Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԾԱՓԱԹԱՂՈՒՄ ԿՌԻՎ Է ԸՆԿԵԼ

Հունիս 18,2010 00:00

Գյուղացին պնդում է, որ գյուղապետը իրեն հալածում է, իսկ մարզպետը՝ չի լսում, պաշտոնյաները պնդում են, որ իրականությունը այլ է:

\"\"

Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Ծափաթաղ գյուղի բնակիչ Մարո Սարգսյանի եւ նրա զառամյալ մոր՝ Սաթենիկ Դանիելովայի գանգատը «Առավոտը» լսել եւ հրապարակել է 2008 թվականի օգոստոսի 18-ին: Սրանից երկու տարի անց Մարո Սարգսյանն ու նրա մայրը կրկին հասել էին խմբագրություն՝ ասելու, որ իրենց վիճակը շատ ծանր է: «Մենք Մարտակերտի շրջանի Չայլու գյուղում չենք կրել այնպիսի տառապանքներ, ինչպիսին կրում ենք Ծափաթաղում»,- ասաց Մարո Սարգսյանը:

Ըստ բողոքավորների, Ծափաթաղի գյուղապետ Թագուհի Բոյախչյանը իրենց հալածում է, գյուղի կարիքավորների համար նախատեսված օգնությունը բաժանում իր հայեցողությամբ. «ես էլ բողոքել եմ, եւ ում օգնություն չէր հասնում՝ կտրել են»: Մարո Սարգսյանը պնդում է, որ գյուղապետ Թագուհի Բոյախչյանի որդին՝ գյուղի դպրոցի տնօրենը «իմ 17 տարեկան երեխային աշխատացնում է օրը 3000 դրամով՝ տղաս ծառերի բունն է փխրեցնում, հող է փորում, բայց փողը չի տվել»: Բողոքավորները ասացին, որ իրենք ապրում են կիսավեր ու խոնավ մի տանը՝ 1988-ից հետո գյուղից հեռացած մի ադրբեջանցու նախկին ջերմոցում: Ժամանակին Ծափաթաղում տուն են ունեցել, որը 1993-94 թվականներին իրենցից խլել է Ծափաթաղի այն ժամանակվա գյուղապետը՝ այսօրվա գյուղապետի հայրը: «Մենք ապրում էինք Աբովյանում, ես ոչ մի տեղ գրած նամակ չունեմ, բայց ինչ տեղափոխվել ենք Ծափաթաղ՝ գրել եմ ու գրել: Մարզպետին էլ եմ դիմել՝ կոպտել է եւ դուրս հրավիրել»,- ասաց Մարո Սարգսյանը եւ հավելեց, որ իր հողի վրա աչք ունի Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը, իսկ գյուղապետը փող է ուզում, որ հողի հարցերը լուծվեն եւ փաստաթղթերով հողը դառնա Սարգսյանի սեփականությունը:

Ծափաթաղի գյուղապետ Թագուհի Բոյախչյանը Հանրապետական կուսակցության անդամ է, 2000 թվականից այսկողմ երեք անգամ անընդմեջ գյուղապետ է ընտրվել, այս հունիսի 27-ին Ծափաթաղում գյուղապետի ընտրություն է եւ առաջադրվել է միայն մեկ թեկնածու՝ Թագուհի Բոյախչյանը: Մարո Սարգսյանը ասում է, որ Թագուհի Բոյախչյանը սպառնում է գյուղացիներին, ասում է՝ ինձ չընտրեք, այս գյուղում չեք ապրի:

Մեզ հետ զրույցում Ծափաթաղի գյուղապետ Թագուհի Բոյախչյանն ասաց, որ ինքը Մարո Սարգսյանին եւ նրա ընտանիքին չի հալածում. «Մարո Սարգսյանը բողոք է ներկայացրել անգամ Ազգային ժողով: Ես էլ ասացի, գնացեք իր երեխաներին հարցրեք, եթե նրանք կասեն Թագուհին մեր մամային ծեծել է, ուրեմն՝ ծեծել եմ, թե չէ, ուրեմն՝ չէ: Ես կարող եմ ասել, որ այդ մարդիկ ինչ-որ տեղ հոգեկան շեղում ունեն»: Գյուղապետը հերքեց Մարո Սարգսյանի հայտարարությունը, թե իր որդին Մարոյի որդուն աշխատեցրել ու չի վճարել. «եթե այդպես լիներ, նրա որդին չէր գա ու իմ որդուն ասեր՝ Դավիթ, աշխատանք չկա՞, անեմ: Եթե իր տղային ասեք, որ մամադ այսպիսի բան է ասում՝ չեք պատկերացնում, թե նա իր մոր գլխին ինչ օյին կդնի»: Իսկ հողի սեփականության հարցը լուծելու դիմաց գումար պահաջնելու մասով էլ գյուղապետը ասաց. «Նրանք տարածքը անօրինական են զբաղեցնում: Մենք ասել ենք, եկեք օրենքով սահմանված մուծումները արեք եւ դարձեք սեփականատեր: Ասել ենք, երբ վճարունակ կլինեք՝ այն ժամանակ էլ վճարեք: Բայց եթե իրենք իրենցից կախվածը չեն անում, մենք ի՞նչ անենք»:

Իսկ ընդհանրապես, ըստ Թագուհի Բոյախչյանի, կան մարդիկ, որ չեն սիրում աշխատել, բայց ուզում են բոլորից լավ ապրել. «դրանցից մեկն էլ Մարո Սարգսյանն է, որ խեղճուկրակ պառավ մոր ձեռքից բռնած ամբողջ օրը բողոքներ է գրում: Ամբողջ աշխարհը մեղավոր է, որ ինքը չի ուզում աշխատի…»:

Թագուհի Բոյախչյանին խնդրեցինք անդրադառնալ նաեւ Մարո Սարգսյանի պնդումներին, թե Բոյախչյանի հայրը խլել է Սարգսյանի հոր տունը: Գյուղապետը ասաց, որ նման բան չի եղել: Պարզապես Սարգսյանները 1993 թվականին եկել ու նստել են հեռացած ադրբեջանցու տանը, այն դեպքում, երբ ադրբեջանցին հեռանալիս այդ տունը փոխանակել էր մի հայի տան հետ: Եվ վեճ է եղել տան նոր սեփականատիրոջ ու Սարգսյանների միջեւ: Արդյունքում՝ Սարգսյանների հարազատներից մեկը հետախուզման մեջ է, մյուսը՝ այն ժամանակ հինգ տարով ազատազրկվել է: «Իմ հայրը այդ տան հետ ոչ մի կապ չի ունեցել: Պարզապես զուգադիպել է, այդ դեպքերի ժամանակ իմ հայրն է եղել գյուղապետը»,- ասաց տիկին Բոյախչյանը:

Մարո Սարգսյանի բարձրացրած հարց-մեղադրանքներին պատասխանելու առաջարկով դիմեցինք նաեւ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանին: Նա ասաց, որ Սարգսյանները զբաղեցնում են Թուֆենկյան հիմնադրամին պատկանող տարածքում գտնվող մի շինություն՝ տնակ: «Հիմա նա ուզում է այդ տարածքը վերցնի, որ 20 000 դոլարով վաճառի Թուֆենկյանին: Մարո Սարգսյանն է այդպես հայտարարում եւ ասում՝ պիտի վերցնեմ, որ ծախեմ Թուֆենկյաններին»,- ասաց Նվեր Պողոսյանը: Մարզպետը ասաց նաեւ, որ հողի սեփականատեր դառնալու համար բնակիչը պետք է պետականորեն սահմանված մուծումներ անի՝ հողի կադաստրային արժեքին համապատասխան: Մարո Սարգսյանի դեպքում՝ գումարը 460 000 դրամ է, «սակայն Մարոն վճարել չի ուզում, ասում է՝ պիտի ձրի ստանամ»,- հավելեց Գեղարքունիքի մարզպետը:

«Այս հարցով զբաղվել են եւ ՀՀ նախագահի, եւ վարչապետի վերահսկողական ծառայությունները: Մենք Մարո Սարգսյանին առաջարկել ենք այլ տարածք, չի համաձայնում: Նա այս հարցով առնվազն 200 դիմում է գրել: Իր նպատակը շանտաժի միջոցով փող աշխատելն է: Բայց նա անտուն չէ: Նա տուն ունի եւ Աբովյանում, եւ Ղարաբաղի Քարվաճառի (Քելբաջարի) շրջանում»,- հայտարարեց Գեղարքունիքի մարզպետը: Ինչ մնում է Մարո Սարգսյանին լսելու փոխարեն կոպտել-ճանապարհելուն, մարզպետն ասաց՝ «եթե դուք մտածում եք, որ մարզպետը պետք է մարդկանց կոպտի ու ճանապարհի, չգիտեմ ինչ ասեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել