Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական մունդիալը

Հունիս 17,2010 00:00

Ըստ «Nielsen» կազմակերպության 55 երկրներում անցկացրած հետազոտության, որին 27 հազար մարդ է մասնակցել, երկրագնդի բնակչության 51%-ը հետեւելու է հունիսի 11-ին մեկնարկած ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:

Մունդիալի առաջին խաղային օրերն արդեն անցյալում են, ու կարելի է փաստել, որ ՀԱՀ-ի խաղադաշտերում ակնկալելի լարված պայքարը դեռ չի ընթանում: Փոխարենը, լարված է ոստիկանության աշխատանքը: Վերջին օրերին իրար են հաջորդում աղմկալի կողոպուտները: Նախ, մինչ աշխարհի գավաթի խաղարկության պաշտոնական մեկնարկը՝ կողոպտվել էին պորտուգալացի, իսպանացի ու չինացի լրագրողները: Չինացի լրագրողները ենթարկվել էին զինված հարձակման, որի արդյունքում զրկվել էին իրենց ողջ գումարից ու լուսանկարչական խցիկից: Իսպանացի լրագրողներին կողոպտել էին հենց իրենց հյուրանոցային համարում, ընդ որում, այն ժամանակ, երբ «Marca»-ի ու «Expresso»-ի թղթակիցները քնած են եղել: Իսկ Պորտուգալիայի «Global Noticias»-ի լրագրողը պատմել է, որ ավազակները իր վրա են ուղղել ատրճանակը ու հաշված րոպեների ընթացքում վերցրել իրերը: Լրագրողների մոտից հափշտակվել են ոչ միայն փողերը, այլեւ անձնագրերը, նոթբուքերը, բջջային հեռախոսները, լուսանկարչական խցիկները ու առաջնությունը լուսաբանելու հավատարմագրման քարտերը: Յոհաննեսբուրգի սուպերմարկետներից մեկում կողոպուտի է ենթարկվել նաեւ SBS հեռուստաընկերության լրագրողը: Ռուստենբուրգում, կրկին հյուրանոցային համարում, նույն ճակատագրին են արժանացել նաեւ նորզելանդական «One news» հեռուստաընկերության լրագրողները: Կողոպուտը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ լրագրողները գտնվել են ռեստորանում: Կողոպտիչները հյուրանոցային համարից տարել են տեսախցիկը, ձայնային եւ լուսային սարքավորումները, արբանյակային ալեհավաքն ու նոթբուքը: Գողացված գույքի ընդհանուր արժեքը կազմել է մոտ $70 հազար:
Հարավաֆրիկյան ավազակների գործունեությունից տուժել են ոչ միայն լրագրողները, այլ նաեւ՝ ֆուտբոլիստները: Այսպես, Դուրբանի «Beverly Hills Hotel»-ում հանգրվանած Հունաստանի հավաքականի ֆուտբոլիստներից երեքը կողոպուտի արդյունքում զրկվեցին 1,6 հազար եվրո գումարից: Յոհաննեսբուրգի «Hyde Park Southern Sun» հինգաստղանի հյուրանոցում կողոպտվել են Կոլումբիայի ընտրանու ֆուտբոլիստները: Ընդ որում, ինչպես հետագայում պարզվել է, գողությունը կատարել էին հյուրանոցի երկու աշխատակիցներ: Մեկ այլ հինգաստղանի հյուրանոցում հարձակման էր ենթարկվել Պարագվայի հավաքականը՝ զրկվելով մոտ $110 հազարից: Իսկ ահա Ուրուգվայի ընտրանու ֆուտբոլիստները կողոպտվել էին հենց խաղի ժամանակ: Հունիսի 12-ին կայացած Ուրուգվայ-Ֆրանսիա հանդիպման ընթացքում կողոպտիչները ներխուժել էին ուրուգվայցիների հյուրանոցային սենյակ ու կոտրել հրակայուն արկղը՝ տանելով մոտ $4 հազար:
Ի դեպ, նախորդ տարի ՀԱՀ-ում կայացած Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության ժամանակ կողոպտվել էր Եգիպտոսի հավաքականը: Ինչպես երեւում է, հարավաֆրիկյան ոստիկանությունը անհրաժեշտ դասեր չի քաղել 2009 թվականի իրադարձություններից: Կողոպուտները հաջորդում են մեկը մյուսին, մինչդեռ առաջնությունը նոր-նոր է մեկնարկել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել