Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՁԵՌԱԳԻՐԸ ՄԵԶ ՎԱՂՈՒՑ Է ՀԱՅՏՆԻ»

Հունիս 18,2010 00:00

\"\"ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանը վստահ է, որ եթե ադրբեջանցիները իրենց երկրի մոնիտորինգը հերթական անգամ փորձեն շեղել դեպի Ղարաբաղ, մերոնք արժանի պատասխան կտան:

– Կարծես առաջին անգամ 2006-ին էր, երբ դուք ԵԽԽՎ-ի նիստում ներկայացրեցիք զեկույց՝ «Կանայք եւ աղքատությունը» թեմայով, մինչդեռ նկատելի է, որ մեր պատվիրակները կարծես զեկույցներով հանդես գալու ակտիվությամբ չեն փայլում:

– Տարիներ շարունակ մեր պատվիրակության գործունեությունը Եվրոպայի խորհրդում կարծես պարփակված է եղել ընդամենը Հայաստանին վերաբերող հարցերի մեջ՝ մոնիտորինգ, ԼՂ, եւ այս իրավիճակում այլ հարցեր կարծես մեզ համար չկային: Եվ կարծում եմ՝ շատ կարեւոր է, որ մեր պատվիրակները եւ մեր պատվիրակությունը, այս դեպքում՝ մենք՝ ինքներս, այս ընթացքում ի վերջո կայանայինք որպես եվրոպական խորհրդարանականներ, որպես ԵԽԽՎ-ի լիարժեք անդամներ եւ ոչ թե սահմանափակված մնայինք զուտ մեզ վերաբերող հարցերով: Իհարկե, դա այնքան էլ հեշտ չէ, բայց դա ճանապարհ է, որը պետք է անպայման անցնել, քանի որ դա նաեւ երկրի հեղինակությունն է: 2006-ին, այո, ես ներկայացրի զեկույց, որն ուներ քաղաքական, սոցիալական եւ տնտեսական ենթատեքստ, այն ժամանակ դա ընդունվեց որպես լավ զեկույց, եւ շատ հեղինակավոր պատգամավորներ խոսեցին այս հարցի վերաբերյալ: 2009-ին մեր պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը նշանակվեց զեկուցող Սերբիայի եւ Հերցեգովինայի մոնիտորինգի հարցով: Հայտնի է, թե որքան կարեւոր է մոնիտորինգի տակ գտնվող երկրի պարտավորությունների նկատմամբ ներկայացուցիչ-զեկուցողի դիրքորոշումը, իսկ Դավիթ Հարությունյանը այդ առումով շատ պատրաստված անձնավորություն է: Ես, որպես տնտեսական հանձնաժողովի անդամ, նշանակվեցի զեկուցող Եվրոպայի վերակառուցման եւ զարգացման բանկի 2009 թվականի ընթացքում ներկայացրած հաշվետվության թեմայով: Եվրոպայի բանկի գործունեությունը, հատկապես տնտեսական ճգնաժամի պայմաններում, ֆինանսատնտեսական այն իրավիճակում, որը 2008-ի ավարտին, 2009-2010-ին տիրում էր Եվրոպայում եւ ողջ աշխարհում, բնականաբար, անչափ կարեւոր է: Այս զեկույցում եվրոպական տնտեսական քաղաքականությամբ զբաղվող գործիչները ուզում են տեսնել եւ դիագնոստիկա, այսինքն՝ պատճառների ուսումնասիրություն, եւ ուզում են տեսնել իրավիճակի այսօրվա արձանագրումները, նաեւ՝ որոշ խորհուրդներ եւ դեղատոմսեր ապագայի համար, որը թույլ կտա ավելի արդյունավետ պայքարել ճգնաժամի դեմ, որը թույլ կտա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ներկայացրած հարցերի լուծումները գտնել: Թեպետ արդեն փոքր, բայց կայուն քայլերով ճգնաժամը կամաց-կամաց հաղթահարվում է ինչպես Հայաստանում, այնպես էլ մյուս երկրներում, սակայն մի բան հստակ է. հարցերը, որոնք բարձրացրեց ճգնաժամը, մնում են պատասխանի կարոտ:

– Այս նստաշրջանում քննարկվելու է Ադրբեջանի հարցը, մեր պատվիրակությունը պատրա՞ստ է ադրբեջանցիների դեմ իրենց իսկ «զենքով» պայքարելու:

– Մեր հարեւանները այս բոլոր տարիներին հայտնի են մի բանով՝ ով ինչից խոսի, իրենք սկսում են խոսել «գրավված տարածքներից» եւ փախստականներից: Կարծում եմ՝ իրենց հարցի քննարկումը եւս կփորձեն շեղել դեպի Ղարաբաղի հարց, դա իրենց հնարքն է: Մեր պատվիրակությունը բավականին ակտիվ պատրաստվում է, պատվիրակության բոլոր անդամները հերթագրվել են ելույթների համար:

Մյուս կողմից՝ հայտնի է, որ որոշակի ակտիվացում կա թուրք-ադրբեջանական «ֆրոնտում», նրանք այս պահին իրենց մի փոքր ավելի ակտիվ եւ ագրեսիվ են դրսեւորում: Կարելի է վերլուծել դրա հիմքերը, բայց ես կարծում եմ՝ իրենք այսպես ակտիվանում են հատկապես այն ժամանակ, երբ Հայաստանի արտաքին քաղաքականությունը որոշակի հաջողություններ է արձանագրում, եւ երբ իրենք զգում են, որ հողը իրենց ոտքերի տակից փախչում է: Իհարկե, կարելի է հաշվի առնել, որ իրենց ոգեւորվածության պատճառ կարող է լինել Չավուշօղլուի հանգամանքը, թեպետ չեմ կարծում, որ էական է: Այսպես թե այնպես, հայկական լոբբիի հաջողությունները, պետության արտաքին հավասարակշռված քաղաքականությունը, ՀՀ նախագահի ակտիվ, հաջող նախաձեռնությունները, այս բոլորը ակնհայտորեն մտահոգում են մեր վաղեմի «բարեկամներին», եւ իրենք մի տեսակ ցայտնոտի մեջ են: Կարծում եմ՝ իրենք խնդիր են դրել ուժեղացնելու թուրքական լոբբին, խնդիր են դրել ուժեղացնելու եւ կայացնելու իրենց դրսի համայնքները՝ իրենց պարտվողական դիրքը ինչ-որ ձեւով մեղմացնելու նպատակով: Այս իրավիճակում մենք պետք է համախմբենք մեր բոլոր ռեսուրսները, մեր պոտենցիալը՝ միասնաբար եւ համախմբված հանդես գալու համար: Ադրբեջանցիների ձեռագիրը մեզ վաղուց է հայտնի, մենք պատրաստ ենք հակադարձել իրենց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել