Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ»

Հունիս 18,2010 00:00

Կազդի՞ արդյոք անվանափոխությունը Ֆիզիկայի ինստիտուտի աշխատանքների որակի վրա

\"\"ՀՀ կառավարությունը երեկ հավանություն է տվել Ա. Ալիխանյանի անվան Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի հեռանկարային զարգացման ուղղությունները որոշելու, ինստիտուտի կառավարման բարեփոխումն իրականացնելու եւ գիտական հետազոտությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ վարչապետի 2009թ. մայիսի 20-ի փորձագիտական հանձնաժողով ստեղծելու մասին որոշմամբ ստեղծված միջազգային փորձագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա մշակված ինստիտուտի զարգացման ուղղությունների վերաբերյալ զեկույցին:

Բարեփոխումների ծրագիրը լրագրողներին ներկայացրեց ինստիտուտի տնօրեն Աշոտ Չիլինգարյանը. «Գիտության զարգացման համար սա առաջին խոշոր քայլն է»: Նրա խոսքով, բարեփոխումների շրջանակում առաջին հերթին պետք է վերանորոգվեն ինստիտուտի տեխնիկական եւ գիտական ենթակառուցվածքները. «Մեր բոլոր ինֆրաստրուկտուրաները քայքայված վիճակում են: Գիտության տարբեր ճյուղերի զարգացմանը խթանելու անհրաժեշտություն էլ կա, օրինակ՝ միջուկային ֆիզիկան վերջին տարիներին չէր զարգանում, այդ նպատակով նախատեսում ենք միջուկային բժշկական կենտրոն ստեղծել»: Կենտրոնը, նրա հավաստմամբ, նոր խոսք է բժշկության մեջ. «Ոչ միայն մարդու մարմնի կառուցվածքն է տեսանելի, այլեւ սրտի ու այլ օրգանների աշխատանքն է հսկվում: Եթե ստեղծման գործընթացը հիմա սկսենք՝ կարող ենք ավարտել միայն 5-6 տարվա ընթացքում, պետք է նաեւ մասնագետներ պատրաստել, ովքեր կկարողանան տիրապետել բժշկական նոր տեխնոլոգիաներին»:

Ըստ Ա. Չիլինգարյանի. «Հայաստանում գիտության զարգացում չկա: Ավելի քան 15 տարի Խորհրդային Միությունից ժառանգած ստրուկտուրայով եւ գաղափարներով ենք շարժվում, աշխարհում գիտությունն արագ տեմպերով զարգանում է, պետք է համընթաց քայլենք»: Ինստիտուտի տնօրենը նշեց, որ Հայաստանի գիտնականների ակտիվ գործունեության շնորհիվ Հայաստանը վերջին տարիներին մեծ քանակի միջազգային գրանտներ է ստացել, ու գիտության որոշ ճյուղերում, այնուամենայնիվ, կարողացել են ապահովել փորձարարական հետազոտությունների բազա. «Ֆիզիկայի ինստիտուտի տիեզերական ճառագայթների բաժանմունքում մեր սարքավորումները գերազանցում են արտասահմանյան լավագույն լաբորատորիաներին»:

Պարոն Չիլինգարյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչքա՞ն է ինստիտուտի աշխատակցի միջին աշխատավարձը. «Դե, գիտեք ինչ, աշխատավարձի մասին պետք չէ խոսել, պետք է խոսել կյանքի որակի մասին: Այն դոլարները, որ ստանում են Ամերիկայում, այնտեղ էլ ծախսվում են, պետք է բարձրաձայնենք այն մասին, որ հայ երիտասարդը աշխատելու ու արտասահմանում կոնֆերանսների մասնակցելու հնարավորություն չունի, մենք պետք է կարողանանք ապահովել այդ մակարդակը: Ես չեմ կարող բացարձակ թվեր ասել, բայց կարող եմ նշել, որ Ֆիզիկայի ինստիտուտում աշխատավարձերը 2 անգամ ավելի են, քան պետական աշխատավարձը, որը շատ ցածր է, այսինքն՝ գիտնականները դասվում են այն խավին, որին կարելի է չվարձատրե՞լ»: Պարոն Չիլինգարյանի տեղեկացմամբ, ինստիտուտի ենթակառուցվածքները բարեփոխելու եւ աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու համար հաջորդ տարի պետբյուջեից 570 միլիոն դրամ կհատկացվի. «Այս գումարով կփորձենք նաեւ վերանորոգման աշխատանքներ անել ու վճարել կենցաղային վարձերը»:

Շվեյցարիայում գտնվող աշխարհի ամենամեծ արագացուցչի աշխատանքներին հայ գիտնականների մասնակցությունից էլ Ֆիզիկայի ինստիտուտի տնօրենը ակնկալիքներ ունի. «Պետք է համակարգենք այդ մասնակցությունը, որովհետեւ հայերը միշտ ուրիշ երկրներին ավելի շատ են օգուտ տալիս, ի՞նչ անել, որ այս մասնակցությունը մեծ օգուտ բերի Հայաստանին»: Ինստիտուտի հեռանկարային զարգացումն ապահովելու նպատակով ու բարեփոխումների շրջանակում կառավարության երեկվա մեկ այլ որոշմամբ ինստիտուտը վերանվանվել է՝ Ազգային գիտական լաբորատորիա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել