Երեկ կառավարության նիստում գործադիրը, փոփոխություններ կատարելով իր նախկին որոշումներից մեկում, կադաստրային քարտեզագրումն ավարտած համայնքների քաղաքացիների համար հնարավորություն է ստեղծել սեփականության իրավունքով նրանց պատկանող անշարժ գույքի նկատմամբ չիրականացված իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքը կատարել անվճար՝ կադաստրի տարածքային ստորաբաժանումների մատուցած ծառայություններից ստացվող եկամտի հաշվին։
Մեկ այլ որոշմամբ ՀՀ կառավարությունը վերաբաշխել է 2010թ. պետբյուջեն, փոփոխել իր ընդունած որոշումներից մեկը եւ պահուստային ֆոնդից 227 մլն 873 հազար դրամ հատկացրել ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետկոմին, այդ թվում՝ Մեղրու տարածաշրջանում օգտագործվող ոռոգման ջրի դիմաց գանձվող վարձավճարի նկատմամբ 50% զեղչ կիրառելու նպատակով։ Որոշման հաջորդ կետով գործադիրը Մեղրու տարածաշրջանի գյուղատնտեսությունը զարգացնելու եւ բնակչության կողմից անհատական ոռոգման պոմպերով օգտագործված էլեկտրաէներգիայի արժեքը փոխհատուցելու համար Սյունիքի մարզպետարանին հատկացրել է 4 մլն 740 հազար դրամ։
Եվս 7 մլն դրամ է տրամադրվել միգրացիոն պետական ծառայության աշխատակազմում փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգի ներդրման համար։
ՀՀ կառավարությունը կայացրել է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն հողամաս հատկացնելու որոշում եւ Արագածոտնի մարզպետին պարտավորեցրել ՀՀ մշակույթի նախարարի հետ համատեղ մեկամսյա ժամկետում ճշտել Սաղմոսավանք համայնքի վարչական սահմանում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հատուկ պահպանվող տարածքների հողերից «Սաղմոսավանք» վանական համալիրի սպասարկման համար անհրաժեշտ հողամասի սահմանը։ Եռամսյա ժամկետում ՀՀ անունից եկեղեցու հետ կկնքվի նշված հողամասի անհատույց, անժամկետ օգտագործման պայմանագիր: