Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հունիս 17,2010 00:00

\"\"Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրը բազմաթիվ անակնկալներ մատուցեց: Նախորդ տուրում անդրանիկ ոչ-ոքին վաստակած «Կիլիկիան» առաջին արտագնա հաղթանակը տոնեց՝ 3:2 հաշվով առավելության հասնելով «Իմպուլսի» նկատմամբ, եւ միավորներով հավասարվեց դիլիջանցիներին: «Իմպուլսին» չօգնեց անգամ գլխավոր մարզչի փոփոխությունը: Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ առաջին խաղում թիմը չորրորդ անընդմեջ պարտությունը գրանցեց բարձրագույն խմբի առաջնությունում:
Չորս անհաղթանակ խաղերի շարքը վերջապես ընդհատեց «Միկան»՝ 6:1 հաշվով պարտության մատնելով «Շիրակին»: Գյումրեցիներն այսպիսով ավելի ամրապնդեցին իրենց դիրքերը մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում, իսկ Արմեն Ադամյանի թիմը վերջապես հագեցրեց իր գոլային քաղցը: «Միկայի» այս հաղթանակը համընկավ վնասվածքից հետո Բոտի Դեմելի վերադարձին: Ի դեպ, «Միկայում» կատարվող փոփոխությունները շարունակվում են: Արդեն իսկ տրանսֆերի են հանվել Աղվան Մկրտչյանն ու թիմի արդեն նախկին ավագ Ալեքսանդր Թադեւոսյանը: Նման որոշման պատճառը, ըստ թիմի գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանի, ֆուտբոլիստների անհաջող խաղն է. «Փաստերն են վկայում, որ նրանք հաջող չէին խաղում: Խոսքը զուտ մարզական կողմի եւ նրանց անհաջող խաղի մասին է: Թադեւոսյանն ու Մկրտչյանը պրոֆեսիոնալներ են, ու մարզական ռեժիմի խախտման կամ նման այլ բաների մասին խոսք գնալ չի կարող»:
Փոփոխություններ են սպասվում նաեւ «Փյունիկում»: Չեմպիոնը նիգերիական համալրում է սպասում Չեմպիոնների լիգայի ընտրական մրցաշարի մեկնարկից առաջ: Հինգ նիգերիացի ֆուտբոլիստներ փորձաշրջան կանցնեն «Փյունիկում»՝ թիմն ուժեղացնելու նպատակով: Իսկ մինչ այդ, Հայաստանի առաջնության 11-րդ տուրում չեմպիոնն իր առաջին պարտությունը կրեց ընթացիկ առաջնությունում: Երրորդ հորիզոնականում ընթացող «Ուլիսը» 3:1 հաշվով պարտության մատնեց Վարդան Մինասյանի թիմին՝ արդեն հանդիպման 2-րդ րոպեին բացելով խաղի հաշիվը: Իսկ փյունիկցիներն իրենց միակ գնդակը խփեցին 11-մետրանոց հարվածով: «Փյունիկի» այս ձախողումը թույլ տվեց մինչ 11-րդ տուրը երկրորդ հորիզոնականում ընթացող «Բանանցին» միավորներով հավասարվել իրեն՝ «Գանձասարի» նկատմամբ տոնած 3:0 խոշոր հաշվով հաղթանակից հետո:
Մրցաշարային աղյուսակում տիրող երկիշխանությունը արդեն հաջորդ տուրում կարող է վերածվել մենիշխանության: Հունիսի 20-ին միմյանց հետ կմրցեն «Բանանցն» ու «Փյունիկը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել