Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱԶԸ՝ ԵՐԿԱՐ, ԽԵԼՔԸ՝ ԿԱՐՃ»

Հունիս 17,2010 00:00

Այս արտահայտությունն այլեւս արդիական չէ

«Վիճակագրությունը ցույց է տվել, որ մեր երկրում ինտելեկտուալ կանայք ավելի շատ են, քան տղամարդիկ: Սա նշանակում է, որ շուտով այստեղ դեմոգրաֆիական խնդիրներ են առաջանալու, որովհետեւ խելացի աղջիկը «դեբիլ» տղայի հետ երբեք չի ամուսնանա: Մենք շարունակ ունենում ենք շատ խելացի աղջիկներ ու շատ դեբիլ տղաներ, կա ամուսնանալու խնդիր, խելացի աղջիկն ընտրության հնարավորություն չունի»,- «Առավոտի» հետ զրույցում «տանը մնացած աղջիկների» հետ կապված այսպիսի մտահոգություն հայտնեց Հայաստանում PR-ի զարգացման հայկական կենտրոնի նախագահ Հայկ Կիրակոսյանը: Թե ինչո՞ւ է վիճակագրությունն այդքան տխուր ստացվել, ըստ մեր զրուցակցի, պատճառն այն է, որ մեր աղջիկներն ինքնակրթման վրա աշխատում են, անընդհատ տարբեր հետաքրքրություններ են գտնում, խմբակների հաճախում, զարգանում, իսկ տղաներն աշխատասեր չեն ու չեն ուզում սովորել. «Ամենասարսափելին այն է, որ ապագայում այդ տղաների բանակից մենք ունենալու ենք ղեկավարներ, նախարարներ, վարչության պետեր, որովհետեւ մենք դեռ չենք լուծել գենդերային հավասարության խնդիրը: Երկրի համար շատ ավելի շահեկան կլիներ, եթե տղամարդիկ իրենց դիրքերը զիջեին կանանց, կանայք ավելի լավ կղեկավարեն»:
Մազը՝ երկար, խելքը՝ կարճ. Հայկ Կիրակոսյանը համոզված է, որ կնոջ հասցեին ասված այս խոսքերը այլեւս արդիական չեն: Հայ կանանց հաջողվել է միաժամանակ երկար մազ ունենալ ու շատ խելք: Տղամարդկանց պասիվ, ալարկոտ դերը նրանց իմիջն ու հեղինակությունը գցում է: Բացի տղամարդկանցից, ընդհանրապես մեր ազգի ինքնագնահատականը պետք է բարձրացնել: Մասնագետը վստահ է, որ հայ ազգի դեմ խոշոր պետությունները լավ սեւ PR ու մանիպուլյացիա են անում. «Այսօր մեզանից փորձում են ազգովի երգիչ դարձնել: Միացրեք ցանկացած հեռուստաալիք եւ կտեսնեք, թե որ հեռուստահաղորդումներն են գերակշռում, մեզանից պարբերաբար փորձում են ստանալ երգիչ-երգչուհիներ ու երաժիշտներ: Հրեան իր երեխաներից բիզնեսմեններ ու բանկիրներ է ստանում. երգիչնե՞րն են աշխարհի տերերը, թե՞ բանկիրներն ու գործարարները: Ինչ-որ մարդիկ ֆինանսավորում են, որ հայերը դառնան անվտանգ մասնագետներ՝ հենց երգիչ-երգչուհիներ, մերոնք էլ անգիտակցաբար դրան են գնում: Հարյուրամյակներ հետո հայերից էլի երգիչներ են դուրս գալու: Ես էլ կունենամ ձայնային տվյալներ, եթե մի քիչ աշխատեն ինձ վրա: Բայց դա չի նշանակում, որ ես ծնվել եմ երգիչ դառնալու համար: Չկան դերասանությունը խթանող նախագծեր՝ թող փորձեն ստանալ Ջեք Նիկոլսոններ, Ալ Պաչինոներ կամ Մհեր Մկրտչյաններ, բայց չեն անում, որովհետեւ հայերը «երգիչ» են: Մեր կրթական համակարգն այսօր երեխային վերցնում է՝ «աշխատող» թխած դուրս է բերում, սա մի հաստոց է, որտեղ նպատակ կա աշխատողներ ստանալ, իսկ մենք իրավունք չունենք ազգովի աշխատողներ լինել: Մերոնք ղեկավար չեն տալիս, լիդեր չեն կերտում: Ես արդեն մտահոգություներ ունեմ իմ երեխայի հետ կապված, որովհետեւ ներկայիս կրթական համակարգն ինձ ընդհանրապես չի գոհացնում»:
Այն, որ հայերը կարծում են, թե իբր դավաճան ազգ են, Հայկ Կիրակոսյանի կարծիքով, նույնպես օտար երկրների «ձեռքի գործն» է ու նրանց հմուտ PR-ի արդյունքը. «Հայը չպետք է կարծի, որ իր ազգը դավաճան է կամ վաճառական: Ցանկացած մեկը եթե լուրջ ուսումնասիրություններ կատարի, կպարզի, որ իտալացիներն ավելի շատ դավաճաններ են ունեցել, քան մենք: Մենք վաճառական ենք բիզնեսմեն իմաստով, բայց այն միֆը, թե հայը պատրաստ է ամեն ինչ վաճառել, սխալ է, եթե այդպես լիներ, մենք ասորեստանցիներից կամ բաբելոնացիներից չէինք տարբերվի, մենք պահպանված չէինք լինի: Կարեւորը՝ ամեն հայ գիտակցի, որ ինքը շատ ավելին է, քան իրեն ներշնչում են»:
Աշխատանքի տեղավորման գործակալություններում աշխատանք փնտրող մարդկանց ցուցակները նույնպես ապացուցում են, որ հայերի ինքնագնահատականը շատ ընկած է. «Մարդիկ վստահ են, որ իրենք անճար են, որովհետեւ մեկ-երկու անգամ փորձել են գործակալություններում հերթագրվելով կամ ինտերնետով ռեզյումեներ ուղարկելով աշխատանք գտնել, չի ստացվել՝ հիասթափվել են: Մեր կենտրոնն օգնում է մարդկանց հասկանալու, որ վազող տողով, ռեզյումե ուղարկելով, աշխատանքի տեղավորման գործակալություններում գրանցվելով աշխատանք փնտրելը համարյա հեքիաթ է: Այսօր մարդիկ անգամ մատուցողի աշխատանք տարիներով չեն գտնում: Մինչդեռ սրա-նրա դռները թակելու եւ աշխատանք խնդրելու փոխարեն, կարելի էր ավելի համարձակ գտնվել եւ, օրինակ, այցելել LOGOS EXPO ցուցահանդեսի բացմանը, կամ ցանկացած շնորհանդեսի, որոնց մուտքն անվճար է, այնտեղ շատ գործարարներ կան, որոնք սիրում են կոնյակը ձեռքներին շրջել: Դրանք այն մարդիկ են, որոնք աշխատանք են տալիս: Կարելի է մոտենալ, անկեղծ շփվել, կոնտակտ հաստատել: Փորձը ցույց է տալիս, որ մասնագիտական տվյալներից ավելի կարեւոր է մարդկանց հետ հաղորդակցվել իմանալը եւ իրեն ճիշտ մատուցելը: Մեր դարաշրջանն արդեն այնպես է, որ տաշած քարը գետնին կմնա, ցավոք: Հիմիկվա տաշած քարերն արդեն պետք է լեզու ունենան, որ կարողանան աշխատանք գտնել»:
Մասնագետին խնդրեցինք մի քանի խորհուրդ տալ՝ ցեղասպանության PR-ի հետ կապված: Նա առաջարկեց իշխանություններին՝ լացելու փոխարեն տեղեկատվական տեխնոլոգիաներով սառը պատերազմ անել. «Մենք բոլոր հնարավորություններն ունենք այդ դաշտում հաղթելու եւ մեր տարածքներն ընդլայնելու, արդարություն սահմանելու համար: Թուրքը նույն թուրքն է, չի փոխվի, ուստի բոլոր ջանքերը նրանց խղճի վրա ազդելու՝ անիմաստ է: Թուրքն ի պատասխան կամ հայերին կհանի իր երկրից, կամ Հրանտ Դինքի պես սպանություններ կկազմակերպի, մանավանդ որ՝ նման սպառնալիքներ եղել են: Մենք այս տարածաշրջանում բավականին շահեկան դիրքում ենք, կարող ենք օգտագործել այն հանգամանքը, որ հայերը սփռված են ամենուրեք ու ինֆորմացիոն դաշտով Թուրքիայի վերջը տանք: Թուրքիայից 16 պետություն կարող ենք ստեղծել, որովհետեւ այնտեղ, բացի թուրքերից, ապրում են քրդեր, եզդիներ, պարսիկներ, հրեաներ, համշենահայեր, հույներ եւ այլն, մեզանում նման խնդիր չկա, ազգային փոքրամասնությունները շատ չեն, այնպես որ՝ հեշտ է Թուրքիան քայքայելը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել