Լրահոս
Օրվա լրահոսը

Թող համտեսեն, որ գնեն

Հունիս 18,2010 00:00

Հայաստանը 20 տարուց ավելի է, ինչ գտնվում է տնտեսական շրջափակման մեջ, եւ չնայած ձեռներեցների կողմից նախորդ տարիներին գործադրված ջանքերը որոշակի առումով մեղմել են իրավիճակը, այնուամենայնիվ՝ արտադրանքի արտահանման եւ ներկրման ուղղությամբ մեծ գումարներ են ծախսվում: Հայ ձեռներեցները փորձում են ամեն կերպ մեծացնել արտադրանքի սպառման ծավալները Հայաստանում: Կիրառվում են զեղչային միջոցառումներ, սակայն կան գործելաոճեր, որոնք դեռեւս տարածում չունեն մեզանում: Խոսքը յուրահատուկ էքսկուրսիաների կամ շրջապտույտների մասին է:

Արտերկրում շատ գործարարներ հատկապես սննդի, խմիչքի արտադրության ոլորտում կազմակերպում են եթե ոչ ամենօրյա, ապա ամենշաբաթյա էքսկուրսիաներ՝ հանրության համար: Շրջապտույտների արժեքը չնչին գումար է կազմում, իսկ շատ հաճախ դրանք անվճար են: Ընդ որում, դրանց կարող են մասնակցել եւ զբոսաշրջիկներ, եւ սովորական քաղաքացիներ, եւ, իհարկե, գործարարներ: Էքսկուրսիայի ղեկավարը 10-15 մարդու ծանոթացնում է գործարանի պատմությանը, արտադրանքի ծավալի եւ տեսականու մասին տեղեկություններ է հաղորդում, հնարավորության դեպքում ներկայացվում են տեսանյութեր:

Շրջապտույտի վերջում քաղաքացիները անվճար համտեսում են արտադրանքի տեսականուց: Իսկ նրանք, ովքեր ցանկություն են հայտնում գնումներ կատարել, ապա այդ հնարավորությունը նրանց ընձեռվում է գործարանում կամ դրան կից գործող վաճառասրահում, ուր գները համեմատաբար էժան են, քան խանութներում: Բնականաբար, անտարբեր չեն կարող լինել գործարարները, որոնք առանց ավելորդ բյուրոկրատական քաշքշուկների կարող են կնքել համաձայնագրեր, պայմանագրեր: Այսօր Հայաստանում ունենք շատ ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային խմիչքների, հրուշակեղենի, պաղպաղակի եւ զանազան այլ սննդի գործարաններ եւ արտադրամասեր: Նման շրջապտույտները հետաքրքիր կարող են լինել թե մեր համաքաղաքացիների, թե սփյուռքահայերի, թե օտարների եւ, ինչպես նշվեց, գործարարների համար: Մեր իրականության մեջ առայժմ տարին 2-3 անգամ են կազմակերպվում՝ այն էլ ոչ թե շրջապտույտներ, այլ ցուցահանդեսներ: Շատ երկրներում տարածված է նաեւ ձայնասկավառակների, գրքերի շնորհանդեսները կազմակերպել թանգարաններում եւ վերոհիշյալ բնույթի արտադրամասերում կամ գործարաններում: Նման մի հաջողված փորձ էր մեզ մոտ Ջիվան Գասպարյանի ձայնասկավառակի շնորհանդեսը Երեւանի կոնյակի գործարանում, որը, կարծում եմ, հաջող շարունակություն կունենա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել