Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ն կոչ է անում փոխել ՀՀ հեռարձակման մասին օրենսդրությունը

Հունիս 18,2010 00:00

Եվ համապատասխանեցնել դա ԵԱՀԿ առաջարկներին

Հունիսի 10-ին, երբ ԱԺ-ն արտահերթ նիստով ընդունում էր «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի նոր խմբագրության նախագիծը՝ ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի առաքելության ղեկավար, դեսպան Յան Քելլին Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում հանդես էր գալիս այդ օրենքի վերաբերյալ հայտարարությամբ, որը նաեւ հրապարակված է ԱՄՆ Պետքարտուղարության կայքէջում: «ԵԱՀԿ բոլոր մասնակից պետությունները ստանձնել են պարտավորություններ՝ հարգել ու պաշտպանել մարդու հիմնարար իրավունքները, ինչպիսիք են մամուլի եւ արտահայտման ազատությունը: Այս իրավունքները պետք է ամրագրված լինեն ցանկացած մասնակից պետության օրենսդրության մեջ,- հայտարարել էր Յան Քելլին:- Թեեւ մենք ճանաչել ենք Հայաստանի կառավարության շարունակական ջանքերը՝ փոխել իրենց անալոգային հեռուստահեռարձակումը թվային ձեւաչափի՝ մենք արտահայտել ենք ու կիսել այլոց մտահոգությունները՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի վերջին փոփոխությունների եւ հավանականության առնչությամբ, որ այդ փոփոխությունները կնվազեցնեն էլեկտրոնային լրատվամիջոցների բազմակարծությունը, ինչպես նաեւ հայ հանրության համար բազմազան տեղեկատվության եւ կարծիքների մատչելիությունը»:

ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը նաեւ լիակատար աջակցություն է հայտնել ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի առաջարկին, որ Հայաստանի խորհրդարանը ստեղծի աշխատանքային խումբ՝ բաղկացած լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներից, ընդդիմադիր պատգամավորներից եւ այլն՝ մշակելու օրենքի հիմնարար վերանայման նախագիծ. «Պետք է գնահատել կառավարության պատրաստակամությունը՝ անցկացնելու հանրային քննարկումներ օրենքի նախագծի վերաբերյալ: Սակայն օրենսդրական հապճեպ գործընթացը, դժբախտաբար, չի ընձեռել մանրակրկիտ հանրային քննարկման հնարավորություն, որին արժանի է նման կարեւոր օրենքը: Չնայած մենք ողջունում ենք այն փաստը, որ ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի առաջարկներին համապատասխան՝ որոշ փոփոխություններ են արվել օրենքի մեջ, մենք նշում ենք, որ մի շարք մտահոգություններ եւ առաջարկություններ մնում են անպատասխան: Օրինակ՝ մտահոգությամբ արձանագրում ենք, որ օրենքի փոփոխությունները, փաստորեն, նվազեցնելու են հեռարձակման հնարավորություն ունեցող հեռուստաալիքների քանակն առաջիկա տարիներին՝ դրանով սահմանափակելով լրատվամիջոցների բազմակարծությունը: Այս մտահոգությունների լույսի ներքո՝ կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը եւ ԱԺ-ին լրացուցիչ փոփոխություններ անել այդ օրենքում՝ հաշվի առնելով ԵԱՀԿ առաջարկները, որ օրենսդրությունը համահունչ լինի միջազգային չափանիշներին եւ ԵԱՀԿ պարտավորություններին, եւ դա իրականացվի բաց ու թափանցիկ»:

Հիշեցնենք, որ նաեւ Նյու Յորքում տեղակայված «Human Rights Watch» հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունն էր հունիսի 15-ին կոչ արել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին չստորագրել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրինագիծը, պատճառաբանելով, թե այն բացասական ազդեցություն կունենա Հայաստանում լրատվամիջոցների բազմակարծության եւ տեղեկատվության ազատության վրա: «Human Rights Watch»-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժանմունքի ղեկավար Հոլի Քարթների՝ Սերժ Սարգսյանին ուղղված նամակում մասնավորապես նշված է, որ առաջնային մտահոգությունն այն է, թե այս փոփոխություններով Հայաստանում հեռուստաալիքների թիվը 22-ից կրճատվելու է 18-ի, եւ կարող են տուժել հատկապես նոր հեռուստաընկերությունները, քանի որ, օրինագծի համաձայն, արտոնագրման մրցույթի ժամանակ առավելությունը տրվելու է արդեն գործող կամ առնվազն 3 տարի հեռարձակման փորձ ունեցող ընկերություններին: Կազմակերպությունը նաեւ հիշեցնում է, որ փարատված չեն մտահոգությունները արտոնագրերի տրամադրման թափանցիկության վերաբերյալ, եւ մատնանշում է պատճառներից մեկը՝ բացակայում է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից արտոնագիրը տրամադրելու մերժումը հիմնավորելու վերաբերյալ օրենսդրական պահանջը: «Human Rights Watch»-ը հիշեցնում է, որ Հայաստանը պարտավոր էր փոխել օրենքը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Ա1+»-ի վերաբերյալ ընդունած որոշումից հետո: «Որպեսզի Հայաստանը լիովին կատարի ՄԻԵԴ վճիռը եւ ապահովվի մամուլի բազմակարծությունը՝ մենք կոչ ենք անում օգտագործել Ձեր իշխանությունը եւ վետո դնել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի փոփոխությունների վրա»,- այսպես է ավարտվում Սերժ Սարգսյանին ուղղված նամակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել