Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայ կանայք վաճառվում են

Հունիս 18,2010 00:00

Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի 2009թ. թրաֆիքինգի վերաբերյալ զեկույցի, «ՀՀ կառավարությունը լիակատար չափով չի պահպանում մարդկանց առեւտրի վերացման նվազագույն ստանդարտները, սակայն զգալի ջանք է գործադրում դրա համար»:

Հայաստանը սեռական շահագործման նպատակով Արաբական Միացյալ Էմիրություններ եւ Թուրքիա կանանց ու աղջիկների թրաֆիքինգի աղբյուր հանդիսացող երկրներից մեկն է եւ նշվում է, որ հարկադիր աշխատանքի նպատակով իրականացվում է նաեւ հայ տղամարդկանց եւ կանանց փոխադրում Ռուսաստան: Ոչ կառավարական կազմակերպությունների տվյալներով, հայ կանայք նույնպես վաճառվում են Թուրքիայում՝ հարկադիր աշխատանքի նպատակով, նույն նպատակով Հայաստանում շահագործվում են Ուկրաինայից եւ Ռուսաստանից եկած կանայք: ԱՄԷ-ում մարդկանց առեւտրի զոհերը սովորաբար Դուբայ են մեկնում Երեւանից կամ Ռուսաստանի քաղաքներով, Թուրքիա թրաֆիքինգի երթուղին, որպես կանոն, անցնում է Վրաստանի տարածքով:

Զեկույցի համաձայն, ՀՀ կառավարությունը 2008 թ. դեկտեմբերին վերսկսել է 2006 թվականի՝ փաստաթղթերով ապացուցված դեպքի հետաքննությունը, երբ մարդկանց առեւտրի համար դատապարտված անձն ազատ է արձակվել եւ պաշտոնատար անձանց հնարավոր աջակցությամբ լքել երկիրը: ՀՀ կառավարությունը $55 հազար է հատկացրել թրաֆիքինգի զոհերին բնակարանով ապահովման ծրագրի գործարկման համար եւ այդ հանցագործության հետեւանքով տուժածներին օգնություն ցուցաբերելու մեխանիզմի իրականացմանը: ԱՄՆ Պետդեպարտամենտը Հայաստանի իշխանություններին կոչ է անում շարունակել մարդկանց առեւտրի բնագավառում կոռուպցիայի դեմ պայքարը՝ իրականացնելով մանրամասն հետաքննություն եւ քրեական հետապնդում, բարելավել զոհերին օգնության ցուցաբերման նոր ազգային մեխանիզմը՝ երաշխավորելով, որ նրանք կստանան օրենքով նախատեսված օգնություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել