Լրահոս
Օրվա լրահոսը

Կամավորական շարժումը խորթ է մեր մենտալիտետին

Հունիս 17,2010 00:00

Երբ խոսվում է Հայաստանում կամավորների աշխատանքի մասին,  հիմնականում պատկերացնում ենք սփյուռքահայ կամ օտարազգի կամավորներին: Բացատրական բառարանը «կամավոր աշխատանքը» պարզաբանում է հետեւյալ կերպ. «Սա մի աշխատանք է, որ մարդիկ կատարում են անվճար: Կամավոր աշխատանք ընդհանրապես համարվում է ալտրուիստական գործունեությունը, որը նպաստում է կյանքի որակի բարելավմանը»: Կամավորների մի մասը աշխատում է իր մասնագիտական հմտություններին համապատասխան, իսկ մյուս մասը ծառայում է այնտեղ, ուր կա մարդկային ռեսուրսների կարիք (աղետի գոտի, մաքրման վայրեր եւ այլն): Ցավոք, կամավոր աշխատանքը մեր հասարակության մեջ տարածում չունի այն ծավալներով, ինչպես առկա է արտասահմանում: Ինչ խոսք, հայերս պատրաստակամ ենք օգնել մեր հարազատին, բարեկամին կամ ծանոթին, շատ հաճախ «դու ինձ՝ ես քեզ» սկզբունքով: Բայց երբ անհրաժեշտ է կամավոր ծառայություն կատարել առանց ակնկալիքի, այդ գործում թերանում ենք: Հիշենք խորհրդային տարիները, երբ դպրոցականները, մեծահասակները պարտադրաբար մասնակցում էին շաբաթօրյակներին:
Այլ է վիճակը արտասահմանում: Դպրոցական տարիքից սկսած, երեխաների մեջ մրցակցություն է սկսվում ոչ թե այն «մասով», թե ով ավելի թանկարժեք բջջային հեռախոս կունենա, այլ ով ինչ կամավոր աշխատանքով աչքի կընկնի: Վերջերս ԱՄՆ ավագ դպրոցներից մեկում աղջիկներն իրենց վարսերը ուսումնական տարվա վերջին 20-25 սմ կտրեցին եւ նվիրաբերեցին մանկական օնկոլոգիայի կենտրոնին, որպեսզի իրենց տարեկից քաղցկեղով հիվանդների համար կեղծամներ պատրաստվեն: Շատ ուսումնական հաստատություններում (քոլեջներ, համալսարաններ) տարեկան 150 ժամ կամավոր աշխատանքը խրախուսվում է լավ երաշխավորագրերով եւ այլ միջոցներով: Ուսանողներին ընտրության հնարավորություն է ընձեռվում. կա՛մ օգնել դպրոցում չառաջադիմող աշակերտներին՝ նրանց հետ պարապելով դասաժամերից հետո, կա՛մ օգնել ծերանոցներում ապրողներին (կազմակերպել նրանց համար ժամանցային ծրագրեր), կա՛մ էլ միայնակ ծերերին՝ առօրյա կենցաղային հոգսերը թեթեւացնելով: Չնայած խրախուսանքը խթան է հանդիսանում, սակայն դեռ փոքրուց հասարակության համար պիտանի լինելու գաղափարը ավելի է կարեւորվում ու պատահական չէ, որ հասուն տարիքում անհատ կամավորները առանց խրախուսանքի պատրաստ են լինում աշխարհի որ ծայրում էլ լինի՝ իրենց ծառայությունը մատուցել անվճար: Կամավոր աշխատանքի գաղափարը պետք է երեխաների մեջ սերմանել նախադպրոցական տարիքից, այլապես՝ մեր հասարակությունը կշարունակի չըմբռնել կամ չընդունել փողոցը կամավոր կերպով աղբից մաքրելու կամ բակը սառույցից ու ձյունից մաքրելու գաղափարը, քանզի կշարունակի գործել այն մտայնությունը, թե «բնակարանն իմն է, իսկ, օրինակ, աստիճանավանդակը՝ թշնամունը», որը կարող է մեզ տանել խավարի թագավորություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել