Ասում է Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը
– Ձեզ համար ի՞նչ բացատրություն ունի այն, որ ՀՀ-ում Եվրամիության պատվիրակությունը Հայաստանում ԵՄ անդամ երկրների դիվանագիտական առաքելությունների ղեկավարների անունից հունիսի 10-ին ողջունեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում տեղ գտած «որոշ դրական փոփոխությունները», պնդելով, թե դրանք համահունչ են քաղաքացիական հասարակության եւ ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի առաջարկներին: Մինչդեռ լրագրողական կազմակերպությունները քննադատել էին այդ փոփոխությունները, ինչը հետո արեցին նաեւ ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը, «Human Rights Watch»-ն ու ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը: Ո՞րն է դիրքորոշումների նման տարբերության պատճառը:
– Ինձ չի թվում, թե դիրքորոշումների առումով կարող է սկզբունքային տարբերություն լինել: Հարցը երեւի մոտեցումների մեջ է, թե արդյոք ի՞նչը կարող է մեր իշխանություններին մղել փոխելու իրենց դիրքորոշումը: Երեւի Եվրամիության պատվիրակությունը, որն այդ հայտարարության նախաձեռնողն էր (ես չգիտեմ՝ ինչքանով էր այն իրականում համաձայնեցված այլ կառույցների հետ) ենթադրում է, որ եթե ողջունում ես՝ դրանով իսկ մղում ես ու խրախուսում նոր զիջումների եւ նոր բարելավումների: Երեւի լավ չեն ուսումնասիրել մեր իշխանությունների արձագանքներն այդ տիպի նամակներին: Նախորդ տարիների փորձը միանշանա՛կ ցույց է տալիս, որ եթե այդ կարգի՝ ողջույնի խոսքերով սկսվող նամակ է ուղարկվում, ապա դա ընկալվում է իբրեւ հենց խրախուսանք իրենց սկզբնական մոտեցումներին եւ անզիջում պահվածքին, եւ համարվում է, թե ուրեմն՝ այդքանը որ արել ենք, ինչը եւ ողջունել եք՝ հերիք է, էլ ոչ մի բան մեզնից չսպասեք:
– Այսուհանդերձ՝ վերոհիշյալ բոլոր հայտարարություններում մի ընդհանրություն կա, թե պետք է ստեղծվի աշխատանքային խումբ, որը կբարեփոխի «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը: Սրանից տպավորություն է ստեղծվում, որ միջազգային կառույցները համակերպվել են այն հեռանկարին, թե հուլիսի 20-ին հայտարարվելիք մրցույթներն անցկացվելու են այս օրենքով, որն՝ իրենց իսկ բնութագրումներով, չի համապատասխանում միջազգային չափանիշներին ու առավել է նվազեցնելու բազմակարծությունը Հայաստանում: Ու նրանց միակ հույսն օրենքի հետագա բարեփոխումն է, որն արդիական կլինի միայն 5 տարի հետո, երբ թվային հեռարձակման անցման փուլի ավարտից հետո նորից կլինեն մրցույթներ:
– Դե, չհամակերպվեն՝ ի՞նչ պիտի անեն: Այսինքն՝ այլընտրանքը ո՞րն է: Փոքրիշատե այլընտրանք է առաջարկում «Human Rights Watch»-ը, որը լինելով ոչ կառավարական կազմակերպություն՝ կարող է իրեն թույլ տալ ավելի համարձակ եւ ավելի պահանջատեր մոտեցում, այն է՝ կոչ անել, որ ՀՀ նախագահը չստորագրի այդ օրենքը, ինչը նշանակում է, թե այն պիտի վերադարձվի խորհրդարանին եւ լրջորեն վերափոխվի:
Բայց ես մեկ այլ կարեւոր որակական բան նկատեցի ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցչի հայտարարության եւ ընդհանրապես ԵԱՀԿ դիրքորոշման մեջ, թե սա այսպես անցողի՜կ, հերթակա՜ն օրենք չէ՝ այն իրոք շատ կարեւոր օրենսդրական ակտ է, որը կանխորոշում է, թե ինչպես պիտի զարգանա մի կարեւորագույն ոլորտ Հայաստանում առաջիկա տարիներին: Ցավոք, այդ նույն մոտեցումը եւ օրենքի կարեւորության մասին պատկերացումը չկա իշխանությունների մոտ, որոնք սովորական օրենքի նման ընդունեցին այն՝ այս պահին պետք է, այդքան բան, ու չմտածեցին հետագայի մասին: Մոտեցումների այս տարբերությունը տեսնում եմ ու կոչ եմ նկատում՝ ի վերջո սթափվել ու հասկանալ, որ սա հերթական օրենք չէ:
– Կարո՞ղ ենք արձանագրել, որ հունիսի 10-ին ընդունված այս օրենքով անտեսվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը, որում պահանջ կա, թե ՀՌԱՀ-ը պետք է հիմնավորի արտոնագիր տալը մերժելու մասին իր որոշումները: Եվ կարո՞ղ ենք նաեւ եզրակացնել, թե նվազագույն է հնարավորությունը, թե «Ա1+»-ի խախտված իրավունքները կարող են վերականգնվել, եթե հաշվի առնենք, որ 4 այլ հեռուստաընկերություններ էլ դեռ զրկվելու են եթերից՝ կասկածելի հիմքերով:
– Միանշանա՛կ այդպես է: Այս օրենքը նախ հաստատեց, որ անցած 2 տարիներին մրցույթներ չանցկացնելը չուներ որեւէ իրավական հիմնավորում, բացի քաղաքական դրդապատճառներից: Այն ժամանակ, երբ ՄԻԵԴ որոշումը եւ ԵԽԽՎ բանաձեւերում դրանից բխող պահանջները թարմ էին՝ ուղղակի անհրաժեշտ էր հարցը տեղափոխել մի քիչ ավելի հեռու ժամանակներ, երբ հնարավոր կլիներ արդեն ասել՝ դե վերջ, էլ չենք կարող սպասել, պիտի առաջ գնանք՝ դեպի թվայնացում: Ակնհայտորեն կար այդ մտայնությունը, եւ դա ապացուցվեց այս օրենքով: Եթե առաջարկված լինեին նոր մոտեցումներ, որոնք չէին կարող ծնվել 2 տարի առաջ կամ ստեղծվեր մի նոր իրավիճակ, որը չկար 2 տարի առաջ, կարող էինք ասել, թե՝ այո՛, այդ մրցույթների դադարեցումն օգտագործվեց կառուցողական ու կարեւոր նպատակների համար: Քանի որ դա չեղավ՝ ապացույց է, թե ողջ գործընթացն անմիջականորեն հակասում եւ նույնիսկ հակադրվում է Եվրոպական դատարանի որոշմանը «Ա1+»-ի գործով:
Բացի այդ՝ չնայած ե՛ւ միջազգային, ե՛ւ տեղական փորձագետների բազմաթիվ պնդումներին, թե օրենքով սահմանված 18 հաճախականությունների թիվը կարող է հիմնավորված լինել միայն այն դեպքում, եթե հրապարակվեն հաճախականությունների աուդիտի արդյունքները՝ դա այդպես էլ չարվեց: Սա բնական է՝ եթե ինչ-որ թիվ ես սահմանում, պիտի հիմնավորես, թե ինչու է այս մեկը եւ ոչ այն մեկը: Եվ բանավոր հավաստիացումները, թե մեզ հավատացե՜ք, սա՜ է եւ այլն՝ ուղղակի լուրջ չեն: Հաճախականությունների աուդիտը պետք է պաշտոնական փաստաթղթի տեսք ունենա եւ հրապարակվի: Եթե դա չարվեց՝ նշանակում է, որ կա՛մ իրականում Հայաստանում ազատ հաճախականություններ են եղել այն ժամանակ, երբ միջազգային կառույցներին 2002-ից սկսած հավաստիացնում էին, թե չեն կարող նոր մրցույթ հայտարարել, քանի որ չկան ազատ կապուղիներ, ու դա ուզում են թաքցնել: Կա՛մ էլ Հայաստանում հաճախականություններն օգտագործվում են ապօրինի կերպով, ու դա չպետք է երեւա որեւէ պաշտոնական փաստաթղթում:
– Այն հանգամանքը, որ հունիսի 6-ի հայտարարությամբ նաեւ ԵՄԱ-ն կասկած էր հայտնել «էկոնոմիկայի նախարարության եւ միջգերատեսչական հանձնաժողովի՝ խոստումները կատարելու եւ կառուցողական համագործակցության պատրաստակամության եւ ընդունակության վրա»՝ հաշվի առնելով, որ խախտվել էին ձեռք բերված պայմանավորվածությունները, նշանակո՞ւմ է արդյոք, որ լրագրողական կազմակերպությունները չեն ընդգրկվի օրենքի բարեփոխման աշխատանքային խմբի մեջ:
– Նայած խոսքը ո՛ր աշխատանքային խմբի մասին է: Եթե խոսքն աշխատանքային այն խմբի մասին է, որ պետք է բարելավեր թվայնացման հայեցակարգը եւ լրացումներ նախապատրաստեր, ապա, բնականաբար, այդ աշխատանքային խմբում մենք այլեւս մասնակցել չենք կարող, քանի որ այն ստեղծվելու է էկոնոմիկայի նախարարության եւ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից, որոնք ակնհայտորեն խախտել են իրենց 2 խոստումները: Առաջին խոստումն այն էր, որ այս օրինագիծը կվերաբերի միայն թվայնացմանը եւ մրցույթների անցկացմանը: Եվ երկրորդ խոստումն էր, որ նախագիծը կներկայացվի պատշաճ ձեւաչափով, ու փաստաթղթից կերեւա, թե ինչ փոփոխություններ են կատարված: Վերջին խոստումը ոչ միայն մեզ էր տրված, այլ նաեւ ԱԺ պահանջն էր, որին ինքը՝ խորհրդարանը, չգիտես ինչու, հետամուտ չեղավ: Բայց ինչ վերաբերում է ԱԺ-ում հնարավոր ստեղծվելիք աշխատանքային խմբին, որը պիտի զբաղվի օրենսդրության բարելավմամբ, ապա նման խմբի աշխատանքներին պատրաստ ենք մասնակցել: