Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒՍԸ՝ ՍՈՖԻԱՅՈՒՄ

Հունիս 17,2010 00:00

Սոֆիայում մեկնարկած ծանրամարտի աշխարհի երիտասարդների 36-րդ եւ աղջիկների 16-րդ առաջնությունում երեկ երեկոյան պայքարի մեջ պետք է ներգրավվեր մեր հանրապետության առաջին մասնակիցը՝ 69 կգ քաշային Զորիկ Պողոսյանը: Նա մրցավայր մեկնել է մեր երիտասարդական հավաքականի գլխավոր մարզչի դերը ժամանակավորապես կատարող Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանի ուղեկցությամբ: Երկամարտում նախապես 310 կգ պատվիրած հայ ծանրորդը հանդես է գալու ուժեղների՝ «A» խմբում: 19-ամյա մարզիկից նախնական ակնկալիքներն այնքան էլ մեծ չեն: Թերեւս, նա առաջին հերթին փորձի մեդալ նվաճել հրում վարժությունում: Սակայն հանգամանքների հաջող ընթացքի դեպքում հնարավոր է, որ մեզ համար նաեւ հաճելի անակնկալներ էլ լինեն:
Մարզասերներին հիշեցնենք, որ այս քաշային կարգում պոկում վարժությունում (158 կգ) եւ երկամարտում (346 կգ) աշխարհի երիտասարդական ռեկորդները պատկանում են Տիգրան Մարտիրոսյանին, որոնք նա սահմանել է դեռ 2008 թվականին՝ Լիգնանոյում:
«Առավոտն» իր ընթերցողներին տեղյակ է պահել, որ աշխարհի երիտասարդների այս առաջնությանը Հայաստանը մասնակցելու է միայն տղաների պայքարում, եւ մրցահարթակ մտնելու են ընդամենը երկու ծանրորդներ: Մեր երկրորդ մասնակիցը՝ գերծանր (+105կգ) քաշային Ռուբեն Ալեքսանյանը, դեռ Հայաստանում է նախապատրաստվում հունիսի 20-ին նշանակված իր մեկնարկին: Նա հանրապետության ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանի հետ մրցավայր է մեկնելու վաղը: Աշխարհի երիտասարդական առաջնության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ուժեղների խումբ ընդգրկված 12 մասնակիցներից նախնական ամենածանր կիլոգրամները (երկամարտում՝ 400 կգ) պատվիրել է հայ ծանրորդը, որը ոսկե մեդալների ամենահավանական հավակնորդն է Սոֆիայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել