Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՄՈՒՍԿՈՒԼ ԳԱԳՈՅԻ» ԽՄԲԻ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ Է

Հունիս 18,2010 00:00

ԱԱԾ քննչական վարչությունն ավարտել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ կատարված մահափորձի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Դատախազությունը մեղադրական եզրակացությունը հաստատել է եւ քրեական գործը մի քանի օր է, ինչ գտնվում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Մեղադրանք է առաջադրվել վեց անձի՝ Գագիկ Մաթեւոսյանին (հայտնի է «Մուսկուլ Գագո» մականունով), Ռաֆայել Մասումյանին, Արտակ Ղուկասյանին, Վազգեն Կարապետյանին, Արայիկ Ոսկանյանին, Գրիգոր Գրիգորյանին:

Խմբի «փորձառու» անդամը՝ Գ. Մաթեւոսյանը, նախկինում եղել է ՀՀ ՆԳՆ ներքին զորքերի հատուկ նշանակության թիվ 1041 զորամասի հրամանատարի տեղակալը՝ հատուկ ֆիզիկական պատրաստականության գծով: Ըստ նախաքննության մարմնի, Գագիկ Մաթեւոսյանը, 2006թ. կեսերից սկսած, մշակել է պաշտոնատար անձանց եւ կազմակերպությունների վրա հարձակվելու, շահադիտական դրդումներով նրանց սպանելու ծրագիր:

Այդ նպատակով նա ստեղծել է զինված հանցավոր խումբ՝ բանդա, օգտագործելով դիվերսիոն եւ հետախուզական գործունեության հմտությունները, որոնք ձեռք էր բերել՝ մասնակցելով «Չղջիկներ» հատուկ նշանակության ստորաբաժանման կազմում ՀՀ սահմանամերձ շրջանների եւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանությանն ուղղված մարտական գործողություններին, հանդիսանալով դրա հրամանատարներից մեկը:

Արդյոք ովքեր են

Գիտությունների թեկնածու՝ քիմիայի, տեխնիկայի եւ էլեկտրոնիկայի բնագավառների մասնագետ Արտակ Հովհաննեսի Ղուկասյան, արցախյան պատերազմի մասնակից, ՀՀ ՊՆ հատուկ նշանակության ստորաբաժանման նախկին սպա Վազգեն Ստեփանի Կարապետյան, նախկինում «Չղջիկներ» ջոկատի մարտիկներ, այնուհետեւ ՀՀ ՆԳՆ ներքին զորքերի հատուկ նշանակության թիվ 1041 զորամասի հրամանատարի սպառազինության եւ անձնակազմի հետ աշխատանքի գծերով տեղակալներ՝ Արայիկ Էդիկի Ոսկանյան եւ Գրիգոր Համբարձումի Գրիգորյան։

Ինչից են սկսել

Գագիկ Մաթեւոսյանը ըստ էության ղեկավարել է բանդա: Խումբը զինվել է նրա կողմից ձեռք բերված զենքով, որը նախաքննության մարմնի կողմից գնահատվել է ապօրինի ճանապարհով ձեռք բերված: Բանդան ուներ անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներ եւ ֆինանսական միջոցներ:

Գագիկ Մաթեւոսյանի խմբի անդամները գործել են գաղտնի:

Զինատեսակները

Ավելորդ չէ նշել, թե ինչ զինատեսակ են օգտագործել նրանք:

«ՌՊԿ» մոդելի (1980) ԱՎ 8723 ձեռքի գնդացիր, ինքնաշեն եղանակով պատրաստված եւ ձեռնափայտի տեսքով քողարկված ակոսավոր հրազեն՝ նախատեսված 5.45 մմ տրամաչափի փամփուշտներով կրակելու համար, 5.45 մմ տրամաչափի ինքնաշեն ակոսավոր դիպուկահար հրացան, 7.62 մմ տրամաչափի «ԱԿ» տեսակի ինքնաձիգ, ինչպես նաեւ ռազմամթերք հանդիսացող «ԱԿ-47» եւ 7,62 մմ տրամաչափի այլ զենքերից կրակ արձակելու համար նախատեսված 329 փամփուշտ, «ԱԿ-74», «ՌՊԿ» եւ 5.45 մմ տրամաչափի այլ զենքերից կրակ արձակելու համար նախատեսված 30 փամփուշտ, «Ֆ-1» տեսակի մարտական բեկորային ձեռքի 3 նռնակ եւ դրանց համար նախատեսված «ՈՒԶՌԳՄ» եւ «ՈՒԶՌԳՄ-2» տեսակի 2 պայթուցիչներ, «ԿԴ-8Ա» տեսակի հրապատիճ-դետոնատոր, «Զարյա-Մ» տեսակի լուսաձայնային նռնակ, «ՍՄ» տեսակի 10 ազդանշանային ական, միանգամյա օգտագործման խորհրդային եւ արտասահմանյան արտադրության մեկական նռնականետ, «ՕՇՊ» տեսակի հրահաղորդ լար, գործարանային արտադրության դետոնացնող 48 ռելե, 25.709 գրամ «պլաստիդ» տեսակի ինքնաշեն պայթուցիկ նյութ եւ փշրող գործողության պայթուցիկ տրոտիլ նյութի 200 գրամ եւ 400 գրամ քաշով 68 պայթաղյուսներ՝ 26 կգ ընդհանուր քաշով, սառը եւ նետողական զենքեր, հատուկ նշանակության հանդերձանք եւ միջոցներ՝ զրահաբաճկոններ, դիմակ-գլխարկներ, հետապնդումը դժվարեցնելու եւ անվադողերը ծակելու համար նախատեսված ցցեր՝ «ոզնիներ», քողարկման եւ անճանաչելի դառնալու համար նախատեսված թատերական շպարման պիտույքներ՝ կեղծամներ, բեղեր եւ այլն։

Շահեն Հովասափյանի դրվագով

Ըստ մեր աղբյուրի, խումբն «անցել» է նաեւ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության պետ Շահեն Հովասափյանի սպանության դրվագով: Սպանությունից մեկ ամիս առաջ Գագիկ Մաթեւոսյանը բանդայի անդամ Վազգեն Կարապետյանին նկարագրել է Շահեն Հովասափյանի բնակության վայրը եւ հանձնարարել է հետեւել նրա բոլոր տեղաշարժերին, սակայն տեղեկանալով վերջիններիս միջեւ դեռեւս պատերազմի տարիներին հաստատված բարյացակամ փոխհարաբերությունների մասին, հրահանգել է Վազգեն Կարապետյանին դադարեցնել իր հանձնարարականի կատարումը։

Սրճարանատիրոջ դրվագով

2007 թ. ամռանը Գ. Մաթեւոսյանը մտադրվում է գումար հափշտակել «Դովիլ» սրճարանի տեր Զեմֆիրա Մամիկոնի Միրիջանյանի՝ Երեւանի Այգեձորում գտնվող առանձնատնից: Նա այդ առանձնատունը ցույց է տալիս Արտակ Ղուկասյանին եւ հանձնարարում է պատրաստել լատեքսային դիմակ՝ հանցագործության կատարման ընթացքում անճանաչելի լինելու նպատակով: Դիմակի պատրաստման հետ կապված՝ Ա. Ղուկասյանը ի վերջո հրաժարվում է «գործից»:

Նախագահի աշխատակազմից էլ

Գագիկ Մաթեւոսյանը մտադրվում է գումար հափշտակել ՀՀ նախագահի աշխատակազմի գործերի կառավարչի տեղակալ Վարուժան Ռաֆիկի Գրիգորյանի եւ նրա դստեր՝ «Փեթակ» տոնավաճառի սեփականատեր Լուսինե Գրիգորյանի՝ Երեւանի Նորքի առանձնատնից: Արտակ Ղուկասյանին ցույց է տրվում առանձնատունը, հանձնարարվում պարզել այնտեղ մուտք գործելու ուղիները: Պարզվում է, որ տարածքը տեսահամակարգի միջոցով հսկվում է, հետեւաբար՝ հրաժարվում են հետագա գործողություններից:

Նախարարի տեղակալի սպանության պատվեր

2007թ. աշնանը Գագիկ Մաթեւոսյանը Արտակի հետ ձեռնամուխ է լինում ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի 1-ին տեղակալ, «Մետրոշինվերանորոգում» ՓԲ ընկերության հիմնադիր Հրանտ Գրիգորի Բեգլարյանի սպանության նախապատրաստմանը։ Արտակ Ղուկասյանին հայտնվում է Հրանտ Բեգլարյանի ծառայողական ավտոմեքենայի մակնիշն ու պետհամարանիշը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության դիմաց այն կայանելու տեղը, հանձնարարվում վաղ առավոտյան դիրքավորվել մոտակայքում եւ պարզել Հ. Բեգլարյանի աշխատավայր գալու հստակ ժամը, նրան դիմավորողների կամ ուղեկցող թիկնապահների առկայության հանգամանքը, հստակեցնել մուտքի համեմատ ծառայողական ավտոմեքենայի դիրքը։ Հավաքվում եւ գրառվում է «Մետրոշինվերանորոգում» ՓԲԸ մյուս հիմնադիրներ Հրաչյա Համլետի Մինասյանի եւ Հրանտ Աշոտի Հախնազարյանի բնակության վայրերի եւ նրանց ավտոմեքենաների վերաբերյալ տվյալները: Պարզվում է, որ Հրաչյա Մինասյանի «ՎԱԶ 21213» մակնիշի 64 ՏՍ 322 պետհամարանիշի ավտոմեքենան կայանվում է Պետկրկեսի հարեւանությամբ գտնվող վճարովի ավտոկանգառում՝ Երեւանի Ագաթանգեղոսի փողոցում: Խմբի անդամներին հանձնարարված էր ուսումնասիրել անգամ թիրախ ընտրված ավտոմեքենայի հեռավորությունը՝ ավտոկանգառում կայանվող մյուս ավտոմեքենաներից։ «Մուսկուլ Գագոն» սպանության նախապատրաստման ընթացքում Ա. Ղուկասյանին խոստացել է վճարել 100 000 ԱՄՆ դոլար, իսկ Հրանտ Բեգլարյանի սպանությունից հետո նրա սեփական կազմակերպությունն անցնելու է իր ընկերոջը։

Հայտնի է, որ Գագիկ Մաթեւոսյանն ու խմբի անդամները չեն ընդունում իրենց մեղսագրվածը: Գ. Մաթեւոսյանի պաշտպանությունը ստանձնել է հայտնի փաստաբան Անահիտ Եսայանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել