Երեկ Գյումրու մանկավարժական ինստիտուտում, Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլի, ինչպես նաեւ արտաքին գործերի ու պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, բացվեց ՆԱՏՕ-ի տեղեկատվական անկյուն: Դեսպանին հարց ուղղվեց, թե ինչպե՞ս է պատկերացնում Հայաստանի համագործակցությունը ՆԱՏՕ-ին, երբ վերջինիս կարեւորագույն անդամներից մեկը՝ Թուրքիան, միջազգային կազմակերպություններում բացահայտ պաշտպանում է Ադրբեջանի շահերը, ընդհուպ այն աստիճան, որ զինում է նաեւ ադրբեջանական բանակին, եւ մի՞թե ՆԱՏՕ-ն չի կարող ազդել Թուրքիայի վրա, որպեսզի դադարեցնի զենքի մատակարարումը Ադրբեջանին, վերջինիս ղեկավարությունն էլ այլեւս սպառնալիքների լեզվով չխոսի Հայաստանի հետ: «Ինչպես դուք գիտեք, ՆԱՏՕ-ն գործում է միայն կոնսենսուսի փաստի վրա, այսինքն՝ ՆԱՏՕ-ի բոլոր անդամ երկրները պետք է մի համաձայնության գան, որպեսզի ինչ-որ որոշում ընդունվի, Թուրքիան ինչ-որ ձեւով չի խանգարում Հայաստանի ներգրավմանը ՆԱՏՕ-ի որոշակի գործողությունների մեջ, եւ ես չեմ կարծում, որ Թուրքիան ամեն ձեւով փորձում է գտնել իր շահերը՝ պաշտպանելով Ադրբեջանին ՆԱՏՕ-ի շրջանակներում: Ադրբեջանը, ինչպես Վրաստանը եւ այլ երկրներ, ունեն իրենց առանձին ծրագրերը համագործակցելու ՆԱՏՕ-ի հետ, եւ ՆԱՏՕ-ի, այսպես ասած, մուլտիպրոֆայլ հարաբերությունները նույնպես իր մեջ ներգրավում են ռազմահամագործակցություն տարբեր երկրների հետ, այսինքն՝ յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում իր հարաբերությունների մակարդակը»,- ասաց դեսպանը: