Կապանի համայնքի ավագանին հաստատել է «Կապան քաղաքի շրջակա միջավայրի եւ բնակչության առողջության պահպանման 2011 թվականի ծրագիրը», ըստ որի՝ բնապահպանական միջոցառումների իրականացման համար նախատեսված է 28,34 միլիոն դրամ, իսկ 11,21 միլիոն՝ առողջապահության բնագավառում կատարվելիք միջոցառումների համար:
Բնապահպանության մասով ծրագրով նախատեսվում է մակերեւութային ջրերի եւ ջրային էկոհամակարգի պահպանություն, քաղաքի միջով հոսող Ողջի գետի հունի մաքրում, մթնոլորտային օդի պահպանություն՝ կանաչազարդ տարածքների վերականգնման եւ ընդլայնման շնորհիվ, ինչպես նաեւ բազմաֆունկցիոնալ ջրցան մեքենայի ձեռքբերում:
Իսկ ծրագրի առողջապահության մասում նախատեսվում է բուժսարքավորումների ձեռքբերում Կապանի բժշկական կենտրոնի համար, ինչպես նաեւ աջակցություն՝ մանկապարտեզ հաճախող մինչեւ 6 տարեկան երեխաներին հավելյալ սննդով ապահովելու հարցում:
Հաստատված ծրագիրը կներկայացվի ՀՀ տարածքային կառավարման եւ ֆինանսների նախարարություններ՝ 2011 թվականի պետբյուջեում գումարներ նախատեսելու համար: