջ։ Հաջորդը Դավիրխանյանն է, որը Թավրիզի, Սպահանի բազմաթիվ նշանավոր կառույցների հեղինակ է։ Իրանահայ ճարտարապետին հաջորդում են 1900-ականների ճարտարապետության մեջ նոր հիմնադիրներից Գաբրիել Գեւորգյանն ու Քրիստաֆոր Թադեւոսյանը, որոնք Աթենքի խարտիայի անդամ են ու հռչակավոր Լե Կորբյուզեի թիմակիցները։

– Այսինքն, ներկայացնում եք Սփյուռքի հռչակավոր ճարտարապետներին։

– Հավաքում ենք աշխարհասփյուռ հայ ճարտարապետների նյութերը, թողած ժառանգությունը։ Վերջապես, մշակույթի այս ոլորտում դուրս ենք եկել խորհրդային սահմաններից, «Հայ ճարտարապետները» խորագրով 20 տարվա ընթացքում պատրաստել ենք 27 հատոր գիրք։ Դա լուրջ եւ հիմնարար աշխատանք է։ Մեր հասարակությունը պետք է ճանաչի նրանց, ի վերջո, այդ ամենը պետք է վերադառնա հայրենիք։

– Ու սա է հայրենիք բերելու ճիշտ ձեւը։ Այսինքն, ոչ թե ճարտարապետին բերենք ու ստիպենք, որ անգործ թափառի Երեւանի փողոցներում ու սրճարաններում, այլ տիրություն անի նրանց թողած ժառանգությանը։ – Իսկ հնար կա՞ տպագրելու։

– Առայժմ՝ ոչ։

Հաջորդ սրահում ճարտարապետ Հարություն Չալիկյանի՝ հայ ճարտարապետների ընկերական շարժերն են։ Այս սրահի մի մասում ներկայացված են Երիտասարդական պալատի տեղում Միջազգային բիզնես-կենտրոնի կառույցի համար հայտարարված մրցույթի մասնակիցների այն աշխատանքները, որոնք դուրս են մնացել ու չեն քննարկվել հանձնաժողովի կողմից։ Դրանք հետաքրքիր են՝ խնդրին տարբեր ճարտարապետների մոտեցման, մտածելակերպի տեսանկյունից։ Թանգարանի աշխատակիցներին հաջողվել է ներկայացնել միայն տասը աշխատանք, իսկ մասնակիցների թիվը անցնում էր հարյուրից։ Թանգարան-ինստիտուտը հավաքում է նաեւ 1920-ական թվականներին թամանյանական առաջարկությունից սկսած Երեւանի հյուսիսային պողոտայի բոլոր նախագծերը, որոնք բավականին հետաքրքիր են հենց խնդրի պատմության, լուծման յուրովի մոտեցումների տեսանկյունից։

– Ինձ թվում է, որ ժամանակին շատ աշխատանքներ ուղղակի պատշաճ ուշադրության չեն արժանացել, լավ չեն վերլուծվել, որի պատճառով էլ դուրս են մնացել։ Հույս ունեմ, որ աշնանը կհրատարակենք այդ ամենը մի ամփոփ գրքում,- ասաց Ա. Գրիգորյանը։

Երրորդ սրահում Կետի Կոնտակչյանի «Արեւմտյան Հայաստանը լուսանկարներում» ցուցահանդեսն է։

– Չէ, չանհանգստանաս, երկու տարի առաջ այստեղ բացված քո ցուցահանդեսի հետ կապ չունի,- կատակով ասաց թանգարան-ինստիտուտի տնօրենը,- դու ներկայացրել էիր Արեւմտյան Հայաստանի մինչեւ 1915 թվականի լուսանկարները, իսկ սա Կետին ինքն է լուսանկարել։ Շրջել է պատմական Հայաստանում ու նկարել։ Պրոֆեսիոնալ լուսանկարիչ չէ, բայց բնությունից, շինություններից, հուշարձաններից հետաքրքիր պահեր է որսացել։

– Երեւի այստեղ կարեւորն այն է, որ պրոֆեսիոնալիզմի փոխարեն ավելի անմիջական է ու ներկայացրել է ամեն հայկականը՝ ապառաժներին փորագրված խաչերից մինչեւ Կտուց վանքը։

– Ու վանքի թմբուկի լուսանկարում երեւում է շրջանաձեւ հիմքից բազմանիստի անցումը, որը եզակի երեւույթ է ճարտարապետության մեջ,- պատմեց Ա. Գրիգորյանը,- մի քանի օր առաջ Կետի Կոնտակչյանը Թուրքիայից Հայաստան եկած զբոսաշրջության բիզնեսի մասնագետների բերեց ցուցահանդեսը նայելու։ Պարզվեց, որ բոլորն էլ քրդեր են՝ Վանից ու այլ արեւմտահայ քաղաքներից։ Նրանցից մեկը դիտելով հայկական հուշարձանների լուսանկարները, ասաց. «Լավ, եկեք այս ամենը մոռանանք ու ամեն ինչ նորից սկսենք»։ Կետին վեր քշտեց բլուզի թեւքն ու ցույց տվեց ձեռքի սպին. «Սա ի՞նչ է»։ Թե. «Վերք է եղել»։ «Այո, սպիացել է, բայց երբ տեսնում եմ, հիշում եմ։ Սրանք մեր ժողովրդի հազարավոր վերքերն են մեր երկրում։ Ո՞նց եւ ինչո՞ւ մոռանանք»։

Լուսանկարներում Ռշտունիքն է, Ճհուկը, Թորթումը, Բերկրին, Սուլուխը, Անգղը, Ճորոխը, Հայոց լեռնապատումները, որոնք պահպանում են հայոց հետքերը, նշանները…

Թանգարան-ինստիտուտը պետք է հիմնադրվեր։ Մոսկվայի Շուսեւի անվան ճարտարապետության համամիութենական ինստիտուտ-թանգարանի ղեկավարության հետ 1988-ի դեկտեմբերի 7-ին պայմանագիր էին ստորագրում Երեւանում մասնաճյուղ հիմնելու մասին, երբ հայտնեցին, որ Հայաստանում կործանարար երկրաշարժ է տեղի ունեցել։ Թանգարան-ինստիտուտի հիմնադրումը հետաձգվեց երկու տարով։

– Դուք հավաքում եւ ուսումնասիրում եք հայ ճարտարապետական մտքի հարուստ ժառանգությունը, բայց մի՞թե ձեզ հատկացված տեղը հերիքում է նման արխիվը պահպանելու, ցուցադրելու համար։

– Ցավոք, մեզ խցկել են այս սրահը, բայց նման ծավալի աշխատանքի, դրանք պահպանելու, ցուցադրելու համար պայմանները անբավարար են։

– Խորհրդային կարգերի փլուզումից հետո գործարանային բազում շինություններ անգործության են մատնված։ Մի՞թե չի կարելի դրանցից մեկը ձեր թանգարան-ինստիտուտին հատկացնել։

– Նախ, այդ շինությունները տերեր ունեն։ Հատկացումը կամ վաճառքը անտեսանելի է։ Ոչ մի շենքի չես էլ կարող մոտենալ։ Իսկ երազում ենք հին դարերից մինչեւ մեր օրերը հայկական ճարտարապետության մշտական ցուցադրություն ունենալ։ Իհարկե, գործառույթից դուրս մնացած գործարանային շինությունը լավ լուծում կլիներ, բայց խնդիրը կառավարության օրակարգ մտցնելու համար հազար ու մի բյուրոկրատական քաշքշուկների միջով պետք է անցնել։ Դա առայժմ ինձ չի հաջողվել։

– Ինքս էլ կցանկանայի նման մի շինության պայմաններում լուսանկարչության ազգային թանգարան հիմնել, մանավանդ որ, հին լուսանկարների հսկայական հավաքածու ունի «Շուշի» հիմնադրամը։

– Բայց դու այն Շուշի բերդաքաղաքում էիր ուզում հիմնել։

– Առայժմ ոչինչ չի ստացվում։ Լավ, կներեք, շեղվեցինք բուն նյութից։ Պատմեք ձեր կազմակերպած ցուցահանդեսների մասին։

– 1990թ. սկսած, տարեկան 10 ցուցահանդես ենք կազմակերպում ոչ միայն մեզ մոտ, այլեւ Ֆրանսիայում, Հունաստանում, Իտալիայում, Իրանում, ԱՄՆ-ում եւ այլուր։ 1996 թվականից հայկական ճարտարապետությունը ներկայացնում ենք Վենետիկյան բիենալեին՝ աշխարհի ճարտարապետական միջազգային ամենախոշոր միջոցառմանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել