Դեղին համարանիշներով, այսպես ասած՝ օրինական դաշտում գործող տաքսիների վարորդներն արդեն հոգնել են 3 տարի ձգձգվող այն խտրական գործընթացից, որի հետեւանքով շատ «փափախ» տաքսիներ կամ տաքսի սերվիսներ կարողանում են իրենց տնտեսական գործունեությունը ծավալել առանց տույժ ու տուգանքների, իսկ իրենք ստիպված են աշխատել օրենքով: «Առավոտը» բազմիցս հրապարակումներ է ունեցել՝ կապված դեղին եւ սպիտակ պետհամարանիշներով երթեւեկող տաքսիների միջեւ՝ կառավարության կողմից ցուցաբերվող խտրական մոտեցմանը, որոնցում անդրադարձել ենք դեղին համարանիշներով տաքսիների վարորդների բողոքներին՝ այն մասին, որ նրանք մտադիր են իրենց հարցը չկարգավորվելու դեպքում ուղղակի հանձնել դեղին համարանիշները եւ վարել սպիտակ համարանիշներով տաքսիներ: Ըստ «Վարորդ-ոստիկան համագործակցություն» հ/կ-ի համանախագահ Գեւորգ Դոստուրյանի՝ իրենց շարքերում ընդգրկված վարորդներն արդեն դիմել են տրանսպորտի եւ կապի նախարարություն՝ պահանջելով, որ 2007-ի սկզբին ընդունված «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքը գործի բոլորի համար, այլ ոչ թե միայն իրենց: Գ. Դոստուրյանը «Առավոտին» տեղեկացրել էր նաեւ, որ եթե մինչեւ հունիսի 16-ը իրենք որեւէ շոշափելի արդյունքի չհասնեն, այսինքն՝ չտեսնեն կառավարության կողմից որոշակի գործողություններ այս կապակցությամբ, ապա իրենք կհավաքվեն, կհանեն իրենց տաքսիների դեղին համարները, կտանեն ու կհանձնեն նախարարություն: Նա ավելացրել էր նաեւ, որ այդ ակցիային մասնակցելու համաձայնություն են տվել նաեւ պատգամավորներ Արմեն Ռուստամյանը, Արծվիկ Մինասյանը եւ Դավիթ Երիցյանը, սակայն տրանսպորտի եւ կապի նախարարությունից ժամանակ էին խնդրել՝ կառավարության հետ այդ հարցը լուծելու համար, վարորդներն էլ համաձայնել էին սպասել մինչեւ հունիսի 21-ը: Երեկ մենք փորձեցինք տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանից տեղեկություններ ստանալ, թե ինչ փուլում է դեղին համարանիշներով աշխատող վարորդների առաջ քաշած խնդրի լուծումը, կա՞, արդյոք, արդեն կայացված որոշում այս առնչությամբ, սակայն նա հայտնեց միայն, որ իրենց մոտ այս խնդիրը դեռ քննարկման փուլում է: