Երեկ ՀՀՇ վարչությունն իր նիստում «հարգել է» կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանի դիմումն ու ընդունել է նրա հրաժարականը զբաղեցրած պաշտոնից:
ՀՀՇ նախագահ Զուրաբյանն ու փոխնախագահ Քոքոբելյանը հրաժարական են տվել:
Երեկ ՀՀՇ-ում վարչության նիստ է կայացել, որի օրակարգում եղել է ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի՝ կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարականի դիմումի քննարկումը: Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ դեռ հունիսի 12-ին, ՀՀՇ վարչության նիստի ժամանակ Արարատ Զուրաբյանն արդեն մի անգամ առաջարկել է քննարկել իր վստահության հարցը, բայց վարչության անդամները հրաժարվել էին հարցը նույնիսկ նիստի օրակարգ մտցնել՝ միաձայն հայտնելով իրենց վստահությունը Զուրաբյանին: Նկատի ունենալով, որ այդ հարցը, այնուամենայնիվ, կուսակցության վարչության երեկվա նիստում քննարկման առարկա դառնալուց զատ՝ նաեւ որոշում է կայացվել «հարգել Ա. Զուրաբյանի դիմումը եւ ընդունել նրա հրաժարականը»՝ պետք է ենթադրել, որ ՀՀՇ նախագահը պնդել է իր հրաժարականը: Երեկ ՀՀՇ-ից փոխանցեցին նաեւ, որ Ա. Զուրաբյանը մնում է վարչության անդամ: Հիշեցնենք, որ դեռ 5-6 օր առաջ հրաժարական էր ներկայացրել նաեւ կուսակցության փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանը: Ի տարբերություն Ա. Զուրաբյանի, նրա հրաժարականը, ի դեպ, նաեւ վարչության անդամությունից, բավարարվել էր հունիսի 12-ի նիստում: Հենց այդ փաստն էլ հաշվի առնելով՝ ՀՀՇ վարչությունը որոշել է «մինչեւ առաջիկա համագումարը, համաձայն ՀՀՇ Կանոնադրության 8.7 հոդվածի ը) կետի, վարչության աշխատանքների համակարգման պարտականությունը դնել վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանի վրա»:
Երեկ, նախորդ օրերի նման, անհասանելի էին ե՛ւ Արարատ Զուրաբյանը, ե՛ւ Խաչատուր Քոքոբելյանը, նաեւ Վահագն Հայոցյանը, ուստի՝ նրանցից պարզաբանումներ ստանալ չհաջողվեց: Այդուամենայնիվ, ակնկալվում է, որ գոնե Ա. Զուրաբյանը որոշակի մեկնաբանություններ կանի եթե ոչ ՀՀՇ-ում տեղի ունեցող խմորումների, ապա գոնե իր հրաժարականի պատճառների մասին:
«Առավոտի» հետ զրույցում ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանը տեղի ունեցածը նորմալ երեւույթ համարեց. «Նախահամագումարյան շրջան է, եւ որոշակի հարցեր կարող էին առաջանալ: Արարատ Զուրաբյանն էլ, փառք Աստծո, բավական երկար ժամանակ կատարել է իր պարտականությունները, եւ չեմ կարծում, թե կատարվածը արտակարգ դեպք է»: Բայց չէ՞ որ այդ նորմալ գործընթացները կարող էին տեղի ունենալ կուսակցության համագումարում, ինչն ավելի բնականոն կարող էր լինել: Մեր այդ դիտարկմանն ի պատասխան՝ Ե. Աբգարյանը նկատեց, թե դա կարելի էր անել ե՛ւ համագումարի ժամանակ, ե՛ւ դրանից առաջ ու հետո, բայց դա, նրա ասելով, էական չէ: Թեեւ ՀՀՇ-ում տեղի ունեցողի շուրջ մամուլում եւ էլեկտրոնային ԶԼՄ-ներում բավականին վերլուծություններ կամ ենթադրություններ ու մեկնաբանություններ են եղել, բայց դրանցից այդպես էլ պարզ չի դարձել՝ ՀՀՇ նախագահի եւ փոխնախագահի հրաժարականները գաղափարակա՞ն, թե՞ մարդկային հարաբերությունների գործոնով են պայմանավորված: Այս հարցին, թերեւս, միայն ՀՀՇ խոսնակ Կարեն Կարապետյանն էր փորձել որոշակիորեն պատասխանել՝ ասելով, թե մասնավորապես Քոքոբելյանը «միշտ կողմ լինելով ավելի բաց եւ թափանցիկ քաղաքականությանը՝ առաջարկել է ընդդիմության անորոշ քաղաքական ուղեգիծը փոխարինել ավելի կոնկրետ, որոշակի եւ վճռական գործողություններով»:
Նույն խնդրին վերաբերող մեր հարցադրմանը պարոն Աբգարյանն էլ, ըստ էության, չպատասխանեց: Նա միայն ասաց, թե «այդ հարցն արդեն հասունացել էր, դա աշխատանքային սովորական ընթացք է», եւ չարժե դա որպես արտառոց երեւույթ ներկայացնել: Փոխարենը ՀՀՇ վարչության անդամն իր զինակիցների նման էլի մի անգամ վստահեցրեց, թե «ՀՀՇ-ն միշտ էլ կուռ կառույց է եղել ու այդպիսին էլ կմնա: Ուղղակի բամբասանքներն են շատացել», իսկ մեր ռեպլիկին՝ «որոնց մարդիկ չդիմացա՞ն», այսպես արձագանքեց. «Թերեւս կար մի բան: Բայց ավելի ճիշտ՝ ոչ թե մարդիկ չդիմացան, այլ այդպիսի որոշում կայացնելու անհրաժեշտություն կար: Ստեղծվել էր մի իրավիճակ, որն ինչ-որ լուծում էր պահանջում»:
Անցած մի քանի օրերին ե՛ւ ՀՀՇ-ում, ե՛ւ Հայ ազգային կոնգրեսում, որին անդամակցում է այս կուսակցությունը, արդեն հայտարարել են, թե ՀՀՇ-ում տեղի ունեցածը ներկուսակցական խնդիր է, որ ո՛չ ՀՀՇ-ում պառակտում կա եւ ո՛չ էլ այդ կուսակցությունում ծավալվող իրադարձությունները ՀԱԿ-ի վրա որեւէ կերպ կարող են ազդել, որովհետեւ կուսակցությունը շարունակում է Կոնգրեսի ակտիվ դերակատար լինել: Ավելին, ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարել էր, որ եթե ՀՀՇ-ն կամ ուրիշ կուսակցություն համաձայն չլիներ ՀԱԿ-ի ամբողջ գործելաոճին ու օրակարգին, «Կոնգրեսը որեւէ բան չէր կարող անել», որովհետեւ այնտեղ որոշումներ ընդունվում են կոնսենսուսով, եւ «եթե ՀՀՇ-ն հավանություն չտա որեւէ գործընթացի, ապա այն տեղի չի ունենա»:
Նույն հարցին անդրադառնալով՝ Ե. Աբգարյանն էլ հայտարարեց, թե չի կարծում, որ ՀՀՇ-ում տեղի ունեցածը շղթայական լինի, ու Կոնգրեսին անդամակցող նաեւ այլ ուժերում նման գործընթացներ տեղի ունենան: Հիշեցնենք, որ ավելի վաղ համանման պրոցեսներ տեղի ունեցան նաեւ ՍԴՀԿ-ում: «Ես այդպիսի նշաններ առայժմ չեմ տեսել»,- հայտարարեց Ե. Աբգարյանը: Նա էլ եւս մեկ անգամ հերքեց մամուլում տարածված այն տեղեկությունները, թե Ա. Զուրաբյանն ու Խ. Քոքոբելյանը հանդես են եկել խորհրդարանական ընտրություններին ՀՀՇ-ի՝ ՀԱԿ-ից անջատ մասնակցելու առաջարկով. «Նման հարց ՀՀՇ-ում երբեք չի քննարկվել: Դա ես կարող եմ 100 տոկոսով ասել»:
Ի դեպ, ՀՀՇ համագումարը տեղի է ունենալու շատ մոտ ապագայում՝ թերեւս հուլիսի առաջին կեսին: Համագումարը նախատեսվում է անցկացնել ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում: