Լրահոս
Օրվա լրահոսը

Բրա՞վո, բրա՞վա, թե՞ բրավի

Հունիս 17,2010 00:00

Վերջերս Ազգային օպերային թատրոնում կայացած «Երեք սոպրանո» համերգի ընթացքում  ճանաչված արվեստագետներից մեկը հիացմունքն արտահայտում էր «բրավի» բացականչությամբ: Երբ նրան հարցրին, թե ինչո՞ւ «բրավի» եւ  ոչ թե «բրավո», նա պատասխանեց՝ եթե բեմում մի քանի կատարողներ են, հնչեցվում է «բրավի»: Արվեստագետի այս «հայտնագործությունը» մեզ զարմացրեց, քանի որ զտարյուն իտալերեն «բրավոյին», որը թարգմանաբար նշանակում է կեցցե, երաժիշտը ռուսերենից ավելացրել էր հոգնակիացնող ի մասնիկը, այսպիսով արտահայտելով իր հիացմունքը կամ գուցե ցանկանալով օրիգինալ երեւալ:
Ժամանակին, երբ «Բոլշոյ» թատրոնում Վերդիի «Տրավիատա» օպերայում Վիոլետայի դերերգով  հանդես էր գալիս աշխարհահռչակ սոպրանո Մոնսարատ Կաբալյեն, ներկայացման  ավարտին իր պատվին հնչող բրավոների տարափի տակ նա բեմ դուրս չեկավ, փոխարենը թարգմանիչը հանդիսատեսին ներկայացրեց, որ «բրավո»-ով մեծարում են տղամարդկանց, իսկ կանանց գնահատելիս պետք է բացականչել «բրավա», իսկ երբ բեմում մի քանի կատարողներ են (այս դեպքում սեռը կապ չունի), ընդունելի է «բրավիսիմո» ձեւը, որը թարգմանաբար նշանակում է գերազանց է, վարպետորեն է, մեծատաղանդ է:
Հայ արվեստագետների շրջանում, այդ թվում՝ անվանի, «Առավոտի» անցկացրած  հարցման արդյունքում պարզվեց, որ նույնիսկ նրանց մեծամասնությունը չգիտի բրավո-բրավայի տարբերությունը եւ կանանց հասցեին հնչեցնում են առնական «բրավոն»: Եվ քանի որ մեր շատուշատ կին  արտիստներն էլ չգիտեն այդ բառերի տարբերությունը, ժպիտը դեմքներին բեմ են դուրս գալիս ու խոնարհվում են հանդիսատեսին:
Մինչդեռ իտալերենի բառարանները նայելիս  հատկապես օպերային երգեցողություն անցածները պիտի որ հանդիպած լինեն բրավո, բրավա, բրավիսիմո բառերի բացատրություններին: Իհարկե, այս դեպքում հանդիսատեսին չենք պարտադրում բառարաններ թերթել, բայց տեղեկացված լինելը ցանկալի է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել